Ինչպիսին է էներգետիկ համակարգի վիճակի ախտորոշումը. ԱԺ-ում քննարկվում է «Ելքի» հարցապնդումը
Ազգային ժողովն այսօր քննարկում է «Ելք» խմբակցության հարցապնդումը, որի պատասխանը ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Նա նշեց, որ հարցապնդման հիմնական առանցքը «Հայաստանի էլեկտրացանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների վերջին 10 տարվա գործունեությանն էր վերաբերում, և նախարարությունը ներկայացրել է տեղեկատվություն այդ ժամանակամիջոցում «Գազպրոմ Արմենիայի» գնած գազի ծավալների, տեխնիկական կորուստների, Իրանից բնական գազի ներկրման, շահագործման, սպասարկման և այլ ծախսերի, աշխատողների քանակի, միջին աշխատավարձերի, պարգևավճարների տարեկան ֆոնդի, հասույթի մասին, և այլն: Նախարարի խոսքով` նույնատիպ հարցերի պատասխանները տրված են նաև «Հայաստանի էլեկտրացանցերի» վերաբերյալ:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով` իրենց հարցապնդման նպատակն էներգետիկ համակարգի վիճակի ախտորոշումն է, քանի որ 2-3 տարի առաջ ԱԺ նույն դահլիճում ահազանգ էր հնչում, որ համակարգը կոլապսի եզրին է, կայացվեցին որոշումներ, որոնք պետք է լինեին ժամանակավոր, բայց այժմ տեսնում ենք, որ դրանք դառնում են մշտական:
Ա.Մանուկյանը ներկայացրեց էներգետիկ համակարգի ներկա վիճակը. իրականացվում է ՀՀ համար աննախադեպ ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կյանքի տևողության երկարացումը ևս 10 տարով, որի արդյունքում միջուկային էներեգիայի արտադրությունը կավելանա 10%-ով և ներքին սպառման համակարգում տեսակարար կշիռը կկազմի 40%:
Ն.Փաշինյանը հարցրեց` ինչպե՞ս է, որ ՀՀ կառավարությունը պարծենում է, որ մեր երկիրն ամենագազիֆիկացվածներից մեկն է, իսկ Առողջապահության նախարարության այլ առիթով գրած զեկույցում գրված է, որ ՀՀ գյուղական բնակչության 72.2% տները ջեռուցում են վառելափայտով: Փաշինյանը նաև հետաքրքրվեց 2008 թ. հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանի խոստման ճակատագրով, որ Հայաստանն առաջիկա ամիսներին սկսում է նոր ԱԷԿ-ի շինարարությունը:
Ա.Մանուկյանի խոսքով՝ գազիֆիկացումն ու գազի օգտագործումը տնային տնտեսությունների կողմից տարբեր բաներ են, յուրաքանչյուր ոք ինքն է որոշում՝ ինչպես ջեռուցել բնակարանը: Նոր ԱԷԿ-ի վերաբերյալ նախարարը կրկնեց բազմիցս արված հայտարարությունը, թե ՀԱԷԿ-ն ի զորու է շարունակել աշխատանքը որոշակի արդիկանացման աշխատանքներ կատարելուց հետո: Այս պայմաններում նոր էներգաբլոկի կառուցումը, ըստ Ա.Մանուկյանի, զարգացող տեխնոլոգիաների պայմաններում, նպատակահարմար չէ, ավելի ճիշտ է շահագործել ՀԱԷԿ-ը:
«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի դիմաց վճարում չի իրականացվել վերականգնվող էներգետիկայի ընկերություններին, ինչո՞ւ նման ՀԷՑ-ը ՎԷ ընկերություններից ձեռք չի բերել էլեկտրաէներգիա:
Նախարարը նշեց, որ ներքին սպառման էլեկտրաէներգիայի տեսակարար կշռում 33% կամ 2.2 մլրդ դոլար կազմում է ՎԷ-ն, և դրա դիմաց վճարում չկատարելը բացառված է. «Ես, ճիշտն ասած, հարցը չեմ հասկանում ձեր»:
Մ.Թանդիլյանը կրկնեց, որ նախարարության տրամադրած տեղեկանքում ՎԷ ընկերություններին ոչ մի վճարում կատարված չէ:
Ա.Մանուկյանը ճշտեց` գուցե դա առանց հիդրոռեսուրսների է, և ստանալով պատասխան, որ խոսքն արևային ու հողմային կայանների մասին է, պատասխանեց. «Մինչև 2016 թ. ավարտը այլընտրանքային էներգիան մեր ներքին սպառման համակարգում կազմում էր մինչև 1%: Մենք ունենք 2 արևային հողմային կայաններ: Միայն 2016թ. վերջին ընդունվեց այլընտրանքային էներգիայի զարգացման մասին ռազմավարությունը, այսօր արդեն տրամադրված են 11 լիցենզիաներ մինչև 1 ՄգՎտ հզորությամբ արևային կայանների կառուցման վերաբերյալ, արդեն կառուցված են 3-ը, 8-ը գտնվում են կառուցման փուլում»: Նախարարը նշեց, որ այսօր հիմնական խնդիրն արևային էներգիայի կուտակման հարցն է, որի շուրջ աշխատում են, և արևային էներգիայի համար թիրախը ներքին սպառման մեջ կլինի 18%, իսկ գազային կայաններից կձգտեն հրաժարվել:
«Ելքի» քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ չի տրամադրվել առավելագույն և նվազագույն աշխատավարձի չափը:
Նախարարը պարզաբանեց, որ աշխատավարձերի մասին տեղեկատվությունն իրենք ստանում են այն տեսքով, ինչ ներկայացրել են պատգամավորներին, և ընկերություններն ունեն առևտրային գաղտնիքի իրավունք, ու Գորգիսյանի մատնանշած հարցերը հենց այդ գաղտնիքի տակ են դասվում: