Սփյուռքի նախարարությունը տեսաժողով է անցկացրել Ուլյանովսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ սփյուռքի նախարարությունում մարտի 20-ին ՀՀ տեղի է ունեցել տեսաժողով Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ԱՊՀ հայ համայնքների վարչության աշխատակիցներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ուլյանովսկից տեսակապին մասնակցում էին ՌՀՄ Ուլյանովսկի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արսեն Աբրահամյանը, մշակութային հարցերով տեղակալ Աիդա Բաբայանը, երիտասարդության և սպորտի հարցերով պատասխանատու Հակոբ Միրզոյանը, առողջապահության ոլորտի պատասխանատու Սուրեն Աղեկյանը, ուսումնական մասի պատասխանատու Սոնա Սահակյանը, արտաքին հարաբերությունների ոլորտի պատասխանատու Սասուն Սահակյանը, գործարար Ռոման Մուսայելյանը:
Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ուրախ եմ ձեզ միասին, համախբված տեսնել: Շնորհակալ եմ, որ փորձում եք համայնքը հայ պահել, վերանորոգել եք եկեղեցին, շուտով կվերաբացվի դպրոցը: Մեր խնդիրը ամեն երիտասարդի հայ պահելն է: Ամեն հայ պետք է տեսնի իր Հայրենիքը: Դա երիտասարդներին հայ պահելու ամենաարդյունավետ միջոցն է: Պետք է հայկական միջավայր ստեղծենք, հայերեն խոսենք, խրախուսենք հայկական երգն ու պարը: Պարի միջոցով արթնանում է երեխայի ինքնությունը: Ուզում եմ, որ լինելով ձեր բնակության երկրի օրինապաշտ քաղաքացի, շարունակեք հավատարիմ մնալ հայ արմատին: Եկե՛ք Հայաստան, ներդրումնե՛ր արեք, աշխատատեղե՛ր ստեղծեք, շահո՛ւյթ ստացեք: Բոլորիդ հրավիրում եմ Հայաստան, բարով գաք»:
Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը ներկայացրեց նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց», «Արի տուն» ծրագրերը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը և համահայկական մրցանակաբաշխությունը, Երիտասարդների համահայկական ֆորումը, հորդորեց համայնքի ակտիվ մասնակցությունը այդ ծրագրերին ու նախաձեռնություններին:
ՌՀՄ Ուլյանովսկի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արսեն Աբրահամյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը՝ տեսաժողովը կազմակերպելու համար: «Վստահ ենք, որ այս համատեղ քննարկումը շատ շուտով իր արդյունքները պիտի տա, կապը Հայրենիքի հետ ավելի կսերտանա: Սիրով ընդունում ենք Երիտասարդական ֆորումին, «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերին մասնակցելու ձեր հրավերը: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել համայնքի «Վան» պարի համույթը»:
Համայնքի պատասխանատուները խոսեցին նաև երիտասարդների կրթական, մարզական, մշակութային հաջողությունների մասին, ներկայացրին խնդիրները»: