«Գևորգ Կոստանյանն ասում է, թե դա բացարձակապես աբսուրդ է, բայց սա իր պատասխանն է». Էդմոն Մարուքյան
Այսօր Ազգային ժողովի միջանցքում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանին հարցրեց՝ ինչպե՞ս է, որ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ կառավարությունը պատասխանել է, որ Մարտի 1-ի օպերացիայի արդյունքում 2-րդ հոդվածի հարց չի կարող բարձրացվել, և այդ փաստաթուղթը ստորագրել է այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Վերջինս պատասխանեց, թե Մարուքյանը փաստաթղթի առաջին ու վերջին էջն է համադրում, ինչը սխալ է:
«Պարոն Մարուքյան ջան, կառավարության պատասխանի առաջին էջը ու վերջին էջը դնել համադրելն աբսուրդ ա»,- ասաց Կոստանյանը:
Է.Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 9 զոհերի գործով ՄԻԵԴ-ը հարց է բարձրացրել Ոստիկանության գործողությունների և դրա արդյունքում սպանությունների հետ կապված, և Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է, որ Ոստիկանության գործողությունները եղել են օրինական, իրավաչափ, բացարձակապես անհրաժեշտ, և ասում է, որ այդ օպերացիայի արդյունքում 2-րդ հոդվածի հարց չի կարող բարձրացվել, իսկ դա նշանակում է, որ կյանքի իրավունքի հարց չի կարող բարձրացվել:
«Զոհերի հարազատները կյանքի իրավունքի հարց են բարձրացրել: Իսկ ՀՀ-ն ասում է, որ բացարձակապես անհրաժեշտություն է եղել Մարտի 1-ի օպերացիան, որի արդյունքում մարդիկ կյանքից զրկվել են, և դա նույնպես բացարձակ անհրաժեշտություն է եղել»,- ասաց Է.Մարուքյանը` հավելելով, որ «Ելքը» հայտարարում է, որ, եթե իշխանությունը ՄԻԵԴ-ում դա ընդունել է, իսկ այժմ այստեղ ասում է` քննություն է գնում, թող ավարտվի, կպարզվի:
«Ինքն ասում է, թե դա բացարձակապես աբսուրդ է, բայց սա իր պատասխանն է: Մենք փաստերով ենք խոսում, դա փաստ է»,- նշեց Մարուքյանը: