ՌԴ-նում վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում մարտի 20-ին՝ ժամը 9։00-9։30-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար։
308 AF 68 պետհամարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը բախվել է բեռնատարին։
Ավտոբուսը պատկանում է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը, որը սպասարկում է Երևան-Տվեր ուղղությունը:
Ավտոբուսում եղել է 48 ուղևոր և 2 վարորդ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները պարբերաբար կապի մեջ են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և ՌԴ տրանսպորտի նախարարության համապատասխան ներկայացուցիչների հետ։
Նրանց հաղորդմամբ՝ վիրավորներին ստացել են առաջին բուժօգնություն։
Վթարի հետևանքով կա 2 զոհ, որից մեկը բեռնատարի վարորդն է։
Չտուժած ուղևորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոցում:
Վթարի պատճառներն ու մյուս մանրամասները ճշտվում են։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։