«Եթե հայերն ու ադրբեջանցիները դա չեն ցանկանում, Մինսկի խումբը ոչինչ անել չի կարող»
«Հայաստանի վարչապետն արդեն լինելու է պետության գլուխը, նա նույնպես ընտրվելու է խորհրդարանի կողմից, և, ամենայն հավանականությամբ, վարչապետը կլինի Սերժ Սարգսյանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ անձերը կարևոր չեն, ավելի կարևոր է համակարգը. «Նոր համակարգը միանգամից լուրջ փոփոխություններ չի բերի, գուցե ընդհանրապես փոփոխություններ չբերի, բայց ընդհանուր առմամբ, հավանականությունը, որ նոր կառավարման համակարգը նոր կոնֆիգուրացիաներ կստեղծի իշխանության մեջ, կա։ Աշնանը կսկսվի ռեալ քաղաքական կյանքը, և կտեսնենք, թե դա ինչպես կլինի»։
Անդրադառնալով Արցախի հիմնահարցին և ԵԱՀԿ ՄԽ աշխատանքին, քաղաքագետն ասաց, որ ՄԽ-ի աշխատանքի իմաստն այն չէ, որ միայն սեփական ցանկությունները բավարարեն. «ՄԽ-ն 3 դիվանագետներից է բաղկացած, որոնք նշանակվել են իրենց երկրների կողմից՝ որոշակի հանձնարարություն կատարելու համար։ ՄԽ-ն չունի հնարավորություն՝ հայերի և ադրբեջանցիների փոխարեն կարգավորել կոնֆլիկտը։ Եթե հայերն ու ադրբեջանցիները դա չեն ցանկանում, ՄԽ-ն ոչինչ անել չի կարող։ Եթե լիներ ընդհանուր տաբերակ, որին կողմերը կարող էին գալ, ապա ՄԽ-ն կկարողանար օգնել»։
Իսկանդարյանի խոսքով՝ Մինսկի խումբն ունի 3 առաջադրանք. «Առաջին՝ show must go on. համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այն կոնֆլիկտները, որոնց մասնակից երկրները ունեն որոշակի հարաբերություններ, ավելի հեշտ են կարգավորվում։ Հայ և ադրբեջանցի պաշտոնյաները կարող են ավելի հաճախ հանդիպել, փոխանակվել մտքերով, դա ինքնին արժեք է։ Երկրորդ՝ Մինսկի ձևաչափը կոնֆլիկտի միջազգայնացման ձևաչափ է։ Գործընթացը միջազգային ենթատեքստ է ստանում։ Եվ երրորդ՝ Մինսկի խումբը ստատուս-քվոյի պահպանման ձևաչափ է, և եթե բանակցություններ են վարվում, դա նշանակում է, որ ստատուս-քվոն պետք է, որպեսզի այդ բանակցությունները շարունակվեն»։
Մինսկի խումբը, ըստ Իսկանդարյանի՝ կշարունակի գործել, քանի որ այն ոչնչով չենք կարող փոխարինել. «Ասել, թե Մինսկի խումբը ոչ մի օգուտ չի բերում, ուղղակի գործում է ինքն իր համար, սխալ է։ Ադրբեջանը կարճաժամկետ կտրվածքում չի համաձայնի կոնֆլիկտի կարգավորման, իսկ առանց Ադրբեջանի՝ դա անհնար է կարգավորել»։