Բաժիններ՝

«Ну, Давид, давай, я позирую». Լեոնիդ Եբգիբարյան. Լուսանկարների պատմություն

Օպերատոր Դավիթ Ներսիսյանը «168 Ժամին» պատմել է կրկեսի հայ դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի՝ իր կողմից արված երկու լուսանկարների պատմությունը:

Մեզ հետ զրույցում պարոն Ներսիսյանը նկատում է՝ երկար տարիներ իր կողմից արված լուսանկարները հրապարակվել են հանրապետական և միութենական մամուլում, սակայն մշտապես՝ առանց հեղինակի մակագրության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պարտադրված է եղել: Դավիթ Ներսիսյանը նկատում է՝ իր անունից խոսել առանձնապես չի սիրում, սակայն հիշում է՝ արվեստի մեծանուն գործիչների հետ շփվելու առիթներ շատ է ունեցել, հիշողություններ շատ ունի և հաճույքով կկիսվի, եթե դրանք հրապարակելու համար հարմար ձևաչափ ընտրվի.

«Ինչ վերաբերում է Լեոնիդի լուսանկարներին, ապա արտառոց ոչինչ չկա: 1970 թվականն էր: «Հայֆիմ» կինոստուդիայում սկսվել էին «2 Լեոնիդ 2» ֆիլմի նկարահանումները, որտեղ ես աշխատում էի՝ որպես երկրորդ օպերատոր: 1957 թվականից սկսած լուսանկարչական ապարատը գիշեր-ցերեկ իմ անբաժան ընկերն է եղել, ինչն անգամ ծիծաղի առիթ էր տալիս ընկերներիս՝ գիշերով հանկարծակի կբռնացնեին ինձ ու կհարցնեին՝ ապարատը մո՞տդ է: Ես էլ արձակում էի պիջակիս կոճակները, իսկ այնտեղ, թևիս տակ, մշտապես կախված էր ֆոտոխցիկս: Լեոնիդը շատ էր սիրում լուսանկարվել և կինոնկարահանումների ընդմիջումներին ինձ «շահագործելու» առիթը բաց չէր թողնում:

Հիշում եմ, ասում էր՝ «Ну, Давид, давай, я позирую» և սկսում էր ամեն տեսակի դիրքեր ընդունելով՝ ծամածռություններ անել, և այդպես՝ համարյա ամեն օր, մինչև ֆիլմի նկարահանումների ավարտը: Չի կարելի ասել, որ բոլոր կադրերս հաջող էին ստացվում, բայց այն լուսանկարները, որոնք նրան դուր էին գալիս, տպում էի 5, 10, 20 օրինակով:

Կարդացեք նաև

Մեր նկարահանումները՝ հեծանվորդների տեսարանները, սկսվեցին Մոսկվայի մերձակայքում՝ Խիմկիի կողմերում «натурные съемки» էին: Երկու օր նկարահանելուց հետո անցանք տաղավարային նկարահանումների: Դեկորացիաները, որոնք իրենցից ներկայացնում էին երեք հսկայական արենաներ, կառուցվել էին «Մոսֆիլմի» առաջին տաղավարի ցոկոլային հարկում:

Ենգիբարյանի շլյապայով նկարը նկարել եմ «Մոսֆիլմի» տարածքում տեղադրված ինչ-որ պատմական ֆիլմի դեկորների ֆոնին: Նկարահանված ողջ ժապավենից (36 կադրից) ընտրեցինք այդ մեկը, որից հետագայում մոտ 20 օրինակ իրեն նվիրեցի: Մոսկվայի նկարահանումներն ավարտելուց հետո վերադարձանք Երևան:

Նկարահանումները շարունակեցինք այն ժամանակ դեռ նոր շահագործման հանձնված Ծաղկաձորի «Օլիմպիական» ավանում: Երկրորդ լուսանկարը (ձեռքերով) կատարվել է Ավանի սրճարան-բարում, կրկին նկարահանումների ընդմիջման ժամանակ: Նկարահանել էի մի ամբողջ սերիա, որից ընտրվեց հենց այդ մեկը:

Ի դեպ՝ այդ թվականներին «Օլիմպիական» ավանի սրճարան-բարը շատ պոպուլյար էր: Երեկոյան այնտեղ էր հավաքվում Երևանի «ոսկե երիտասարդությունը»: Դժվարությամբ այնտեղ հայտնվելը մեծ պատիվ էր համարվում, և որպես կանոն՝ դա պատահում էր միայն ծանոթ-բարեկամի միջնորդությամբ: Սրճարան-բարում արված լուսանկարը Լեոնիդի ամենասիրած լուսանկարն էր:

Նա ինձ խնդրեց, որ այդ լուսանկարը բազմացնեմ 200 օրինակով, 18×24 սմ չափի, հետագայում իր մասին տպագրվող նյութերում տեղադրելու համար: Ֆիլմի նկարահանումների ավարտից հետո Լեոնիդի հետ հանդիպել եմ 10-12 անգամ, երբ նա էր գալիս Երևան, կամ երբ ես էի մեկնում Մոսկվա: Ինչպես միշտ, մեր ամեն հանդիպմանը ֆոտոսեսիան պարտադիր էր. «Давид, ты готов?-Всегда готов!» բանաձևով:

Մեր վերջին հանդիպումը եղավ Մոսկվայում, իմ գործուղման ընթացքում, Լեոնիդի մահից չորս օր առաջ: Այդ հանդիպման ժամանակ նա ինձ պատմեց, որ շուտով վաճառքի է հանվելու իր վերահրատարակված «Последний раунд» գիրքը, որի սուպերշապիկը լինելու է իմ արած լուսանկարը:

Հիշում եմ՝ երկար-բարակ զրուցեցինք, բայց դա միակ անգամն էր, որ ֆոտոսեսիայի համար ժամանակ, գուցեև՝ տրամադրություն, չեղավ: Հրաժեշտին Լեոնիդն ինձ հանձնեց իր շուտով կայանալիք պրեմիերայի հրավիրատոմսերը:

Ի դեպ, «Цветной бульвар»-ի կրկեսի պատին փակցված էր պրեմիերայի մեծ պաստառ-աֆիշը՝ իմ արած, Լեոնիդի կողմից ամենասիրված լուսանկարով:

Լեոնիդի մահվան լուրը լսեցի արդեն Երևանում՝ Մոսկվայի ինքնաթիռից իջնելիս: Մի քանի օր անց «Советская Культура» թերթում լույս տեսավ Լեոնիդ Ենգիբարյանի ընդարձակ մահախոսականը՝ իմ արած լուսանկարով: Նկարահանումների խիստ գրաֆիկի պատճառով չկարողացա մեկնել Մոսկվա՝ թաղմանը մասնակցելու, որի համար մինչև օրս շատ եմ ցավում:

Ի դեպ՝ Լեոնիդ Ենգիբարյանի այդ թվականներին արված բոլոր լուսանկարների նեգատիվները (բացառությամբ՝ այս և մի քանիսի), գտնվում են Լեոնիդի եղբոր՝ մեծատաղանդ թատերական գործիչ և ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի անձնական արխիվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս