Նոր Պուտինը. Ինչ սպասել Հայաստանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահի ընտրության արդյունքը հայտնի է, եւ այն, ըստ էության, հայտնի էր նույնիսկ ընտրությունից առաջ, պարզապես ինտրիգն այն էր, թե քանի տոկոս է գրանցվելու ՌԴ նախագահ Պուտինի անվան դիմաց: Այդ տոկոսը ներկայումս գրեթե 80 է, ինչը նշանակում է, որ Պուտինը գերազանցել է 2012-ի իր ցուցանիշը:

Սա ամենեւին պատահական հանգամանք չէ՝ հենց 2012-ի համեմատությամբ, որովհետեւ դա նրա վերադարձի տարին էր, որը Ռուսաստանում ամենեւին անհարթ չանցավ: 2011 թվականի Պետդումայի ընտրությունից հետո Ռուսաստանում տեղի ունեցան մի քանի խոշոր հանրահավաքներ, ծավալվում էր շարժում «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի դեմ:

Պուտինը վերադառնում էր ահա այդ ֆոնին, եւ շատ փորձագետներ Պետդումայի ընտրությունից հետո ծավալվող այդ շարժման հետեւում տեսնում էին իշխանության որոշ թեւերի աջակցությունը՝ Պուտինի վերադարձի վրա ազդելու, այն թույլ չտալու, Մեդվեդեւին պահելու համար:

Բանն այն է, որ Ռուսաստանի իսթեբլիշմենթում շահերի բախումն ու պայքարը ըստ էության ավելի են խորացել այս տարիների ընթացքում, ստացել են ավելի թեժ բնույթ, ինչը արտահայտվել է նույնիսկ կապիտալի վերադասավորման եւ վերաբաշխման կոշտ գործընթացներով:

Այդ ամենի կատալիզատորի դեր են խաղացել աշխարհաքաղաքական դիմակայությունն ու ՌԴ հանդեպ պատժամիջոցները, Պուտինի հետ անմիջական առնչություն ունեցող շրջանակների հանդեպ պատժամիջոցները, տնտեսական կորուստները, ռեսուրսների սղությունը: Այս իրավիճակում, սակայն, Պուտինը հավաքում է ավելի շատ ձայն, մոտ 80 տոկոս:

Ի՞նչ է դա, Պուտինի հաղթանակը իսթեբլիշմենթի նկատմամբ եւ նրա գերիշխանության հաստատո՞ւմը տարբեր թեւերի վրա, թե՞ լրիվ հակառակը՝ այդ թեւերն են կոնսենսուսի եկել Պուտինի թեկնածության հարցում, եւ այդ իսկ պատճառով այս անգամ Պուտինի ցուցանիշը շատ ավելի բարձր է, որովհետեւ բոլորն են աշխատել նրա օգտին:

Այս հարցերը իսկապես հետաքրքիր են՝ նկատի ունենալով այն, որ ՌԴ նախագահի ընտրության ըստ էության գլխավոր ինտրիգն այն է, թե ինչպիսին է լինելու պուտինյան այս Ռուսաստանը:

Մի բան է, երբ Պուտինն է իր գերիշխանությունը հաստատել իշխանության բոլոր թեւերի նկատմամբ եւ առավել մեծ հանրային լեգիտիմությամբ ճնշել նրանց, մեկ այլ բան է, երբ նրանք են պարզապես համաձայնության եկել Պուտինի ավելի մեծ լեգիտիմության հարցում, որովհետեւ դա նշանակելու է, որ Պուտինն իրականում ՌԴ այլեւս լեգիտիմ նախագահ չէ, այլ իշխանության եւ կապիտալի կրող խոշոր թեւերի գործակատար, որին կհեռացնեն ցանկացած պահի:

Անկասկած է, որ այս խնդիրները հայաստանյան դիտանկյունից հետաքրքիր են Հայաստանի վրա ռուսական ազդեցության շոշափելի ծավալների պատճառով, թեեւ ամեն ինչից զատ՝ Ռուսաստանը տարածաշրջանային խոշոր խաղացող է, եւ ամեն դեպքում հույժ կարեւոր է, թե այդ խաղացողը ինչ է իրենից ներկայացնում, եւ ինչ է հնարավոր սպասել, ու ամենակարեւորը՝ ումից է հատկապես պետք սպասել որեւէ բան՝ Պուտինի՞ց, թե՞, օրինակ, «Գազպրոմ»-ից կամ «Ռոսնեւտ»-ից, կամ ռուսական տնտեսական, ռազմարդյունաբերական որեւէ շրջանակից:

Թվում է, թե 80 տոկոսանոց Պուտինը նշանակում է առավել հնչեղ պատասխան Արեւմուտքին, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը կշարունակի կոշտ դիմակայությունը: Մյուս կողմից, սակայն, նաեւ այստեղ է հարցը, թե ինչ է իրենից ներկայացնում այդ 80 տոկոսը, եւ Պուտինը, այսբերգի տեսանելի մասը լինելով, ի՞նչ կա այսբերգի անտեսանելի մասում, եւ արդյո՞ք Պուտինի առերեւույթ կոշտ գծով հանդերձ՝ այսբերգի անտեսանելի մասում տեղի չեն ունենա առավել դյուրահալ գործընթացներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս