«Գյուլբենկյանինը պետական շենք է, չեմ կարող ասել` կլինի՞, թե՞ ոչ». Մեսրոպ Բզնունի
168.am-ն անդրադարձել էր Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայի շուրջ ստեղծված իրավիճակին: Նշել էինք, որ որոշակի հանգամանքներից ելնելով՝ հնարավոր է՝ պոլիկլինիկան այլ տարածք տեղափոխվի:
168.am-ը Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունուց հետաքրքրվել է, թե ի՞նչ պատճառով է ծագել Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայի տեղափոխման հարցը:
«Երբ ես նոր էի վարչության պետ նշանակվել, 10-15 օր հետո առաջին պոլիկլինիկայի կոլեկտիվը լրատվությանն հրավիրել էր՝ նշելով, որ մեր շենքային պայմաններն անբավարար են: Մենք այդ ժամանակվանից փորձել ենք իրենց շենքային պայմանների բարելավման մի քանի տարբերակներ մշակել: Մեկը տվյալ շենքում՝ փորձել ենք ֆինանսներ ներդնել, մյուսը՝ նոր շենք գտնել, և երրորդը՝ ընդհանրապես սկսել զրոյից նոր շենք կառուցել: Սուղ ֆինանսական միջոցներից ելնելով՝ զրոյից կառուցելը բացառված է, մնում է տարբերակներից երկուսը՝ կամ նոր շենքային պայմաններ ապահովել նոր շենքում, կամ տվյալ շենքի վիճակի բարելավումը:
Առաջին պոլիկլինիկայի կողմից զբաղեցրած շենքի բարելավումը գրեթե բացառվում է: Եթե դա քաղաքապետարանի ունեցվածքն է, և պետությանն ասես, թե՝ քաղաքապետարանի գույքը բարելավի, որ քաղաքապետարանին վարձ տրվի, կասեն՝ թող քաղաքապետարանն իր գույքը բարելավի, որ վարձով տա: Այդ խոսակցությունները մարեցին, սակայն, քանի որ 2018 թվականին Գյումրու քաղաքապետարանը սկսելու էր «Կումայրի» պատմամշակութային կենտրոնի վերանորոգման աշխատանքները, քաղաքապետարանից տեղյակ էր պահվել, որ Շիրազի փողոցի վերականգնման հետ կապված մասնավոր ներդրողներին ներգրավելու համար նպատակահարմար է, որպեսզի առաջին պոլիկլինիկայի շենքն այլ շենքով փոխարինվի, որպեսզի որպես պատմամշակութային շենք՝ ինքը նորովի ներկայանա: Բայց այստեղ ոչ մի աժիոտաժային բան չկա, մինչև նոր շենք չգտնենք՝ այդ շենքը մնալու է՝ որպես առաջին պոլիկլինիկայի շենք»,- մեզ հետ զրույցում նշեց Մեսրոպ Բզնունին:
Վերջինս շեշտեց՝ կարևորն այն է, որ այն շենքը, որտեղ տեղափոխվելու է առաջին պոլիկլինիկան, իր անձնակազմով իր բնակչության սպասարկման տարածքում լինի:
168.am-ը Մեսրոպ Բզնունուց հետաքրքրվել է՝ արդյո՞ք առաջին պոլիկլինիկան հնարավոր է տեղափոխել դրա մոտ գտնվող նախկին Գյուլբենկյանի հիվանդանոցի շենք:
«Գյուլբենկյանինը պետական շենք է, ես չեմ կարող ասել, քանի որ ես չեմ որոշողը՝ կլինի, թե ոչ: Հակված եմ, որպեսզի առաջին պոլիկլինիկայի տնօրենին և կոլեկտիվին օգնեմ, որ նրանք ավելի բարվոք վիճակում աշխատեն և ավելի լավ ծառայություններ մատուցեն իրենց ազգաբնակչությանը: Իրենց 6-7 ամսվա պահանջը դա էր: Եթե իրենց պահանջը փոխվել է և ասում են՝ մենք այստեղից չենք գնում, ի սեր Աստծո, եթե տեղ չգտանք, այնտեղ էլ պետք է մնան, բայց եթե հաստատ լավ տեղ գտանք, պետք է կանչեմ ժողովրդին, ազգաբնակչությանն ու ասեմ՝ ժոողվուրդ ինչի՞ մասին է խոսքը, եթե ասում են՝ բողոքներ կա: Եթե մարդ լավ տեղ գնալուց, աշխատելուց, սպասարկվելուց բողոքում է, որ լավ տեղ չի ուզում գնալ, դա արդեն մտածելու տեղիք է տալիս»:
Վերջինիս խոսքով՝ այն շենքը, որտեղ պետք է տեղափոխվի առաջին պոլիկլինիկան, որոշակի ստանդարտների պետք է համապատասխանի, լիցենզավորվի, որից հետո նոր Շիրակի մարզպետը վերջնական որոշում կկայացնի.
«Նախարարությունը պատվեր է տվել, որպեսզի մենք ազգաբնակչությանը սպասարկենք, մենք էլ դա անում ենք, սակայն ցանկանում ենք ավելի լավ սպասարկել ազգաբնակչությանը»:
Մեր դիտարկմանը, թե Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ անհրաժեշտ է վերանորոգել պոլիկլինիկայի տանիքը և լոկալ ջեռուցման համակարգ անցկացնել, այդ կերպ լիովին հնարավոր է ապահովել պոլիկլինիկայի գործունեությունն իր զբաղեցրած տարածքում, Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունին նշեց.
«Մենակ ջեռուցումը չէ, թող պատուհաններն էլ փոխեն, միջհարկային ծածկի խնդիր էլ կա, բայց ո՞նց եք պատկերացնում, դուք մեջն եք և ռեմոնտ եք անում: Եթե որևէ անգամ ձեր բնակարանում վերանորոգում իրականացրել եք, կզգաք, թե որքան ծանր է, երբ դուք մեջն եք ապրում և միաժամանակ վերանորոգում եք անում»:
Արդյո՞ք հնարավոր է առաջին պոլիկլինիկայի անձնակազմին տեղափոխել Գյումրու Ճերմակ հիվանդանոց:
«Եթե ամբողջ հիվանդանոցի տարածքը հատկացվի պոլիկլինիկային, հիասքանչ տարբերակ կլինի: Ցավոք, այնտեղ «Կարմիր խաչն» է գտնվում, բժշկասոցիալական փորձաքննությունը»,- ասաց Մ.Բզնունին:
Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի խոսքով, Շիրակի մարզում նաև Արթիկի հիվանդանոցն ու պոլիկլինիկան են ոչ բարվոք վիճակում գտնվում. «Վերանորոգման մեծ անհրաժեշտություն ունեն, մենք այժմ փորձում ենք ֆինանսական միջոցներ հայթայթել: Թե որքան գումար է անհրաժեշտ հիմնանորոգման համար, մասնագետները պետք է հաշվարկեն»:
Մեսրոպ Բզնունու հավաստմամբ, երբեմն պոլիկլինիկաներում վերանորոգման աշխատանքներ իրականացնելուց որոշ ժամանակ անց դրանցում կրկին հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու կարիք է լինում, քանի որ մի պոլիկլինիկայում տարեկան մոտ 200.000 ազգաբնակչության այց է լինում:
Հավելենք, որ ըստ առաջին պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանի, առաջին պոլիկլինիկայի վերաբերյալ ինչ-որ գրություն է եկել մարզպետարան, որի պատճենն իրեն չի տրամադրվել:
Ըստ Մ. Բզնունու՝ տվյալ գրության պատճենն անհրաժեշտ է պահանջել Գյումրու քաղաքապետարանից, քանի որ առաջին պոլիկլինիկայի զբաղեցրած շենքը Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում:
Արդյո՞ք Գյումրու առաջին պոլիկլինիկայի զբաղեցրած շենքը որևէ մեկին վաճառվել է, ի՞նչ է լինելու դրա հետագա ճակատագիրը, ի՞նչ գրության մասին է խոսքը, որն առկա է Գյումրու քաղաքապետարանում:
Այս հարցերի վերաբերյալ առաջիկայում պարաբանում ստանալու նպատակով 168.am-ը դիմել է Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակին:
Անահիտ Սիմոնյան