Ադրբեջանցիները նախընտրում են բուժվել Վրաստանում. IFact
Վրաստանյան «IFact» ինտերնետ պարբերականն օրերս ծավալուն հոդված է հրապարակել ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երկրում անվճար ու բարձրակարգ բժշկություն ստանալու մասին հայտարարությունների, ներկայացնելով փաստեր այն մասին, որ հազարավոր ադրբեջանցիներ նախընտրում են բուժում ստանալ Թբիլիսիի հիվանդանոցներում։ Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հոդվածը ամբողջությամբ․
«Անցյալ տարի Ադրբեջանում ավելի քան 5 միլիոն քաղաքացի անվճար բժշկական ստուգում է անցել: Ինչպես գիտեմ, աշխարհում նման բան չի լինում», – հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տարեսկզբին՝ հունվարի 29-ին անցկացված մի գիտաժողովի ընթացքում, որտեղ ամփոփում էր երկրի շրջաններում սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին քառամյա նախագիծը:
Ալիեւի հայտարարությունից երկու շաբաթ անց՝ փետրվարի 12-ին, ընդամենը մեկ օրվա ընթացքում Ադրբեջանի ավելի քան 120 քաղաքացի է հատում ադրբեջան-վրացական սահմանը՝ Թբիլիսիի Թոդուա հիվանդանոցում վճարովի բուժում ստանալու համար:
Հիշյալ հիվանդանոցն ադրբեջանցի հիվանդներին ծառայող միակ նախընտրելի բժշկական հաստատությունը չէ Վրաստանում։ Թբիլիսիի «New Hospitals»-ի գործադիր տնօրեն Նիկա Օքրիաշվիլին 2017 թվականի դեկտեմբերին հայտարարել էր․ «Գյանջայում ավտոբուսի մի կանգառ կա, որտեղ մեր հաճախորդներին սպասում են տաքսու վարորդները: Նրանք մեզ հետ են աշխատում` տարեկան մինչեւ 8,000 ադրբեջանցի հաճախորդ բերում»։
Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայից Թբիլիսին 170 կմ հեռավորության վրա է գտնվում:
«Տաքսու վարորդները պրոֆեսիոնալներ են այս գործում: Նրանք նույնիսկ բժշկական տերմիններին են տիրապետում: Մինչ հիվանդանոց հասնելը հաճախորդներից հետաքրքրվում են, թե ինչն է անհանգստացնում, այնուհետև հեռախոսով հաղորդագրություն ուղարկում: Ադրբեջանցիները շատ փող ունեն, հսկայական հիվանդանոցներ են կառուցել, սակայն միեւնույն է բուժման համար Թբիլիսի են գալիս»,-ասել է Օքրիաշվիլին:
Նախագահ Ալիեւը կարծում է, թե իրենց մոտ արդեն նոր սարքավորումներով ապահովված հիվանդանոցներ կան. «Ես ուրախ եմ, որ մեր քաղաքացիները կարողանում են օգտվել այդ հնարավորությունից՝ բարձրորակ բժշկական ծառայություն ստանալով»:
Ֆիքրաթ Մուսաեւը Թոդուա հիվանդանոցում տաքսու վարորդ է աշխատում: Նրա պարտականությունն է «Կարմիր կամրջից» (վրաց-ադրբեջանական սահման, խմբ.) հաճախորդին մինչեւ հիվանդանոց հասցնել, ինչպես նաեւ վրացերենից ադրբեջաներեն թարգմանել բժշկական փաստաթղթերը:
Մուսաեւն ասում է, որ Ադրբեջանում իրեն արդեն ճանաչում են: Եթե ինչ-որ մեկը բուժման նպատակով ցանկանում է Թբիլիսի մեկնել, անմիջապես նրան են զանգահարում, ապա հանդիպում սահմանային անցակետում, որտեղից էլ նա հաճախորդին հասցնում է Թոդուայի հիվանդանոց:
«Հիվանդանոց հասցնելու համար հաճախորդներն ինձ վճարում են (մոտ 30-32 լարի՝ 12-14 դոլար)։ Թարգմանության համար լրացուցիչ փող չեմ վերցնում: Հիվանդանոցը եւս իմ կատարած աշխատանքի համար որոշակի գումար է վճարում»-ասում է Մուսաեւը:
«Մեր հիվանդանոցում ներկայում բուժում է ստանում ավելի քան 50 ադրբեջանցի: Շատերը «հեպատիտ C»-ից են բուժվում, ինչը` Վրաստանում անվճար է: Այլ հիվանդությունների դեպքում ադրբեջանցիները վճարում են այնքան, որքան Վրաստանի քաղաքացիները»-մանրամասնում է Մուսաեւը:
Վրաստանի մյուս հիվանդանոցներում որպես կանոն օտարերկրյա քաղաքացիները համեմատաբար առավել բարձր վճարումներ են կատարում։Այսպես, Ադրբեջանի վիճակագրական ծառայության տվյալներով, 2014 թվականին Ադրբեջանում 435 քաղաքացու մոտ «հեպատիտ C» հիվանդություն է ախտորոշվել: Հաջորդ տարիների տվյալները դեռևս չկան:
Մուսաեւը ասում է, որ Վրաստանում շատ դեպքերում ախտորոշումը տարբերվում է Ադրբեջանում արվածից: «Ես Ադրբեջանից մի հիվանդ ունեմ: Նրան ասել են, թե կրծքի քաղցկեղ ունի եւ պետք է հեռացնեն: Իսկ այստեղ՝ Վրաստանում, բոլորովին այլ ախտորոշում տվեցին․ պարզվեց, որ այդ խնդիրը նա չունի»,-ասում է նա:
«Ընդամենը 15 վարորդ ենք, բոլորս տարբեր հիվանդանոցների հետ ենք աշխատում: Մենք մշտապես համագործակցում ենք միմյանց հետ՝ փոխանակելով բժիշկների ու բուժման մասին տեղեկություններ»,-նկատում է ազգությամբ ադրբեջանցի տաքսու վարորդը:
Մուսաեւն ընդգծում է, որ Ադրբեջանից Վրաստան ժամանած հիվանդների թիվը հատկապես շատ էր 2015-ին, երբ ադրբեջանական մանաթը (ազգային տարադրամը), 50 տոկոսով արժեզրկվեց: «Հիմա գալիս են ոչ թե այն պատճառով, որ այստեղ բուժումն ավելի մատչելի է, այլ այն, որ Վրաստանում ավելի բարձրակարգ բուժօգնություն են ստանում»:
Ռուստամ Մամեդովը տաքսու վարորդ-խորհրդատու է, ով «New Hospitals»-ի համար աշխատում է բացման օրվանից․ «Հաճախորդներին «Կարմիր կամրջից» հիվանդանոց ենք հասցնում, եթե պետք է լինում, բոլոր հարցերում օգնում ենք: Լինում է ժամանակ, երբ օրական 2-3 հաճախորդ եմ ունենում, օր է լինում՝ավելի քիչ: Նախօրեին 6-7 հաճախորդի եմ սպասարկել»:
Մամեդովը պատմում է, որ «New Hospitals»-ը Գյանջայում 4 վարորդ ունի: Նրա խոսքով, հիվանդների մեծ մասը տեսողության հետ կապված խնդիրներ ունի, իսկ կանայք հիմնականում գալիս են կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ, բայց այստեղ հետազոտությունը մեծամասամբ հերքում է այն։ Ադրբեջանի առողջապահության նախարարության տեղեկատվությամբ, 2014-ին երկրում 1,563 կնոջ մոտ կրծքի քաղցկեղ է ախտորոշվել, միեւնույն ժամանակահատվածում 9,712 կին պայքարում էր այդ հիվանդության դեմ:
Մամեդովը նաև պատմում է, որ ամեն անգամ հաճախորդները «New Hospitals» հասցնելուն պես իրեն վճարում են: Իր հերթին, յուրաքանչյուր հաճախորդի համար կլինիկան առանձին է վճարում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: