Շաբաթվա ֆիլմը. Օսկարակիր «Հեռացիր»-ը՝ սարսափի սիրահարների համար, և՝ ոչ միայն
Օրեր առաջ Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Օսկարի» թվով 90-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը: «Լավագույն ֆիլմ» գլխավոր անվանակարգում հաղթանակ է տարել «Ջրի ձևը» կինոնկարը: Լավագույն ռեժիսոր է դարձել Գիլիերմո դել Տորոն՝ նույն այդ ֆիլմի համար: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄաքԴորմանդը «Երեք ազդավահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» ժապավենում կատարած աշխատանքի համար: «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Գերի Օլդմենը՝ «Մութ ժամանակներ» ֆիլմում խաղացած դերի համար: Կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի համար պարգևը ստացել է Էլիսոն Ջեննին «Տոնյան՝ ընդդեմ բոլորի» ֆիլմի համար:
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» կատեգորիայում մրցանակը շահել է Սեմ Ռոքուելը՝ «Երեք ազդավահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» կինոնկարին մասնակցելու համար: Լավագույն ադապտացված սցենարի համար մրցանակը բաժին է հասել Ջեյմս Այվորիին («Ինձ կոչիր քո անունով»), օրիգինալ սցենարի համար՝ Ջորդան Փիլին («Հեռացիր»):
Հենց վերջին՝ «Հեռացիր» ֆիլմի մասին է այսօր 168.am-ի նոր՝ «Շաբաթվա ֆիլմը» շարքի անդրադարձը:
Ֆիլմը շատ մթնոլորտային է, եթե կարելի է այդ բառն օգտագործել կինոնկար նկարագրելու համար: Ամերիկացի ռեժիսոր Ջորդան Փիլի «Հեռացիր» սարսափ դրաման, որի սցենարիստը հենց ինքը՝ ռեժիսորն է, սևամորթ լուսանկարիչ Քրիս Վաշինգթոնի (Դենիել Կալույա) պատմությունն է: Տղան իր սպիտակամորթ ընկերուհու՝ Ռոուզ Արմիթեջի (Էլիսոն Ուիլյամս) հետ 5 ամիս շարունակվող հարաբերություններից հետո մեկնում է աղջկա ծնողների՝ Արմիթեջների հետ ծանոթանալու: Դասական պատմություն: Սակայն առաջին հայացքից սովորական այս ընտանիքը, որտեղ հայրը նյարդավիրաբույժ է, իսկ մայրը՝ հոգեբան, Ռոուզի եղբայրն էլ ցանկանում է կարիերան կառուցել՝ հետևելով հոր օրինակին, մի շարք անակնկալներ է պատրաստել Քրիսի համար:
Տրամադրության և սարսափի ապահովման տեսանկյունից ֆիլմում երկու մակարդակ կա: Առաջինը և գուցե գլխավորը, որը տաք թավայի մեջ հայտնված եգիպտացորենի հատիկի նման պայթում է սյուժետային հանգույցների արանքում, ռասիզմն է: Ֆիլմում հենց առաջին րոպեներից Քրիսն անհանգստանում է սիրելիի ծնողների հետ հանդիպումից՝ մտածելով իր մաշկի գույնի հավանական ու ոչ շատ հաճելի հետևանքների մասին: Թվում է, թե ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրվելուց հետո նման հարցերի առաջացումը պակաս հավանական է, բայց Փիլն իր ֆիլմում հակառակ պատկերն է արտացոլում՝ ի ցույց դնելով պատմականորեն ձևավորած կարծրատիպերի շարունակական բնույթը. Արմիթեջների սպիտակամորթ ընտանիքն օգտագործում է սևամորթի ուժը՝ ավելի արագ ու դիմացկուն դառնալու համար:
Շարժապատկերում երկրորդ մակարդակը, որի նախանշանները զգացականորեն կանխատեսելի էին հենց ֆիլմի սկզբից, սպիտակի և սևի պայքարն է: Քրիսի առջև ֆիլմում կա սևի պարտության ակնհայտ 3 օրինակ՝ տան սպասավորները և ևս մի տղա, ում հնչեցած՝ «հեռացիր» նախազգուշացնող արտահայտությունն էլ հենց ֆիլմի ոչ շատ էպիկ, բայց լավ ընտրված վերնագիրն է: Եվ ռեժիսորը Քրիսի առջև կրկնապատկված խնդիր է դրել. սեփական կյանքը փրկել և վերցնել սևամորթների հաղթանակը կերտելու պատասխանատվությունը սեփական ուսերին, ինչպես 1986 թվականին Աշխարհի առաջնության ժամանակ 2 գնդակ Անգլիայի հավաքականի դարպասն ուղարկելով՝ Դիեգի Արմանդո Մարադոնան կերտեց Արգենտինայի հավաքականի հաղթական ուղին՝ ինչ-որ տեղ նաև վերժ լուծելով Եվրոպայից՝ ժամանակին բոլոր գաղութացված երկրների անունից:
Չնայած բոլոր մութ իրադարձություններին և Ամերիկայում սևամորթների մռայլ պատկերմանը, ֆիլմն ունի լավատեսական ավարտ: Ինչպես բացահայտել է ռեժիսոր Փիլը, ֆիլմն ունեցել է մի քանի վերջաբան, որոնք շատ ավելի դաժան էին: Բայց, երբ սկսեցին տարածվել ոստիկանության ձեռքերով աֆրիկյան ամերիկացիների մահվան դեպքերը, և հանրությունը տեղյակ էր այդ խնդրից, Փիլը զգացել է, որ մարդիկ ունեն ավելի ուժեղ ավարտի կարիք, որը «կտա հերոս, կտա դրական տրամադրություն»:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Անի Գաբուզյան