Բաժիններ՝

Ադրբեջանի վարչապետի ներկայացրած տարեկան հաշվետվությունը չի արտացոլում այդ երկրի իրական տնտեսական իրավիճակը

Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն մարտի 16-ին երկրի խորհրդարանում ներկայացրել է կառավարության տարեկան հաշվետվությունը, ինչը, ադրբեջանցի փորձագետների վկայությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Արթուր Ռասիզադեն հաշվետվությունը ներկայացնելիս հանրության և ընդդիմության ուշադրությունը շեղելու նպատակով ավելի շատ կենտրոնացել է ոչ թե վերջին տարվա ընթացքում Ադրբեջանում տեղի ունեցածի, այլ վերջին 14 տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա:

«Այս ընթացքում Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել է 3.2 անգամ, արդյունաբերական արտադրանքը՝ 2,6, մեկ շնչի հաշվով եկամուտը՝ 7,2, աշխատավարձերը՝ 6,8 անգամ, աղքատության մակարդակը 44,7 տոկոսից դարձել է 5,4 տոկոս, երկրում բացվել է 1 մլն 900 հազար աշխատատեղ»,-նշել է Ադրբեջանի վարչապետը:

Մեկնաբանելով Ադրբեջանի վարչապետի ելույթը՝ ադրբեջանցի փորձագետ Նեմաթ Ալիևը նշել է, որ երկրում վերջին 14 տարում գրանցված ձեռքբերումները գրանցվել են միջազգային շուկայում էներգակիրների բարձր գների, ոչ թե իշխանությունների լավ աշխատանքի արդյունքում:

«ՀՆԱ աճը գրանցվել է նավթի բարձր գների շնորհիվ, սակայն վերջին 3-4 տարում միջազգային շուկայում նավթի գների անկման հետևանքով Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազել է 2 անգամ`75 մլրդ դոլարից դարձել է 35 մլրդ դոլարի: ՀՆԱ աճի ցուցանիշները գրանցվել են նավթի գների բարձրացման, այլ ոչ թե կառավարության կայուն զարգացման քաղաքականության արդյունքում»,-նշել է Նեմաթ Ալիևը:

Փորձագետը կասկածի տակ է դրել նաև վարչապետի հաղորդած տվյալները Ադրբեջանում աղքատության մակարդակի վերաբերյալ:

«Կառավարության պաշտոնական տվյալների համաձայն` Ադրբեջանում աղքատների թիվը կազմում է 1 մլն մարդ: Ինչ վերաբերում է 2017թ. եկամուտների 3 տոկոսանոց աճին, ապա կնշեմ, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով գնաճը հասնում է 5 տոկոսի, այսինքն՝ 2 տոկոսով գերազանցում է եկամուտների աճին: Իրականում երկրում գնաճը հասել է 20 տոկոսի, ուստի բնակչության ֆինանսական վիճակի բարելավման մասին խոսելն ավելորդ է»,- նշել է փորձագետը:

Նեմաթ Ալիևը նշել է նաև, որ ի թիվս այլ արատների, օրոք ներկայիս իշխանությունների օրոք դժվարին իրավիճակի են հասցրել պետությանը և հասարակությանը Ադրբեջանը գործարարների նկատմամբ իրականացվող շարունակական ոտնձգությունների արդյունքում դադարել է ներդրումային բարենպաստ միջավայր լինելուց:

Ադրբեջանում 2018 թ. հունվարին արտաքին ներդրողների կողմից իրականացված ներդրումների ծավալը 2017 թ. համեմատ նվազել է 25 տոկոսով, 2016 թ. համեմատ` 32, 2015 թ. համեմատ` 50 տոկոսով:

2018 թ. հունվարին Ադրբեջանում արտասահմանյան ներդրողների կողմից կատարվել է 270 մլն դոլարի, 2017 թ.` 361 մլն դոլարի, 2016թ.` 398 մլն դոլարի, 2015 թ.՝ 543 մլն դոլարի ներդրում:

Այս ցուցանիշների դինամիկան հստակ ցույց է տալիս Ադրբեջանում ներդրումային միջավայրի վատթարացող վիճակը: Փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանն այլևս արտաքին ներդրողների համար գրավիչ միջավայր չի հանդիսանում: Ադրբեջանցի փորձագետները նշում են, որ երկրի բարձրագույն իշխանությունների և նախագահ Իլհամ Ալիևի երկրի տնտեսական կայունության վերաբերյալ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, և դրանք արվում են միայն հասարակության ուշադրությունը երկրում տիրող տնտեսական բարդ իրավիճակից շեղելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս