«Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի որևէ նախագծում Հայաստանը որևէ կերպ չներգրավվի». Սուրեն Սարգսյան
«Քաղաքական իշխանությունների փոփոխություն չի սպասվում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Չինաստանում, ո՛չ Թուրքիայում, ո՛չ Իրանում, և հավանաբար, ո՛չ էլ ԱՄՆ-ում, քանի որ Թրամփը լուրջ շանսեր ունի վերընտրվելու 2020 թվականին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Անդրադառնալով Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը, Սարգսյանն ասաց, որ տարածաշրջանային քաղաքական, տնտեսական միակ նախագիծը, որին Հայաստանն ամբողջությամբ մասնակցում է, ԵՏՄ-ն է. «Բոլոր տնտեսական նախագծերը՝ նավթ, գազ, ճանապարհներ, բոլորը շրջանցում են Հայաստանը։ Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը․ ասում է՝ անցկացնենք այդ ամենը Ադրբեջանի տարածքով, և մենք պարտավորվում ենք լրացուցիչ ֆինասական միջոցներ հատկացնել, ենթադրենք, եթե Հայաստանով ավելի էժան էր լինելու, մենք այդ տարբերությունը կվճարենք։ Բնական է, որ Ադրբեջանի հիմնական դաշնակից Թուրքիային դա ձեռնտու է։ Ադրբեջանը լուրջ էներգետիկ ռեսուրսներ ունի, որոնք մատակարարում է Վրաստանին, այսինքն՝ այս առումով Վրաստանը ինչ-որ առումով նաև կախվածություն ունի Ադրբեջանից։ Դրա համար այս նախագծերը, որոնք շրջանցում են Հայաստանը, ինչ-որ առումով մեզ համար վտանգ են ներկայացնում նաև տնտեսական տեսանկյունից, բայց մենք առանձնապես մեծ հնարավորություն չունենք՝ դրա դեմն ինչ-որ ձևով առնելու համար»։
Նա նկատեց՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի որևէ նախագծում Հայաստանը որևէ կերպ չներգրավվի, կամ ինքը դուրս կգա այդ նախագծից. «Իսկ այդ կողմերի համար Ադրբեջանը շատ ավելի կարևոր է, քան Հայաստանը»։
Միջազգայնագետն ասաց, որ վերջին ամսիներին ադրբեջանական լոբբիստական կառույցները Վաշինգտոնում շատ ակտիվ աշխատում են նրա վրա, որպեսզի Հայաստանի մասով ձևավորեն ԱՄՆ-ի համար թշնամի պետության իմիջ. «Դրա հիմնավորումն այն է, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, հետևաբար՝ թշնամի է ԱՄՆ-ի համար։ Այսպիսի հայտարարություններ, ելույթներ տարբեր տեղերում եղան։ Ալիևի հայտարարությունն էլ առաջարկում եմ դիտել այս տրամաբանության ներքո»։
Հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը՝ տնտեսական շրջափակումից դուրս գալու համար, որոշակի նախագծերի ներգրավվելու համար, նա պատասխանեց, որ միակ այլընտրանքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է. «Հայ-թուրքական հարաբերություններում երկու հնարավորություն կա՝ հաշտեցում և հարաբերությունների կարգավորում, որոնք սկզբունքորեն տարբեր բաներ են։ Առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը մեզ համար շատ օգտակար կարող է լինել։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նոր գործընթաց պետք է սկսվի, որովհետև արձանագրությունները և՛ ժամանակի, և՛ տեսակի առումով արդեն արդիական չեն, նոր մոտեցում է պետք։ Հիմա արդեն ԱՄՆ-ը չի կարող միջնորդ լինել, որովհետև մեկը լինի՝ ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ կարգավորի։ Իսկ 10 տարի առաջ ԱՄՆ-ում այդ հնարավորությունը կար»։
Տնտեսական բոլոր տեսակի բարդությունները հաղթահարելու համար, Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը պետք է խորացնի իր բիզնես-հարաբերությունները գերտերությունների հետ. «Գոնե ԱՄՆ-ի հետ, որովհետև Թրամփը բիզնես մտածելակերպ ունեցող մարդ է, և նրա հետ ավելի հեշտ է բիզնեսի լեզվով խոսել, քան քաղաքական։ ԵՏՄ անդամ Ղազախստանն էլ է ԵՏՄ-ում, բայց մեկ ամիս առաջ ԱՄՆ-ը հայտարարեց, որ Ղազախստանը ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է։ Այսինքն՝ ԵՏՄ-ին պետք է նայել ոչ թե՝ որպես մեզ խանգարող, այլ՝ մեզ օգնող հանգամանք։ Սա չափազանց կարևոր է, և այս մեսիջները Վաշինգտոնից թեկուզ ղազախների միջոցով ստացել ենք»։