Կովկասյան խաղը բարդանում է. Հայաստանի երկար պատասխանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ մարտի 15-ին Բաքվում Իրանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել է Հարավ-Արեւմուտք տրանսպորտային միջանցքի հարցը:
Բաքվում չորս երկրների նախարարների հանդիպումը տարածաշրջանային հերթական ձեւաչափն է, որի հեռանկարայնությունը, անշուշտ, դեռ պարզ չէ, որը սակայն, այդուհանդերձ, բավականին ուշագրավ է եւ դիտարկման արժանի: Ակնհայտ է, որ Բաքվի եւ նաեւ Անկարայի համար այս ֆորմատը եւս ի թիվս այլ շարժառիթների, ունի նաեւ հակահայկական, Հայաստանն ու Արցախը, այսպես ասած, մեկուսացնելու շարժառիթ:
Այս առումով տանդեմի մոտ ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան՝ ոչ: Տվյալ պարագայում հազիվ թե ողջախոհ լինի մտածել, թե հնարավոր է Իրանի եւ Վրաստանի ներգրավումով մեկուսացնել Հայաստանը: Տվյալ պարագայում, Բաքուն թերեւս ունենա միայն հոգեբանական էֆեկտ, այն էլ գուցե Հայաստանի հանրային որոշ շրջանակների վրա միայն: Անշուշտ, ոգեւորության եւ ուրախության որեւէ առիթ չկա, երբ ռեգիոնալ երկրները քննարկում են Հարավ-Արեւմուտք տրանսպորտային երթուղու հարց, իսկ Հայաստանը դուրս է այդ ամենից:
Մյուս կողմից սակայն սա մի իրողություն է, որի բանալին Հայաստանի ձեռքում չէ, եւ Հայաստանի առաջ էլ դրվում են միանալու անընդունելի, վտանգավոր եւ անարժանապատիվ պայմաններ: Մյուս կողմից, խոշոր հաշվով, խնդիրը այն չէ, թե ինչ են պայմանավորվում մեր շուրջ: Հայաստանն ունի երկու կարեւոր խնդիր՝ դինամիկ զարգացնել իր հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ, եւ արդյունավետ օգտագործել տնտեսական զարգացման իր ռեսուրսները, այդ թվում՝ Վրաստանի եւ Իրանի ընձեռած հնարավորությունները:
Այսինքն՝ այստեղ խնդիրը Հայաստանի անելիքի դաշտում է, ոչ թե այն դաշտում, որ Հայաստանին թույլ չեն տալիս անել որեւէ բան: Հետեւաբար, հանրային ուշադրությունն ու էներգիան պետք է կուտակվի հենց այս դաշտում, առանց վախճանաբանական եզրակացությունների, թե մեր շուրջ բոլորը պայմանավորվում են, իսկ մեզ թողնում են դուրս: Ի վերջո, միամտություն է կարծել, թե Բաքվում հանդիպող չորս կողմերը միմյանց միջեւ չունեն խնդիրներ:
Ավելին, խորքային առումով նրանց միջեւ խնդիրները գուցե պակաս չեն, քան հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական խնդիրը, պարզապես դրանք «քնած» օջախներ են եւ հայտնի չէ, թե ինչ կկատարվի, եթե դրանք արթնանան: Այսինքն՝ իրավիճակը, անշուշտ, միարժեք չէ, առավել եւս, որ այստեղ կա նաեւ Ռուսաստանի խնդիրը, եւ Հարավ-Արեւմուտք նախագիծն ակնհայտորեն չի կարող ոգեւորել Ռուսաստանին, որքան էլ՝ Բաքու-Մոսկվա-Թեհրան ֆորմատով քննարկվում է Հյուսիս-Հարավ նախագիծն էլ:
Իսկ այդ տեսանկյունից, Հայաստանը թերեւս կարող է ունենալ հնարավորություն այս իրավիճակի վրա խաղալ Ռուսաստանի հետ, հատկապես, եթե ինչպես հայաստանցի պաշտոնյաներն են ասում՝ Ռուսաստանը արել է հետեւություններ Ապրիլյան պատերազմից հետո:
Միեւնույն ժամանակ, ի վերջո, Բաքվում չորսի հանդիպմանը զուգահեռ, Վաշինգտոնում տեղի են ունենում չճանաչված Արցախի Հանրապետության նախագահի աշխատանքային հանդիպումները քաղաքական եւ փորձագիտական, կոնգրեսական շրջանակների հետ: Խաղն ամենեւին պարզունակ եւ միագիծ չէ, հետեւաբար, տվյալ պարագայում ոչ միայն չի կարող խոսք լինել մեկուսացվածության մասին, այլ հակառակը՝ հնարավորությունների:
Ավելին, այս իմաստով տարածաշրջանում քառյակի այս ֆորմատը էլ ավելի բազմազան է դարձնում իրավիճակը, ըստ այդմ՝ ավելի ընդլայնում խաղի սահմաններն ու հնարավորությունները:
Վերջապես, Հայաստանը ներկայումս ունի շատ կոնկրետ նախագիծ՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը, կամ, մեղմ ասած, շինարարությունը: Ահա այս իմաստով Հայաստանն ունի շատ հստակ անելիք, թափ հաղորդել եւ շինարարությունն իսկապես դարձնել անկախ պետականության թերեւս խոշորագույն տնտեսա-քաղաքական նախագիծը, որն իրականացվում է ուղղակի օրինակելի կերպով, դառնալով Հայաստանի յուրօրինակ այցեքարտը աշխարհին»: