«Պետքարտուղարի փոփոխությունը չի անդրադառնա Հարավային Կովկասի վրա». Գոբլ
«Ղարաբաղյան հակամարտությունն այսօր ամերիկյան հետաքրքրությունների շրջանակում չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Եվրասիայի հարցերով անկախ ամերիկացի փորձագետ Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի աղմկահարույց պաշտոնանկությանը:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աղմկահարույց պաշտոնանկություն արեց՝ իր պաշտոնից ազատելով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Իր թվիթերյան միկրոբլոգում Թրամփը գրել է, որ շնորհակալ է Թիլերսոնին նրա կատարած աշխատանքի համար, և նոր պետքարտուղարը կդառնա Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայքլ Պոմպեոն, իսկ ԿՀՎ ղեկավար կնշանակվի Ջինա Հեսփելը, որն այս պաշտոնում առաջադրված առաջին կին թեկնածուն է:
Լրագրողների հետ կարճ զրույցում իր անակնկալ որոշումը Սպիտակ տան ղեկավարը մեկնաբանել էր հետևյալ կերպ. «Որոշումը միայն ես եմ կայացրել, կարծում եմ՝ Ռեքսը հիմա շատ ավելի երջանիկ կլինի: Մենք մի շարք տարաձայնություններ ունեինք, օրինակ՝ Իրանի հետ կնքված գործարքի հարցում: Իմ կարծիքով՝ դա սարսափելի գործարք է, նրա համոզմամբ, մինչդեռ, ամեն ինչ կարգին է: Ես ուզում էի կա՛մ հրաժարվել դրանից, կա՛մ ինչ-որ բան փոխել, մինչդեռ Թիլերսոնը մի փոքր այլ կերպ էր մտածում»: ԱՄՆ ղեկավարը տեղեկացրել է, որ բավականին լավ հարաբերություններ ունի Մայք Պոմպեոյի հետ, և իրենց մտածելակերպը նման է, ուստի ակնկալում է, որ իրենց համագործակցությունը ֆանտաստիկ արդյունքների է հանգեցնելու: «Պետքարտուղարի պաշտոնում նա կշարունակի վերականգնել Ամերիկայի դիրքերը աշխարհում, կամրապնդի դաշնակցային հարաբերությունները, կդիմակայի մեր թշնամիներին ու կփորձի հասնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը»,- ասել է Թրամփը:
Փոլ Գոբլի դիտարկմամբ՝ Թիլերսոնի պաշտոնանկությունը էական նշանակություն չի կարող ունենալ այնպիսի տարածաշրջանների համար, որտեղ տեղի ունեցող զարգացումները որևէ կերպ չեն անդրադառնում ԱՄՆ-ի արտաքին և ներքին կյանքի վրա: Ըստ նրա՝ այդպիսի տարածաշրջան է Հարավային Կովկասը:
«Նախագահի և նախկին պետքարտուղարի տարաձայնությունները, իմ կարծիքով, վերաբերել են Թրամփի քաղաքականության կարևոր ուղղություններին, որտեղ, ըստ ԱՄՆ նախագահի, ԱՄՆ-ը վերադիրքավորման և շահերի վերաձևակերպման կարիք ունի: Այդ ուղղություններից մեկը Իրանն էր, միջուկային գործարքը Թրամփը թյուրիմացություն է համարում, իսկ Թիլերսոնը կարծում է, որ այն չի կարելի չեղարկել: Սա ԱՄՆ նախագահի համար առանցքային հարց է: Ըստ մամուլի, Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ սպասվող բանակցությունները ևս խթան էին:
Թրամփը ցանկացավ, որպեսզի պետքարտուղարը հայացքներով նույնական լինի իր հետ: Սխալ է, երբ պետքարտուղարն այլ ոճի քաղաքական գործիչ է, իսկ նախագահը` այլ, իսկ նրանց տարբերությունն ակնհայտ է»,- պարզաբանեց Գոբլը:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, Գոբլի խոսքով, այստեղ Պոմպեոյի պաշտոնավարման շրջանում մեծ փոփոխություններ չեն լինի ամենայն հավանականությամբ, քանի որ Թիլերսոնի օրոք ևս փոփոխություններ չնկատվեցին:
«Թեև ես ասել էի, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում էական տեղաշարժեր արտաքին քաղաքականության մեջ չեն լինի, դա կլինի հարմարվելու և ուսումնասիրելու փուլը, որի ընթացքում Թիլերսոնը չբավարարեց ԱՄՆ կառավարությանը: Ներկայումս Թրամփի աշխատակազմը պատրաստվում է ակտիվ քաղաքականության մի շարք ուղղություններով, բայց այդ ուղղությունների մեջ Հարավային Կովկասը չի տեղավորվում ԱՄՆ-ի ուղղակի շահերի շրջանակում, ուստի այստեղ պահպանվում է այն քաղաքականությունը, որը մինչ այսօր է եղել:
Հակամարտության կարգավորման հարցերով կզբաղվեն ավելի ցածր պաշտոնյաները, Ղարաբաղյան հակամարտությունն այսօր ամերիկյան հետաքրքրությունների շրջանակում չէ, ինչը հակամարտությամբ շահագրգռված կողմերի համար հարմար առիթ է՝ տանել հակամարտությունն այն ուղիով, որով ցանկանում են: Պոմպեոյի նշանակումից հետո գուցե փոփոխություններ տեղի ունենան ֆինանսավորման հարցերում, որովհետև մեծ ֆինանսավորումները նման երկրներին Թրամփը ավելորդություն է համարում՝ կարծելով, որ դա պետք է կենտրոնացնել ԱՄՆ-ի վրա: Ինքս Հարավային Կովկսաի ուղղությամբ այդ քաղաքականությունը տեղին չեմ համարում»,- ասաց Գոբլը: