
Կառավարությունը վերացնում է ընտրությունները լուսաբանելու համար լրագրողների հավատարմագրման սահմանափակումների դրույթը

Կառավարությունը նախատեսում է վերացնել ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում աշխատելու համար ԿԸՀ-ում լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգում սահմանափակումների մասին դրույթը: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի դրական եզրակացությանն արժանացած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել:
Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությունը, որն ուժը կորցրած է ճանաչվելու, հետևյալն է` յուրաքանչյուր լրատվական գործունեություն իրականացնող կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել իր անունից տարածվող միայն մեկ զանգվածային լրատվության միջոց և այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների:
Օրենքի նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր լրատվամիջոց հնարավորություն կունենա ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրել այնքան թվով լրագրողների, որքան կցանկանա: