«Ամեն ինչ նորմալ է, մենք այստեղ ճակատը պահում ենք». Գևորգ Գորգիսյան
«Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն այս օրերին, երբ դաշինքում բուռն քննարկումներ են ընթանում պայքարի մեխանիզմների շուրջ, իսկ որոշ վերլուծաբաններ կանխատեսում են անգամ դաշինքի փլուզման վտանգ, գտնվում է ԱՄՆ-ում և կվերադառնա միայն ապրիլի 17-ին։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գևորգ Գորգիսյանը, Էդմոն Մարուքյանը չի մասնակցում քննարկումներին։
«Էդմոն Մարուքյանը երկրում չի, բայց հանգստի էլ չի, ինքը շատ ակտիվ, լարված գրաֆիկով աշխատանքների մեջ է այնտեղ, կգա և կմիանա ամենին։ Այսինքն՝ ինքը տեղյակ է՝ ինչ է կատարվում, բայց կոնկրետ քննարկումներին չի մասնակցում, որովհետև ամեն ինչ նորմալ է և մենք այստեղ «ճակատը պահում ենք»։
«Լուսավոր Հայաստանից» 2 մանակից կա, մեր կուսակցությունը երբեք չի եղել անձ-կուսակցություն, և բոլորս հավասարաչափ մասնակցում ենք քննարկումներին։ Եթե պարոն Մարուքյանը երկրում չի, չի նշանակում, որ այդ քննարկումները պետք է դադարեն»,- ասաց Գ.Գորգիսյանը։
Դիտարկմանը, որ այս շրջանում Է.Մարուքյանի բացակայությունը երկրից ոմանք պայմանավորում են «Ելքում» հակասություններով, Գ.Գորգիսյանը պատասխանեց. «Ոչ, բացարձակ։ Է.Մարուքյանը մեկնել է ԱՄՆ պատվիրակության կազմով, այժմ էլ այնտեղ տարբեր ծրագրեր, այլ հանդիպումներ է ունենում, և, բնականաբար, դա ոչ մի կապ չունի երկրում գործընթացների հետ, այսինքն՝ դրանք հետաձգելու կամ տարաձայնությունների հետ։ Դրանից անկախ, «Ելքում» գործընթացները շարունակվում են, և, բարեբախտաբար, կուսակցություններն անձ-կուսակցություն չեն, կա ինստիտուտ, և այն գործում է, անկախ նրանից, թե ով է բացակա»։
Անդրադառնալով դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ապրիլի 1-ին և 3-ին հանրահավաքների մասին Երևանի քաղաքապետարան ներկայացված ծանուցումներին, Գ.Գորգիսյանը նշեց, որ հանրահավաքների մասին ծանուցումը դեռևս չի նշանակում՝ հանրահավաք։ Ըստ նրա՝ «Ելքում» քննարկվում է նաև փողոցային պայքարի տարբերակ, դա հիմա սեղանին դրված փաստաթղթերից մեկն է, և «Քաղաքացիական պայմանագիրը», լինելով ճանապարհային քարտեզի հեղինակ, նաև փորձել է ապահովագրել դաշինքը հետագա խոչընդոտներից, եթե որոշվի, որ այդ ճանապարհով են գնալու, և հանկարծ պարզվի, որ Հանրապետական կուսակցությունը բոլոր հրապարակներն ամբողջ ապրիլ, մայիս և մարտի մնացած օրերի համար իրազեկել է ինչ-որ միջոցառում անելու համար.
«Նախապես նրանք դա արել են ուղղակի ապահովության համար, որպեսզի հետագայում փաստի առաջ չկանգնենք։ Բայց որոշում՝ այդ օրը որևէ բան անելու, դեռ չկա, ամենը քննարկումների փուլում է, և երբ «Ելքը» կունենա կոնկրետ որոշում, կոնկրետ քայլերի հաջորդականություն, այդ ժամանակ պարզ կլինի՝ մեզ պե՞տք են այդ օրերը և Ազատության հրապարակն առհասարակ, թե՞ ոչ»։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հնարավոր է՝ ՔՊ-ն դուրս գա փողոց, իսկ դաշինքի մյուս անդամներն ինչ-որ ձևով կաջակցեն և ավելի ուշ կարտահայտեն դիրքորոշում, Գ.Գորգիսյանը պատասխանեց. «Դա չի լինի լուծումներից լավագույնը, բայց ամեն դեպքում «Ելքի» կուսակցություններից ցանկացած գործողություն կլինի կշռադատված, կլինի այնպիսին, որ չվնասի դաշինքին, և կլինի դաշինքի որոշմամբ ու գիտությամբ»։
Գ.Գորգիսյանը նաև նշեց, որ առաջիկա օրերին դաշինքի անդամները նորից կհանդիպեն՝ քննարկելու խնդիրները, կլինի փակ քննարկում, երբ որոշում լինի՝ կհրապարակեն։