Պուտինը պատմել է դեպի Մարս մոտալուտ թռիչքի մասին
Ռուսաստանը 2019 թվականին առաքելություն կիրականացնի դեպի Մարս, իսկ հետագայում ռուս մասնագետները կփորձեն վայրէջք կատարել Լուսնի բեւեռներում: Այդ մասին, ինչպես հայտնել է «Ինտերֆաքս»-ը, հայտարարելէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այժմ մենք անօդաչու արձակումներ կիրականացնենք այնտեղ, իսկ հետո նաեւ՝ օդաչուավոր՝ հետազոտելու հեռավոր տիեզերքը: Առաջինը կլինի շատ շուտով՝ 2019 թվականին մենք պատրաստվում ենք առաքելություն իրականացնել դեպի Մարս»,-ասել է պետության ղեկավարը Անդրեյ Կոնդրաշովի վավերագրական ֆիլմի երկրորդ մասում: Նախագահը նշել է, որ ռուսական լուսնային առաքելությունը տարբերվելու է խորհրդայինից. «Մեր մասնագետները կփորձեն վայրէջքներ իրականացնել բեւեռներում, որովհետեւ հիմքեր կան ենթադրելու, որ այնտեղ կարող է ջուր լինել:
Այնտեղ զբաղվելու բան կա, այնտեղից կարող են սկսվել այլ մոլորակների, հեռավոր տիեզերքի ուսումնասիրությունները»: 2020 թվականին Եվրոպական տիեզերական գործակալությունը եւ «Ռոսկոսմոսը» պլանավորում են իրականացնել ExoMars համատեղ առաքելության երկրորդ փուլը, որը դեսանտային մուդուլի վայրէջք է ենթադրում Կարմիր մոլորակի մակերեւույթի վրա՝ վայրէջքային հարթակով ու ռովերով:
ExoMars առաքելության առաջին փուլը, որը գործարկվել է 2016 թվականին, բաղկացած էր TGO (Trace Gas Orbiter) ուղեծրային ապարատից եւ Schiaparelli դեսանտային մոդուլից: Առաջին ապարատը հաջողությամբ աշխատում է մարսամերձ ուղեծրում, մինչդեռ երկրորդն իջնելիս բախվել է մոլորակի մակերեւույթին եւ կործանվել: