«Այս նախագծով հստակ սահմանափակում ենք վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործումը նախընտրական քարոզչության ժամանակ բոլոր հանրային ծառայողների համար»

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իրավական ակտի նախագծով սահմանափակվելու է ընտրությունների ժամանակ հանրային ծառայողների կողմից վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործումը: Այսօր ԱԺ  Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

«Վարչական ռեսուրսի չարաշահումները ընտրական, այդ թվում նաև հանրաքվեի գործընթացներում միշտ միջազգային մասնագիտացված կառույցների զեկույցներում տեղ են գտել՝ նշելով, որ հանրային ծառայողները, պաշտոնատար անձինք կարող են վարչական ռեսուրսներ օգտագործել ի շահ իրենց նախընտրած թեկնածուի կամ իշխող կուսակցությանը:

Մենք այս նախագծով հստակ սահմանափակում ենք վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործումը նախընտրական քարոզչության ժամանակ ոչ միայն թեկնածուների համար, որը կար գործող ընտրական օրենսգրքում, այլ նաև մնացած բոլոր հանրային ծառայողների համար, ովքեր, հնարավոր է, կարող են օգտագործել իրենց ռեսուրսը»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` վարչական ռեսուրս ասելով հասկացվում են այն բոլոր մարդկային, ֆինանսական, նյութական և ոչ նյութական ռեսուրսները, որոնք բխում են հանրային բյուջետային միջոցներից:

«Ընտրական օրենսգրքում հստակ սահմանվել է , որ արգելվում է ոչ միայն նախընտրական քարոզչություն կատարելը, այլ նաև նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդակային ռեսուրսները օգտագործելը»,- նշեց Հովհաննիսյանը:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալը հայտնեց, որ վարչական պատասխանատվություն է նախատեսվում վարչական ռեսուրսների օգտագործման համար, ինչպես նաև քրեական պատասխանատվություն՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու համար:

«Նման զանցակազմ Քրեական օրենսգիրքը չունի, սակայն, կարծում ենք, որ նման արարքը իր հանրային վտանգավորության աստիճանով այնքան բարձր է, որ անձը ենթակա կլինի քրեական պատասխանատվության»,- ասաց Հովհանիսյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017 թվականին ՍԴ-ի որոշմամբ Սահմանադրությանը հակասող է ճանաչվել Ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերությունը, ըստ որի` ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել կարող էր լրատվության մեկ միջոց և այդ լրատվամիջոցի ոչ ավելի քան 50 ներկայացուցիչ, նախարարի առաջին տեղակալը հավելեց, որ նախագծով այդ սահմանափակումը ևս վերացել է:

Տեսանյութեր

Լրահոս