Վարչապետը խախտումներ է արձանագրել նպաստների արգելանքի և բռնագանձման դեպքերով
«Օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձնահատկություններ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում: Մասնավորապես` կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30% չափով, իսկ պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել:
Միաժամանակ, գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի տվյալների, էլեկտրոնային շտեմարանի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հասանելիության բացակայությամբ»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով կենսաթոշակների և նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումներին:
Վարչապետը հանձնարարեց արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, Թվային Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրենին, իսկ ԿԲ նախագահին առաջարկեց երկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ վճարների արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանման վերաբերյալ:
«Այդ թվում՝ պետք է քննարկել թվային գործիքների ներդրման և լուծումների նախատեսման հարցերը»,- նկատեց Կ.Կարապետյանը: