«Սերժ Սարգսյանն այդ փաստարկը կարող է ներկայացնել թե՛ ներսում, թե՛ դրսում». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը այդ պաշտոնը ստանձնում է արդեն չորրորդ ժամկետն անընդմեջ՝ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի շնորհիվ: Իհարկե, այս անգամ Գերմանիային բավականին երկար ժամանակ պահանջվեց մեծամասնություն ձեւավորելու եւ կառավարություն կազմելու կոալիցիոն համաձայնության համար, եւ այդ իմաստով կանցլերի չորրորդ ժամկետը սկզբունքորեն տարբերվում է նախորդ երեքից, սակայն, այդուհանդերձ, իրավիճակը եւ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը խիստ խորհրդանշական են:

Եվ ոչ միայն զուտ այն ֆոնին, որ Հայաստանում էլ առաջիկա ամսի ընթացքում պետք է հանգուցալուծվի վարչապետի հարցը, այն էլ՝ կառավարման նոր մոդելի պայմաններում:

Թեեւ այստեղ, անշուշտ, կա հետաքրքիր հանգամանք՝ Սերժ Սարգսյանն էլ, ըստ էության, կարող է գնալ երրորդ անընդմեջ ժամկետին, իհարկե՝ առաջինը վարչապետի պաշտոնում, իսկ նախորդ երկուսը՝ նախագահի:

Մերկելի չորրորդ ժամկետը Սարգսյանի համար այդ իրավիճակում, այսպես ասած, յուրօրինակ խաղաքարտ-փաստարկ է՝ այն իմաստով, որ կառավարման խորհրդարանական մոդելի պայմաններում վարչապետական ժամկետներն ամենեւին ժողովրդավարականության կամ հակաժողովրդավարականության ցուցիչ չեն:

Ընդ որում՝ Սարգսյանն այդ փաստարկը կարող է ներկայացնել թե՛ ներսում, թե՛ դրսում:

Միեւնույն ժամանակ, իհարկե, զավեշտալի կլինի համեմատել Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը Գերմանիայի խորհրդարանական կառավարման մոդելին: Թեեւ այս իմաստով էլ իրավիճակը խորհրդանշական է Մերկելին ուղղված շնորհավորանքի ֆոնին, քանի որ հայաստանյան մոդելի մի շարք առանցքային գործոններ վերցված են հենց գերմանական մոդելից, մասնավորապես անվտանգության խնդիրներին առնչության մասով:

«Մեր երկիրն այս տարի թեւակոխում է պետական զարգացման նոր փուլ. անցում է կատարում քաղաքական կառավարման մի համակարգի, որը տասնամյակներ շարունակ նպաստել է ԳԴՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը:

Հայաստանի խորհրդարանական համակարգի կայացման ճանապարհին մեծապես կարեւորում ենք Գերմանիայի կառավարության հետ սերտ համագործակցությունը», ասում է Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձում:

Սարգսյանն անկասկած նրբորեն ակնարկում է հենց այն, որ գերմանական իրականությունն իր համար բավականին խոսուն փաստարկ է, եւ թերեւս հենց այս մասով է Բեռլինը կամա, թե ակամա աջակցում Սերժ Սարգսյանի անցումային այս պլաններին:

Ի վերջո, դրանցից հատկապես որի վրա կանգ կառնի Սարգսյանը, անշուշտ, բավական դժվար եւ թերեւս սխալ է պնդել միանշանակ, քանի որ այստեղ անկասկած Գերմանիան փաստարկ է եւ աջակից, այդուհանդերձ ոչ միակ եւ վճռորոշ գործոն միջազգային լեգիտիմության մասով: Իսկ այդ խնդիրը Սերժ Սարգսյանի համար առավել կարեւոր է, քան նույնիսկ ներքին լեգիտիմությունը:

Սակայն, խոշոր հաշվով, անհրաժեշտ է թերեւս արձանագրել նաեւ այն, որ 2016 թվականի ապրիլի 6-ին Սերժ Սարգսյանը հենց Բեռլինում արեց քառօրյա պատերազմին առնչվող թերեւս ամենաառանցքային հայտարարությունները՝ կապված «հզոր հովանավոր չունենալու», ասել է թե՝ պարկեշտ ու պարտաճանաչ դաշնակից Ռուսաստան չունենալու, 80-ականների սպառազինության եւ այլնի հետ, որոնք հնչեցին հենց Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում եւ ըստ էության՝ կարող են համարվել Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար շրջադարձային իրադարձության առանցքային արձանագրումներ, որոնք, մեծ հաշվով, թերեւս հանդիսացան Հայաստանի հետագա քաղաքականության, ընդհուպ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ոչ պաշտոնական հիմքը, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի արտաքին քաղաքականության «ռեսթարտը» ուղղակի տրվեց քառօրյա պատերազմից երկու օր անց Գերմանիայում, Մերկելի կողքին:

Ահա այդ իմաստով՝ չորրորդ անընդմեջ ժամկետի առումով Սարգսյանի շնորհավորանքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ստանում է համալիր խորհրդանշականություն, եւ ոչ միայն զուտ վարչապետի խնդրի համատեքստում, այլ ըստ էության՝ Հայաստանի «չորրորդ հանրապետության»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս