«Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հարցն այս պահին մի փոքր քաղաքական մոտիվացիա ունի»
Հարցազրույց փաստաբան, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող լուծարված Փաստահավաք խմբում «Ժառանգությունը» ներկայացրած անդամ Սեդա Սաֆարյանի հետ
– Տիկին Սաֆարյան, վերջին օրերին շատ է քննարկվում Ռոբետ Քոչարյանին հարցաքննելու հարցը: Ձեր կարծիքով` սա առավելապես իրավակա՞ն խնդիր է, թե՞ քաղաքական երանգներ կան:
– Ես կցանկանայի, որ դա իրավական դիտարկվեր, թեև քաղաքական ուժերն են այդ հարցը վեր բարձրացնում: Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ի սկզբանե անհրաժեշտություն է եղել, և, եթե իրավական հարթության վրա ենք նայում, ապա բազմաթիվ պաշտոնատար անձինք հայտարարել են այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանին զեկուցել են մարտիմեկյան միջոցառման մասին, և նա տեղեկացված է եղել կազմակերպչական հարցերի վերաբերյալ:
Բացի դա, տեղի ունեցածն այնքան ծանր էր մեր ժողովրդի համար, որ, բացի առաջին դեմքերի մասնակցությունից, այլ անձինք չէին կարող այդպիսի գործողություն ձեռնարկել: Հետևապես` իսկապես անհրաժեշտություն կա իրավական հարթության վրա Քոչարյանին հարցաքննելու: Բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս պահին մի փոքր քաղաքական մոտիվացիա կա, որովհետև ինչո՞ւ են 10 տարի անց այս հարցերը ծագում, ինչո՞ւ այս խնդիրներին ուշադրություն չեն դարձրել այն ժամանակ, երբ դա հրատապ և անհրաժեշտ է եղել:
Եվ այս առումով, երբ Քոչարյանն ինքը վրդովմունք է արտահայտում, ես կարծում եմ, որ իր վրդովմունքը նրանից չէ, որ ինքը չի հասկանում, որ իր հարցաքննությունն անհրաժեշտություն է, այլ մտածում է, որ, եթե իր հարցաքննությունն անհրաժեշտություն է, ապա նաև շատ մարդկանց իրականում այդ օրերին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, այդ թվում` իր հետ հավասար դիրքերում գտնվող անձանց, հարցաքննությունը պարտադիր է, որովհետև նա միանձնյա չէր կարող դա անել: Սա իմ կարծիքն է:
– «Ելքը» Քոչարյանի հարցաքննման վրա պնդում է հատկապես 1 դրվագով՝ նա ասել է, թե ցուցարարները դուրս են եկել ավտոբուսի հետևից և կրակել ոստիկանների վրա, սակայն ոչ մի ոստիկան հրազենային վնասում չի ունեցել։
– Կարծում եմ, որ իրականում, եթե անգամ ընդունենք, որ հեռուստատեսությամբ նման բան ասվել է, այո՛, դա գործի հետ ուղղակիորեն առնչվում է, որովհետև ամբողջ մարտիմեկյան իրավիճակը փորձում են ներկայացնել, թե ժողովուրդն այնպես էր ըմբոստացել, այնպիսի իրավիճակ էր, որ անհնար էր առաց զենքի գործադրման՝ դադարեցնել անկարգությունները։ Եթե այս համատեքստում ենք նայում, կարծում եմ՝ նրա հարցաքննությունն անհրաժեշտ է։ Բայց ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը միայն այդ դրվագով չէ, որ պետք է հարցաքննվի, այլ նաև այդ միջոցառումը, այդ կենտրոնները, որոնք նախապատրաստել են այս հանցանքի կատարումը, դրանց վերաբերյալ բոլորը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, պարտադիր պետք է հարցաքննվեն։
– Ռ. Քոչարյանի խոսնակն արձագանքել էր Ն. Փաշինյանին, սակայն նա չէր խոսել հարցաքննության բուն էության մասին, ընդամենը որակումներ էր տվել Փաշինյանի անձին, նրա անցկացրած լսումներին։ Հարցաքննության թեման ինչո՞ւ են շրջանցում։
– Որովհետև երբեք իրենց մտքով չի անցել, որ ՀՀ նման իրավական խնդիրներ չլուծող պետության մեջ հանկարծ կարող է առաջին դեմքը հարցաքննվել։ Չէ՞ որ սա Եվրոպան կամ ԱՄՆ-ը չէ, որ նախագահին կարողանան տուգանել կամ պատասխանատվության կանչել։ Սա մեր երկիրն է, որտեղ իրենք միշտ որոշող են եղել և, ցավում եմ, որ ներկա պահին էլ ինքը, թողած հիմնահարցը, ավելի շատ բնորոշումներ է տվել Փաշինյանին։
Գուցեև Փաշինյանի հարցաքննության անհրաժեշտությունն էլ կա, որևէ մեկը չի հերքում դա, բայց չի կարելի հավասար հարթության վրա դնել Քոչարյանի արածը և Փաշինյանի արածը, որովհետև Փաշինյանի ձեռքին ի՞նչ լծակ է եղել, որ նա կարողանար շիկացնել մթնոլորտը, կամ նախահարձակ լինել, կամ մեկ այլ բան, որը արյունահեղության հանգեցներ։ Ես այդ կարծիքին չեմ։ Եվ ցավալի է, որ մամուլի խոսնակը նույն իրավական հարթության վրա չի մեկնաբանել, թե ինչ հարցերի կապակցությամբ կարելի է հարցաքննել, կամ հարցաքննության ինչ չափանիշեր պետք է գործեն, և այլն, այլ ուղղակիորեն իրար պատասխանում են, և դա կապ չունի այն խնդիրների հետ, որոնց մասին մենք խոսում ենք։ Ուզում եմ ասել, որ Քոչարյանի մամուլի խոսնակն առաջ քաշված հարցի պատասխանը չի տվել։
– Քոչարյանի հարցաքննության անհրաժեշտության մասին ԱԺ-ում լսումների ժամանակ և հետո խոսել էր նաև ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը, ու կրկնում է, որ այդ մասին ինքը խոսել է նաև տարիներ առաջ։ Իշխանության կողմից նման խնդրի առաջքաշումն ի՞նչ է նշանակում։
– Ինձ համար դա իմիտացիա է։ Նախ՝ սկսենք նրանից, թե արդյոք Ազգային ժողովո՞ւմ պետք է որոշվի՝ Քոչարյանը պետք է քննվի՞, թե՞ ոչ։ Եթե իրավական խնդիր է, ապա ապացուցման գործընթացը վարույթ իրականացնող մարմինն ինքը պետք է որոշումներ ընդունի՝ ում քննել, ում՝ ոչ։ Եթե նայում ենք քրեական դատավարության տեսանկյունից, ապա Քոչարյանին դեռ շատ վաղուց պետք է կանչեին հարցաքննության։
Հետևապես՝ թե ինչու են իշխանությունները բարձրացրել Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտությունը հենց այս պահին, դա փոքր-ինչ նաև քաղաքական մոտիվացիա է պարունակում։ Բայց ես ուզում եմ, որ նա հարցաքննվի, և ոչ միայն նա, այլև այն մարդիկ, որոնք նրա շուրջն են եղել, տեղյակ են եղել այդ ամբողջին և կարող են լուսաբանել իրենց հարազատ ժողովրդին, թե ինչու որոշեցին իրավիճակն այդպես հանգուցալուծել։
– ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս ասուլիսում հայտարարեց, թե Մարտի 1-ի գործով քննությունը բոլորովին սառած չէ, գործը կարճման չեն տանում, անցած տարի 100-ից ավելի հարցաքննություն է եղել։ Դուք էլ մի անգամ ասել էիք, որ հույս եք կապում նախաքննական մարմնի հետ։ Իսկապե՞ս գործն ակտիվ վիճակում է։
– Ես դեռ հավատում եմ, որ կգա իրավիճակ, որ այն անձինք, որոնք դա կատարել են, չեն լինի իշխանության մեջ, և գործով վարույթ իրականացնող մարմինը, անգամ տարիների հեռավորությունից, ինչ-որ գնահատականներ կտա, որը կհանդարտեցնի մեր ժողովրդի սպասումները։
Բայց ասել, թե հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել, և իրենց հարցաքննության արդյունքում Մարտի 1-ով լուրջ ու ծանրակշիռ գնահատականներ են տրվել, անձինք ներառվել կամ քննության խնդիրները լուծվել են, չի կարելի։ Իսկ քննության խնդիրն այն է, որ ոչ մի մեղավոր դրսում չմնա, քրեական հանցանք կատարած բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն։ Եթե անգամ ընդունենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի այս կամ այն դրույթը ձևականորեն պահպանվել է գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ քննության առումով, որ նպատակը նա է, որ բոլորին կանչենք հարցաքննենք, բայց գնահատականներ տալու վճռականություն չունենանք, իհարկե, այսպիսի քննությունը ոչ մեկին պետք չէ։ Ես կարծում եմ, որ ներկայիս քննությունը մոտավոր այդ վիճակում է։
– Ձեր կարծիքով՝ ո՞ր հարցերը հատուկ ուշադրության կարիք ունեն և պետք է առավել շատ քննության առարկա դառնան։
– Կարծում եմ, որ առավոտյան Ոստիկանության գործողությունների համաչափության, իրավաչափության հարցը պետք է լուրջ քննության առարկա դառնա, այդ ամբողջ ընթացքում հաշտության բանակցություները ձախողողների հարցը, որպեսզի հասկանանք, թե իրականում ով շիկացրեց մթնոլորտը, և բանը հասավ արյունահեղության, Ոստիկանությունն օգտագործողների հարցը, որ գնահատական տրվի ոստիկաններին իշխանություն պահելու համար օգտագործելու պաշտոնատար անձանց գործելաոճին։
Սպանության գործերը պետք է ակնհայտորեն բացահայտվեն, որպեսզի հանդարտվեն այն անձինք, ում երեխաներն այսօր չկան, և իրենք չգիտեն՝ ով է ձեռք բարձրացրել նրանց վրա։ Նաև շատ ոստիկաներ ու քաղաքացիներ վնասվածքներ են ստացել, բայց այդ մասով քննություն չի տարվում։ Էլ չեմ ասում բանակի ներքաշվելն այս պատմությանը, թե որտեղից հայտնվեցին դիպուկահարները, խմբեր կային, որ չիմացանք՝ ովքեր են, և գրական հայերենով չէին խոսում։ Բազմաթիվ խոցելի հարցեր կան, որ պետք է քննության առարկա դառնան։ Ինչևէ, ամբողջ Մարտի 1-ը կարիք ունի դետալավորված, անձանց պատասխանատվության ենթարկելու խնդրի։