Թուրքական զինուժը հրետակոծել է Աֆրինի արվարձանները, զոհվել են խաղաղ բնակիչներ. SANA
Սիրիայի Աֆրին քաղաքի (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ) քրդաբնակ արվարձանները մարտի 14-ին ենթարկվել են թուրքական զինուժի հրետակոծմանը: SANA գործակալության տեղեկատվության համաձայն, ինը խաղաղ բնակիչների զոհվելու մասին տեղեկություններ են ստացվել Բաադինա գյուղից (Մուաբթալիի օկրուգ)։
Գործակալության տվյալներով, հունվարի 20-ից՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) քրդական ջոկատների դեմ թուրքական զորքերի «Ձիթենու ճյուղ» գործողության սկզբից ի վեր, Աֆրինում ավիահարվածների եւ գնդակոծությունների հետեւանքով զոհվել է 222 մարդ, ավելի քան 700 հոգի վերքեր են ստացել:
SANA-ն նշում է, որ վերջին օրերին զգալիորեն ավելացել է Աֆրինից փախստականների հոսքը Նոբուլ եւ Էզ-Զահրա ավանների ուղղությամբ, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո:
Այնտեղ 20 հազարից ավելի մարդ է ժամանել: Խաղաղ բնակիչները, փրկվելով գնդակոծումներից ու ռմբակոծումներից, ուղեւորվում են նաեւ Հալեպից արեւմուտք ընկած Թել-Ռիֆաաթ քաղաք եւ Զիյարա ու Էլ-Ուքեյբա բնակավայրեր: Թուրքական զորքերը եւ «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) կազմավորումները գրեթե ամբողջությամբ շրջափակել են Աֆրինի վարչական կենտրոնը:
ԺԻՈւ-ի շրջապատված ջոկատները, սակայն, հրաժարվել են անձնատուր լինել եւ շարունակում են դիմադրել՝ կորուստներ հասցնելով հակառակորդին: ANF քրդական գործակալության տվյալներով՝ մարտի 13-ին զինված արտագրոհների ընթացքում ԺԻՈւ-ի մարտիկները սպանել են 25 թուրք զինվորների եւ ՍԱԲ-ի 46 զինյալների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: