«Ադրբեջանի անցկացրած ցանկացած զորավարժություն պետք է կարևոր լինի հայկական կողմերի համար». Վլադիմիր Եվսեև

Մարտի 11-ին Ադրբեջանում Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն՝ սկսվել են լայնամասշտաբ հնգօրյա զորավարժություններ տարբեր զորքերի, ստորաբաժանումների, միավորների մասնակցությամբ: Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ:

Երկրի ռազմական գերատեսչության տվյալներով՝ զորավարժություններին ներգրավված է 25 հազար զինծառայող, 250 միավոր զրահատեխնիկա, մինչև 1000 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, հինգ տասնյակ 50 միավոր տարբեր նշանակության ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև վերջերս Ռուսաստանից, Իսրայելից և Չեխիայից ձեռք բերված մի շարք նոր զինատեսակներ:

«Զորավարժությունների ընթացքում զորքերը պետք է կասեցնեն հակառակորդի հարձակումը, ինչպես նաև հակահարվածների միջոցով վերականգնեն պաշտպանության գիծն՝ ավելի ձեռնտու դիրքերի ներառմամբ՝ հետագայում անցնելով լայնամասշտաբ հակահարձակողական գործողության»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Պաշտոնական Երևանն արդեն արձագանքել է զորավարժությունների անցկացման փաստին, նշելով, որ զորավարժությունները սկսվել են ԵԱՀԿ պարտավորությունների ակնհայտ խախտմամբ: «Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ պարտավորությունների բացահայտ խախտմամբ, առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը: Ադրբեջանցի պաշտոնյա Հիքմեթ Հաջիևը փորձել է հակադարձել Բալայանին, նշելով, որ իբրև թե դրանք համապատասխանում են Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին:

168.am-ի հետ զրույցում Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը նշեց, որ հայկական կողմը պետք է ուշադիր հետևի ադրբեջանական կողմի անցկացրած բոլոր զորավարժություններին, օգտագործվող զինտեխնիկային, դրանց հնարավորությունների իրացմանը: Նրա գնահատմամբ՝ հայկական կողմի համար դա լուրջ բազա կարող է դառնալ հետագայում հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, թեև ներկայումս նման գործողությունների վտանգ չկա:

Ռազմական փորձագետի խոսքով՝ այս զորավարժությունները ԼՂ հակամարտության հետ կապ չունեն: Դրանք, ըստ նրա, իրականում պլանային են, քանի որ Ադրբեջանը կրկին սպառազինություն է ստացել, ժամանակ առ ժամանակ փոփոխվում է զորքերի կազմը, և անհրաժեշտ է, որ բոլոր զինծառայողները կարողանան տիրապետել ժամանակակից սպառազինությանը, կարողանան այն կիրառել լեռնային գոտիներում:

Ըստ նրա՝ զորքերը պետք է հարմարվեն այդ սպառազինությունների կիրառությանը դժվար պայմաններում, այդ նպատակով են կազմակերպվում զորավարժությունները:

«Հակառակորդի անցկացրած զորավարժությունները Հայաստանի համար հատկապես կարևոր են՝ հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական կողմը անընդհատ հանդես է գալիս պատերազմի վերսկսման դիրքերից, և հայկական կողմը պատերազմի պետք է պատրաստ լինի ցանկացած պահի, քանի որ Ադրբեջանը մերժում է ԵԱՀԿ առաջարկները, հետաքննական մեխանիզմները և բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ հնարավոր է՝ պատերազմի վերսկսման փորձ լինի նախորդից ոչ պակաս ծավալներով ապագայում, ինչը կարող է զսպել միայն ռազմական հավասարակշռության վերականգնումը կողմերի միջև և Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարումը:

Սրան զուգահեռ՝ պետք է նշել, որ այս ընթացքում բավականին զարգացել են թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության ծավալները, որոնք ակնառու են հակաօդային պաշտպանության ոլորտում: Թեև Հայաստանն ու Ռուսաստանն ունեն համատեղ ՀՕՊ, Ադրբեջանում Թուրքիան ռազմաօդային ուժեր ունի, որին համարժեք հակազդելու համար Ռուսաստանը պետք է վերազինի Հայաստանին անհրաժեշտ տեխնիկայով և զսպման այլ մեխանիզմներով, քանի որ դա սպառնալիք է նաև Ռուսաստանի համար: Սակայն քաղաքականությունը դժվար արվեստ է, Թուրքիան և Ռուսաստանը ներկայումս որոշակի համագործակցություն ունեն Սիրիայում, որը Ռուսաստանը խաթարել չի կարող:

Այս համագործակցությանը, կարծում եմ, կհաջորդի կենտրոնացում Հարավային Կովկասի վրա, որտեղ Ռուսաստանը դաշնակից ունի: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Դաշնային խորհրդին հղած ելույթից ոմանք նաև ենթադրություններ արեցին, որ Ռուսաստանը կենտրոնանալու է իր և դաշնակիցների վրա՝ անտեսելով նույնիսկ Սիրիան, իհարկե, նման արմատական փոփոխություն չի լինի, բայց ներգրավվածություն նախկին ծավալներով չի լինի, կարծում եմ»,- նկատեց Վլադիմիր Եվսեևը:

Ռուս ռազմական փորձագետի խոսքով՝ ԵԱՀԿ պարտավորությունները ոտնահարվում են, քանի որ այս զորավարժությունները, բացի պլանային նպատակներից, ադբեջանական կողմը «մկանների և բռունցքների ցուցադրում» է համարում:
ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս