«2008թ. մարտի 1-ի ողբերգության պատճառն այն էր, որ Հայաստանում ուժային կառույցներն իշխանության հիմնական հենարանն են». Ավետիք Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ԽՍՀՄ ժամանակաշրջանում պառլամենտը կոչվում էր Գերագույն խորհուրդ, բայց իրականում գերագույնը Կոմունիստական կուսակցությունն էր. «Ես խորհրդարանական կառավարման կողմնակից եմ, բայց անունով կարող է լինել խորհրդարանական, իսկ իրականում ոչ մի աղերս չունենա խորհրդարանականի հետ։ Սահմանադրության մեջ գրված է, որ վերահսկողությունն իրականացվելու է խորհրդարանի կողմից։
Թող ինձ ցույց տան Սահմանադրության հեղինակները, կառավարության անդամները, ՀՀԿ-ականները որևէ պառլամենտական հանրապետության օրինակ, որտեղ վարչապետն ունի այսպիսի լիազորություններ։ Ամենակարևոր հարցն այն է, որ մենք չշփոթենք 2 կարևոր հասկացություն՝ պետական կառույցներ և իշխանություն։ Պետական կառույցները, որոնք իշխանությունից անկախ պետք է գործեն, հետևյալներն են՝ Ոստիկանություն, քննչական մարմիններ, Դատախազություն, դատարաններ, ԿԲ, ԿԸՀ և այլն։ Սրանք պետք է տվյալ պահի քաղաքական իշխանությունից անկախ լինեն»։
Իշխանյանի խոսքով՝ Սահմանադրությամբ նախատեսված էր որակյալ մեծամասնությամբ դատական որոշ նշանակումներ, խոսքը բարձրագույն դատական խորհրդի, դատախազի և վճռաբեկ դատարանի անդամների մասին է, բայց ՀՀԿ-ն խորհրդարանում ունի 60 տոկոս ներկայացվածություն, ինչը, ըստ նրա՝ նշանակում է, որ վերոնշյալ բոլոր կառույցները գտնվում են կուսակցության վերահսկողության տակ. «ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ենթադրվում էր, որ պետք է դառնան նախարարություններ, բայց հիմա դրանք լինելու են վարչապետին կից մարմիններ։ Սա նշանակում է, որ նույնիսկ այս պայմաններում, երբ ՀՀԿ-ն ունի 60 տոկոս, ես ուղղակի դիմում եմ ՀՀԿ անդամներին՝ ձեր նկատմամբ վստահություն չկա, որովհետև նույնիսկ ձեզ կառավարությունը չի վստահում, և այդ ծառայությունները դառնում են վարչապետի կից։ Թող ինձ ցույց տան որևէ պառլամենտական երկիր, որտեղ վարչապետն ունի այդպիսի լիազորություններ։ ԱԺ-ն վերահսկողություն չի ունենալու Ոստիկանության, ԱԱԾ-ի, քննչական մարմինների նկատմամբ, որովհետև դրանք վարչապետի անձնական ծառայություններն են»։
Նա ընդգծեց, որ 2008թ. մարտի 1-ի ողբերգության պատճառն այն էր, որ Հայաստանում ուժային կառույցներն իշխանության հիմնական հենարանն են, ու չկա որևէ վերահսկողություն. «Սահմանադրության ընդունումից հետո ԱԺ-ում ովքեր կողմ են քվեարկել դրան, արդարացնում են 2008թ. մարտի 1-ի դեպքերը։ Ավելին, այդ օրենքներն ընդունելով՝ չեն բացառվում առաջիկայում հերթական Մարտի 1-երը»։