
«Արսենալը» հաղթեց. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Ուոթֆորդին» (3:0):
«Զինագործներին» հաջողվեց հանդիպան մեկնարկին արդեն առաջ անցնել հաշվի մեջ: 8-րդ րոպեին աչքի ընկավ Մուստաֆին: «Ուոթֆորդի» ֆուտբոլիստներն առաջին կեսում լուրջ վտանգ չէին ներկայացնում: Երկրորդ կեսի 59-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի (9-րդ գոլային փոխանցումը) փոխանցումից հետո Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Իսկ ահա 77-րդ րոպեին, ստանալով գնդակը Օբամեյանգից, Հենրիխ Մխիթարյանը դիպուկ հարվածով գրավեց դարպասը (երկրորդ գնդակը «Արսենալի» կազմում): Հայ կիսապաշտպանը փոխարինվեց 81-րդ րոպեին: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով հօգուտ «Արսենալի»:
Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի 48 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ հորիզոնականում է:
Հաջորդ հանդիպումը Արսեն Վենգերի սաները կանցկացնեն մարտի 16-ին՝ մրցելով «Միլանի» հետ (Եվրոպայի լիգա):