«Աղջիկդ դառնալու է իմ կինը, իսկ թոռդ ինձ պապա է ասելու». Արարատում տղամարդը դանակահարել է դստերը հավանած տղային
Վերաքննիչ դատարան է ուղարկվել Արարատի մարզում տղամարդու առողջությանը ծանր վնաս հասցնելու գործը։
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 59-ամյա տղամարդը մեղավոր էր ճանաչվել առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 3 տարի 4 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման: Պաշտպանական կողմը վերաքննիչ դատարանից խնդրել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել։
59-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով այն արարքի համար, որ Արարատի մարզի Արգավանդ համայնքում գտնվող տան դիմաց նույն համայնքի բնակչի կողմից իր աղջկա նկատմամբ անտարբեր չլինելու և հեռախոսով իրեն հայտնած «աղջիկդ դառնալու է իմ կինը, իսկ թոռդ ինձ պապա է ասելու» արտահայտածի վերաբերյալ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում դիտավորությամբ մեկ անգամ ապտակել է տղամարդուն, այնուհետև իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:
Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ. գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները: