«Չեմ հավատում, որ Հայաստանը կամ Ադրբեջանը հետաքրքրված են պատերազմի վերսկսմամբ». Մեթյու Բրայզա
Մեր զրուցակիցն է ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան
– Պարոն Բրայզա, օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես և խոստացել էր միջազգային գրեթե բոլոր հարթակներում, ՀՀ ԱԱԽ նիստի ընթացքում հայտարարեց 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու իր որոշման մասին: Ըստ Ձեզ` ինչո՞ւ հայ-թուրքական կարգավորման գործընթացն այս ուղիով ընթացավ:
– Արդեն 2009 թվականի վերջին և 2010 թվականի սկզբին ես զգում էի, որ Թուրքիայի խորհրդարանը կորցրել է հետաքրքրությունը Ցյուրիխյան արձանագրությունների նկատմամբ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում ակնկալվող բեկումը չէր առարկայացել: Այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը, իրականում ետքայլ արձանագրեցին, Ռուսաստանը նոր առաջարկով հանդես եկավ, որը փոխեց 2007թ. Մադրիդյան փաստաթղթով սահմանված փոխզիջումների նուրբ բանաձևի հիմնարար բնույթը:
Չնայած Անկարայի հետաքրքրության ակնհայտ բացակայությանը` Երևանը, այնուամենայնիվ, ձեռնպահ էր մնում արձանագրությունները չեղարկելու որոշումից՝ որպես բարի կամքի դրսևորում և ժեստ: Ինչո՞ւ նախագահ Սարգսյանն ընտրեց հենց այս պահը նման հայտարարություն անելու համար. ամենայն հավանականությամբ, կապ ունի այն էական քաղաքական սպասվող փոփոխությունների հետ, որոնք տեղի կունենան ապագա նախագահական ընտրությունից հետո, չնայած ես չունեմ կոնկրետ տեղեկատվություն նախագահի մոտիվացիայի վերաբերյալ:
– Ե՞րբ կողմերը պատրաստ կլինեն վերադառնալ այս գործընթացին, և՝ առանց ԼՂ հակամարտության կարգավորմամբ պայմանավորելու:
– Նման հեռանկար չեմ տեսնում: Կողմերը չեն վերադառնա լուրջ բանակցությունների, ինչպես և Ղարաբաղյան հակամարտության կողմերը լուրջ բանակցություններ չեն վարի Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրությունների ֆոնին և նույնիսկ դրանից հետո: Ղարաբաղյան բանակցությունները լուրջ կլինեն միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր երկրի նախագահ վստահ լինի, որ իր պաշտոնակիցը ցանկություն և քաղաքական կարողություն ունի ավարտին հասցնելու հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակային համաձայնագիրը: Բայց նախագահներից ոչ մեկը նման վստահություն չի զգա, քանի դեռ հանրային կարծիքն այս երկու երկրներում չի մեղմվել և պատրաստ չէ ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքները: Ցավոք սրտի, ոչ մի կողմի քաղաքացիները երբեք չեն ընդունել այս սկզբունքները, միգուցե այն պատճառով, որ այդ գաղափարները նրանց զգուշորեն երբևէ չեն բացատրել: Արդյունքում՝ յուրաքանչյուր կողմ նահանջել է նուրբ, բայց կենսունակ փոխզիջումներից, որոնք ամրագրված են Մադրիդյան սկզբունքներում, և բացի դրանից՝ նոր պահանջներ են առաջ քաշել:
– Հայաստանում և Ադրբեջանում ներքաղաքական փոփոխությունների ֆոնին ինտենսիվացել են խոսակցությունները մոտեցող պատերազմի մասին: Սակայն սկսենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումից: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Ադրբեջանի նախագահը վաղաժամ ընտրություններ անցկացնելու անակնկալ որոշում կայացրեց: Այս որոշումը պայմանավորվա՞ծ է արդյոք ԼՂ հակամարտության գոտում սպասվող ինչ-ինչ զարգացումներով:
– Ես չունեմ հստակ տեղեկատվություն նախագահ Ալիևի` վաղաժամ ընտրություններ անցկացնելու որոշման մոտիվացիայի վերաբերյալ: Այնուամենայնիվ կարող եմ ենթադրել, որ, ինչպես դեպքերի մեծ մասի պարագայում, երբ երկրի ղեկավարը վաղաժամ ընտրություններ է նշանակում, մեծամասնությամբ առաջնորդվում է՝ ներքաղաքական նկատառումներից ելնելով: Ամենալավ սցենարի դեպքում նախագահ Ալիևը հույս ունի օգտագործել արագացված ընտրական փուլը ներքին բարեփոխումները համախմբելու նպատակով: Այս բարեփոխումներն անհրաժեշտ էին և քաղաքականապես հնարավոր երկու տնտեսական շոկերի պատճառով` 2014-ին նավթի գների դրամատիկ անկում և ազգային արժույթի` մանաթի խորը արժեզրկում: Բարեփոխումները ներառում են բյուջետային կարգապահություն, մանաթի կայունացում, ազատ դրամավարկային գործիքների մշակում, որը կօգնի տնտեսության ավելի շատ ազատ շուկայական կառավարմանը, բանկային հատվածի համախմբում և կտրուկ ընդլայնված էլեկտրոնային կառավարում: Այս բարեփոխումների խորությունն ու ընդգրկվածությունն անակնկալի է բերել շատ դիտորդների, այդ թվում՝ ինձ: Այսինքն` միգուցե հավելյալ ներքաղաքական նկատառումներն ու իշխանությունն են մոտիվացրել Ալիևին: Ամեն դեպքում, ես չեմ լսել ոչինչ, որպեսզի կարողանամ կապ տեսնել վաղաժամ ընտրությունների և ԼՂ հակամարտության միջև:
– Հայաստանում մեծ վրդովմունք էր առաջացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ընթացքում, որի ժամանակ նա նշել էր, որ Երևանը, Սևանա լիճն ու Զանգեզուրն Ադրբեջանի պատմական հողերն են, և Ադրբեջանը դրանք պետք է վերադարձնի: Ինչպե՞ս եք գնահատում նմանատիպ հավակնությունները: Սրանք նպաստո՞ւմ են արդյոք հակամարտության կարգավորմանը:
– Այդ հայտարարություններն արտացոլում են Ռուսաստանի կայսրության կազմում Երևան գուբերնիայի հիշողությունը, որը ձևավորվել էր 19-րդ դարի կեսերին:
Իմ ընկալումն այն է, որ մինչ Երևան գուբերնիայի բնակիչների մեծամասնությունը հայեր էին, որոշ շրջաններ, այդ թվում՝ ինքնին Երևանը, ուներ ադրբեջանական մեծամասնություն՝ համաձայն 1897 թվականի Ռուսական կայսրության մարդահամարի արդյունքների: Այնուամենայնիվ, երկու կողմերի պատմական տարածքային պահանջների վերաբերյալ իմ խորհուրդը հետևյալն է` ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը:
– Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օրերս նշել էր, որ հնարավոր է՝ պատերազմը ԼՂ հակամարտության գոտում վերսկսվի ցանկացած պահի: Որքանո՞վ է իսկապես իրատեսական պատերազմը ներկայումս:
– Հավանական չէ, որ ադրբեջանական կողմը նոր պատերազմ նախաձեռնի, հատկապես, երբ նախագահական ընտրություններն են մոտենում: Միևնույն ժամանակ՝ չգիտեմ, թե Պաշտպանության նախարար Հասանովն ինչ է ունեցել մտքին՝ անելով հայտարարություն, որը դուք եք մեջբերում: Ճիշտ է, որ ռազմական հակամարտությունը կարող է բռնկվել ցանկացած պահի շփման գծում:
Միևնույն ժամանակ՝ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը կպահանջի էական ժամանակ և ջանքեր՝ տեղաշարժելու համար ծանր սպառազինությունն ու զորքերի մեծ քանակը նախատեսված վայր: Պատերազմի սպառնալիքը, այնուամենայնիվ, դիվանագիտության ավանդական գործիք է, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ հիշեցնում է Հարավային Կորեայի կոնտեքստում:
– Ամերիկյան հետախուզությունն իր ամենամյա զեկույցում նշել էր, որ Արցախի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ հակամարտության, որում կարող է ներգրավվել Ռուսաստանը՝ իր տարածաշրջանային դաշնակից Երևանին աջակցություն ցուցաբերելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս զեկույցն ընդհանուր առմամբ: Կա՞ արդյոք պատերազմի վերսկսման հնարավորություն Հայաստանում և Ադրբեջանում ներքաղաքական փոփոխություններից հետո:
– Ինչպես քիչ առաջ ասացի, ես համաձայն եմ, որ ռազմական բախումներ շփման գծում կարող են տեղի ունենալ ցանկացած պահի, սակայն ես չեմ հավատում, որ երկարատև լայնամասշտաբ հակամարտությունը հնարավոր է առանց էական նախապատրաստությունների: Ավելին, ես չեմ հավատում, որ Հայաստանը կամ Ադրբեջանը հետաքրքրված են պատերազմի վերսկսման հարցում, նույնիսկ, եթե լայնածավալ բռնության վերսկսման սպառնալիքն օգտագործվում է բանակցային նպատակների համար: