Առաջիկա օրերին ցրտահարություն կլինի՞. մասնագետների պարզաբանումը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Համեմատած նախորդ տարիների հետ՝ մասնագետները այս տարին ցրտահարության վտանգի առումով ռիսկային են համարում: Մասնավորապես՝ մարտին ու ապրիլին հնարավոր ցրտերի մասին է մատնանշվում:
Հաշվի առնելով վերջին շրջանում ցրտահարության հնարավոր վտանգի վերաբերյալ նաև լրատվամիջոցներում արծարծվող քննարկումները, հարցի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, պատասխանելով «Փաստ»-ի այն հարցին, թե այս պահի դրությամբ արդյոք ցրտահարության վտանգ կա՞, նախ նշեց. «Մեր հանրապետությունում այս պահի դրությամբ ոչ մի մշակաբույսի առումով ձմեռային ցրտահարություն չի գրանցվել: Նորմալ՝ տեղումներով ու ոչ բարձր ջերմաստիճանով գարուն է: Ըստ տեղեկատվության՝ առաջիկա օրերին ցրտահարության վտանգ չունենք»: Հարցին, թե գյուղացիների շրջանում հնարավոր ցրտահարության վտանգները մեղմելու առումով իրազեկման ինչ աշխատանքներ են տարվում, փոխնախարարը նախ շեշտեց, որ ամեն տարի ցրտահարության վտանգը լինում է: «Երբ ընդհանուր ջերմաստիճանի կտրուկ անկում է լինում և երկարատև բնույթ է կրում, գիտենք, որ դրա հետևանքները բացասական են: Հուսանք, որ նման իրավիճակ այս տարի չի լինի:
Ինչ վերաբերում է ուշ գարնանային ցրտահարություններին, որոնց մասով պետք է խորհուրդներ տալ, ապա այդ մասին դեռևս վաղ է խոսել: Հանրապետությունում տարբեր տարիների ընթացքում ուշ գարնանային ցրտահարություններ դիտվել են տարբեր ժամանակահատվածներում, որոնք տարբեր ձևով են դրսևորվել: Հուսանք՝ այս տարի չենք ունենա նման դեպքեր: Նայած բնակլիմայական գոտիների և նայած մարզերի՝ դա հիմնականում կարող է լինել ապրիլին, ապրիլի կեսերին կամ ապրիլի վերջերին: Առհասարակ տարբեր մշակաբույսեր ունեն տարբեր օրգաններ, ցրտահարման տարբեր աստիճաններ և տարբեր ջերմաստիճաններում են ցրտահարվում:
Սա ընդհանուր մասնագիտական հարց ու խնդիր է, բայց այս պահի դրությամբ դա քննարկելու անհրաժեշտությունը չունենք: Գարունը դեռ նոր է սկսվում: Արարատյան հարթավայրում մարդիկ նոր են սկսում ցանքեր կատարել, որոշ մշակաբույսեր արդեն ցանված են, որոշներն էլ արդեն թաղանթների տակ են: Ծաղիկները և հիմնականում ծառերը կոկոնակալման փուլում են, հետագայում կբացվեն: Աստված չանի, եթե ինչ-որ անկում լինի, բնական է, մենք հնարավորության սահմաններում անհրաժեշտ և օգտակար խորհուրդներով հանդես կգանք»,- եզրափակեց Աշոտ Հարությունյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: