«Չի կարելի, մանավանդ երեխաներին, նշանակումներ անել հարևանի, տատիկ-պապիկների, հորաքույր-մորաքույրների խորհրդով»․ մանկաբույժ
Դեղաձևերը, դեղորայքը դեղատոմսերով բախշելու գաղափարը շատ ողջունելի է, քանի որ հետապնդում է հիվանդին՝ բժշկին ավելի շատ մոտեցնելու, ինքնաբուժումը կասեցնելու, ինչպես նաև դեղաբանական շուկայի վիճակը վերահսկելու նպատակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկական արյունաբան, ԵՊԲՀ արյունաբանության ամբիոնի դոցենտ, Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկ-արյունաբան Անահիտ Զախարյանը։
«Դեղատոմսային ձևին անցնելն ինքնին շատ ողջունելի է, սակայն, իհարկե, այսպես միանգամից՝ մեկ հարվածով, մեկ հրամանի ուժով դա անելը, իհարկե, բավական դժգոհություններ առաջացրեց թե՛ բնակիչների, թե՛ հենց բժիշկների շրջանում, որովհետև բժիշկն ուզում է հիվանդին դեղորայք նշանակել, որը հենց այս պահին պետք է, բայց խոչընդոտ կա՝ անպայման լինի դեղատոմսը, դեղատոմսի նոր ձևը։ Բնական է՝ հիվանդն էլ դժգոհում է այն իմաստով, որ ավելորդ քաշքշուկ է առաջանում՝ դեղորայքի համար պետք է բժշկի գնա, բժիշկը պետք է դեղատոմս դուրս գրի, հիվանդը պետք է վերադառնա դեղատուն, վերցնի դեղորայքը, նորից վերադառնա բժշկի մոտ, որպեսզի իմանա՝ ինչպես կիրառել։ Մի խոսքով՝ այս հարցերը կան, բայց ամեն տիպի հարց էլ կարելի է լուծել։ Կարելի է լուծել աստիճանական քայլերով։
Նախ պետք է փոխվի ազգաբնակչության մտածելակերպը՝ այո՛, եթե առողջական խնդիր կա, հատկապես, եթե տանը հիվանդ երեխա կա, ինքնաբուժում կատարելն անթույլատրելի է։ Պետք է մասնագիտական խորհրդատվության դիմել, պետք է դիմել բժշկին։ Կարծում եմ՝ դա ամենաճիշտ ճանապարհն է այն իմաստով, որ թե հիվանդությունների վերահսկումը, թե բուժման կանոնակարգումը շատ կարևոր են։ Ես շատ կարևորում և ողջունում եմ։ Պարզապես երևի պետք է փուլային անցնի, շատ ճիշտ որոշում է կառավարության կողմից։ Այդ ժամանակահատվածը կծառայի ի նպաստ թե ազգաբնակչության, թե նույն բժիշկների մտածելակերպի, մոտեցումների վերափոխմանը»,- ասաց նա։
«Իրավունքի զարգացման կենտրոն» հ/կ ղեկավար Վիոլետա Զոփունյանն ասաց, որ որոշումը հանրության շրջանում քննարկման արժանացավ վերջին շրջանում, սակայն խոսքը 2017թ․ նոյեմբերին կայացված որոշման մասին է, բավական ժամանակ է եղել քննարկման համար։ Նրա խոսքով՝ նման որոշումներն ու փոփոխությունները պարտադիր կարգով պետք է քննարկել, ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ կլինեն նաև բժիշկ մասնագետներ։ Միևնույն ժամանակ՝ նրա խոսքով՝ «Դեղերի մասին» օրենքն անդրադառնում է նաև դեղերի գրանցման ընթացակարգ, և կան դեղեր, որոնք գրանցելիս էլ պահանջ է դրվում՝ դեղը կարող է դուրս գրվել բացառապես դեղատոմսով, ինչը նորություն չէ։ Այլ հարց է ցանկի ընդլայնումը։
«Կուզենամ ուշադրություն դարձնել նրան, որ երեկվա նախագծում Արդարադատության նախարարության կարծիք-առաջարկը, որը ներկայացված էր ամփոփաթերթում, վերաբերում էր նրան, որ նախապես գնահատման խնդիր կա։ Օրենսդրական առումով, զուտ տեխնիկայի տեսանկյունից խնդիր չունենք, այդ հարցերում օրենքը պահպանվել է։ «Դեղերի մասին» օրենքը կա, կար նաև կառավարության որոշումը, նախատեսված ցանկ, որը դրված է եղել Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում։ Դրան գումարած՝ գործում էր նաև mydrugs.am կայքը, որտեղ ցանկացած քաղաքացի, ով ինտերնետ ունի, կարող է համացանցի միջոցով փնտրել և գտնել դեղերը, որոնք դեղատոմսով կամ առանց դեղատոմսի են դուրս գրվում։ Այս բոլոր միջոցները նախատեսված էին։ Մեկ այլ հարց է, թե ինչի համար է արվում այս փոփոխությունը, և արդյոք պետք էր մինչ այս փոփոխությունը, ըստ ընթացակարգի, համապատասխան միջոցառումներ կազմակերպել։ Առաջարկվել է, որ նաևառաջ պետք էր ուսումնասիրել միջազգային փորձը՝ ինչպիսին են ընթացակարգերն այլ երկրներում, որ դեղերն են դեղատոմսով դուրս գրվում և ինչու, որն է դրա նպատակը»,- ասաց Վիոլետա Զոփունյանը՝ նշելով, որ պետք է դիտարկվեին նաև կոռուպցիոն ռիսկերը, քաղաքացիների, հատկապես՝ խոցելի խմբերի խնդիրները, որոնք կարող էին առաջանալ փոփոխության արդյունքում։ Նրա խոսքով՝ այս խնդիրները հասկանալու համար հարկավոր էր շատ ավելի լուրջ պատրաստվել այս փոփոխությանը, ինչպես նաև հանրային քննարկում անցկացնել։
Վիոլետա Զոփունյանն ասաց, որ «Իրավական ակտերի մասին» օրենքի շրջանակներում, որպես այդպիսին, խախտում չկա։
Անահիտ Զախարյանն ասաց, որ բուժհաստատությունները, այդ թվում՝ պոլիկլինիկաները, պետք է ունենան դեղորայքի արսենալ, որը հենց այդ հաստատությունում կտրամադրվի հիվանդին։ Այդ մեխանիզմի գործելու դեպքում, ըստ նրա, դժգոհություններ չեն լինի։
«Ես չեմ կարող վստահ լինել, որ ցանկացած դեղ կլինի բուժհաստատությունում, բայց ամեն դեպքում՝ լայն կիրառում ունեցող դեղերը պետք է լինեն։ Կարծում եմ՝ դա իրոք կմեղմի պացիենտի դժգոհությունը։
Երկրորդը՝ կուզեի նշել, որ Հայաստանում այսօր դեռևս կա մի շարք չգրանցված դեղորայք, և սա նույնպես խնդիր է առաջացնում՝ ինչպես, որտեղից, ինչ քանակով հիվանդը կարող է դա ձեռք բերել։ Ես, իհարկե, որպես մանկական արյունաբան, որը զբաղվում է նաև արյան չարորակ հիվանդությունների բուժմամբ, հատկապես այդ բնագավառում կա դեղորայք, որը կորցրել է գրանցման ուժը։ Էլեմենտար հորմոնը՝ «Պրեդնիզալոնը», որի վրա այսօր արդեն դրվել է առանց դեղատոմսի ունենալու արգելք, պետք է գրանցվի։ Անհնար է այդ բնագավառում աշխատել և չունենալ ներարկման համար նախատեսված «Պրեդնիզալոն»»,- ասաց նա՝ նշելով, որ, եթե ունենանք գրանցված դեղորայք, դրանց շարքը մեծանա, բուժհիմնարկներն իրավունք կունենան տենդերային տարբերակով ձեռք բերելու և կարող են տրամադրել հիվանդներին։
Նա նշեց, որ ԱՄՆ-ում կա դեղորայք, որն ազատ վաճառվում է նաև սուպերմարկետներում՝ վիտամիններ, միկորէլեմենտներ, աչքի կաթիլ, ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ, բայց դրանք նախատեսված են մեծահասակների համար։
«Երեխաների համար ազատ վաճառքի ոչ մի դեղորայք չկար։ Ես ականատես եմ մի պարզ վիճակի. երբ մեր թոռնիկին դեղորայք էր հարկավոր, և մենք անպայման գրանցվեցինք բժշկի մոտ, այցելեցինք իրեն, և նա միայն դեղատոմսով մեզ ուղղորդեց այն դեղատուն, ուր պատրաստեցին այդ դեղորայքը, դեղաչափը։ 15 րոպեի ընթացքում դա տրամադրեցին մեզ։ Այդ նույն սուպերմարկետներին կից կային նաև դեղատներ՝ դեղորայք պատրաստելու բաժնով։ Համենայն դեպս, մանկաբուժության դեպքում, ես կարծում եմ՝ սա պարտադիր բան է։ Երեխային պետք է բուժում նշանակի բժիշկը, ով տեսնում է, գնահատում, հակաբակտերիալ կամ հակավիրուսային, հակասնկային բուժման իրականացման կամ խորխաբերի նշանակման ցուցում է տեսնում, և այլն։
Մանկաբուժական տեսանկյունից ես միայն և միայն հորդորում եմ և կողմնակից եմ դեղատոմսային ձևին։ Բայց մեծահասակների դեպքում իսկապես կարելի է մի շարք դեղորայքի ազատ վաճառք սահմանել,- ասաց նա՝ շարունակելով,- Մեր իրականության մեջ բարդանում է հիվանդի այցը բժշկին։ Ինձ թվում է՝ դա մտածելակերպի խնդիր է։ Չգիտեմ՝ ինչու, ինչից ելնելով է, միգուցե սոցիալական հարցեր են, միգուցե՝ այլ, հիվանդը մի տեսակ շրջանցում բժշկին։ Դա անթույլատրելի է։ Չի կարելի, մանավանդ երեխաներին, նշանակումներ անել հարևանի, տատիկ-պապիկների, հորաքույր-մորաքույրների խորհրդով։ Ո՛չ, նշանակումը պետք է անի բժիշկը՝ մանկաբույժը»։
Նրա խոսքով՝ անթույլատրելի է փոքրիկների դեպքում ինքնաբուժում կատարել, դրա հետևանքով լինում են ծանր հետևանքներ՝ ծայրահեղ ծանր ալերգիկ վիճակներ, իմունիտետի անկում՝ անխնա և չհիմնավորված հակաբակտերիալ բուժման նշանակման հետևանքով։ Պետք է մեխանիզմներ մշակել, որպեսզի երեխաների այցը մանկաբույժին դյուրին լինի, և ամեն ինչ կկարգավորվի։
Անդրադառնալով հատկապես պոլիկլինիկաներում բժշկական սպասարկման որակին՝ Անահիտ Զախարյանը կարծիք հայտնեց, որ տեղամասային բժիշկն ունի գիտելիքների այն ծավալը, որն իրեն հնարավորություն է տալիս պոլիկլինիկ մակարդակում ախտորոշում կատարել․
«Եթե որոշակի հետազոտությունների կամ հատկապես ախտորոշում կայացնելու առումով դժվարանում են, մանկաբույժները հիվանդին անմիջապես հիվանդանոց են ուղղորդում։ Դա կարող է լինել և՛ բազմապրոֆիլ մանկական հիվանդանոց, և՛ կոնկրետ մեր արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքը։ Ի դեպ, ասեմ, որ մենք գրեթե ամեն օր 10-15 երեխա ընդունում ենք զուտ ախտորոշում կայացնելու համար։ Դա կարող է լինել և՛ ամբուլատոր, և՛ հիվանդանոցային պայմաններում։
Բայց մենք շատ սերտ աշխատում ենք մանկաբույժների հետ, և զգում ես, որ իրենք բավական լավ կողմնորոշված են պաթոլոգիաների մեջ, իրենք ճիշտ են ուղղորդում հիվանդներին։ Օրինակ՝ ես դեպք չեմ հիշում, որ երեխան անհիմն ուղեգրված լինի արյունաբանական կենտրոնի մանկական բաժին»։