Բաժիններ՝

«Թե՛ ժողովուրդը, թե՛ դեղ նշանակողը, թե՛ վաճառողը հայտնվում են օրենքից դուրս վիճակում». Վահե Վարսանյան

Առողջապահության նախարարության հայտարարություներից և դեղատներում` «Դեղերը` միայն դեղատոմսերով» գրությունները փակցնելուց հետո առաջացած աժիոտաժն ավարտվել է, և մարտի 1-ից հետո վիճակը կայունացել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը:

«Այդ խուճապը, իհարկե, արդարացված չէր, բայց այդ խուճապն ինքն իրեն չէր առաջացել, այլ Առողջապահության նախարարության պաշտոնյաների հայտարարությունների, կառավարության ընդունած որոշման պատճառով էր, որ փետրվարի 28-ից հետո բոլոր դեղատոմսով դեղերը վաճառվեն դեղատոմսով, հակառակ դեպքում՝ և՛ վաճառողը, և՛ դեղատոմսերը կառավարության սահմանած կարգին համապատասխան չգրողները պատասխանատվության կենթարկվեն»,- ասաց նա:

Ոլորտի մասնագետը նշեց, որ բժիշկների գործն այժմ խիստ բարդացել է, քանի որ հեքիմ չեն, և նախքան դեղատոմս գրելը պարտադիր պետք է հետազոտեն հիվանդին, ուղարկեն անալիզների, անտիբիոտիկների համար կայունությունն ու զգայունությունը պետք է ստուգեն, և այլն, և նոր միայն նշանակում անեն, իսկ բուժհիմնարկների հնարավորությունները չեն ներում, որ այդքան պացիենտներ ընդունեն: Վ.Վարսանյանի խոսքով` այնպես չէ, որ մարդիկ գնացել, ինքնագլուխ սկսել են անտիբիոտիկներ գնել ու խմել, այլ հիմնականում բժիշկների կողմից նշանակումները եղել են, ուղղակի մի մասը գնացել է բժշկի, մի մասը հեռախոսով է ցուցում ստացել, մյուսի հարևանն է բժիշկ, և այլն.

«Նախարարության պաշտոնյաների կպչուն մտքերն են: Հետազոտությունը մեծ գումարներ արժե, և մարդկանց մի մասը չի կարողանա իրեն թույլ տալ, բայց ամեն դեպքում բժիշկն է նշանակում: Չափազանցնում են, ոչ մեկն ինքնագլուխ զոբի դեղ չի խմում, հորմոնալ դեղ չի խմում: Ոչ կոմպետենտ որոշումներ են կայացնում»:

Վ.Վարսանյանը նշեց, որ Երևանում դուրս էր գրվում ընդամենը 25 հազար հատ դեղատոմս, իսկ վաճառվում էր մոտ 1.5 մլն դեղ: Նա դժգոհեց, որ նոր կարգը դեռ չընդունված՝ արդեն կիրառվում է: Դեղագետի կարծիքով` արտերկրում կիրառվող պրակտիկան, երբ դեղատներում բժիշկների ներկայություն է ապահովվում և ըստ անհրաժետության՝ դեղատոմս գրվում, մեզ մոտ չի կիրառվի:

Նա նշեց, որ պարտադիր դեղատոմսերի պրակտիկան սկզբում Վրաստանում մտցրեցին, բայց ժողովուրդը պայքարեց, և որոշեցին, որ անարդար որոշում է:

«Երբ մարդը զբաղվում է ինքնաբուժմամբ, դա կարելի է, իսկ բժիշկների դեպքում պարտադրում են հետամուտ լինել և նշանակումներն անել: Մոլդովայում, Ռուսաստանում մատների արանքով են նայում սրան: Իսկ մենք Հռոմի պապից ավելի Հռոմի պապ ենք: Մեկ է, չի գործելու այս կարգը: Եթե պահանջարկը կա, առաջարկը լինելու է: Անիմաստ որոշման պատճառով բոլորին դարձնում են օրենք խախտող: Ստացվում է` թե՛ ժողովուրդն է անօրինական դեղ ձեռք բերում, թե՛ դեղ նշանակողը, թե՛ վաճառողը: Բոլորը հայտնվում են օրենքից դուրս վիճակում: Գուցե իրենց ուզածն էլ դա՞ է»,- նշեց Վ.Վարսանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս