«Ձգտելու ենք, որպեսզի 2018-ի տնտեսական ցուցանիշները չզիջեն 2017 թվականին». Սուրեն Կարայան
Հարցազրույց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ
– Պրն Կարայան, տնտեսական լրահոսի ամենաքննարկվող թեման վերջին օրերի ընթացքում 7.5%-անոց տնտեսական աճն է։ Ինչի՞ հաշվին է այն ապահովվել։
– Եթե ուսումնասիրենք ըստ ոլորտների, մենամեծ ազդեցությունն ունեցել են ծառայությունների ոլորտը և արդյունաբերությունը։ Կոնկրետ ծառայությունների մասով՝ աճ է գրանցվել գրեթե բոլոր ուղղություններով։ 2017թ. ծառայությունների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը ֆինանսական ծառայություններն ունեն, և զգալի աճ է գրանցվել, ինչը խոսում է տնտեսության ակտիվացման մասին, քանի որ ֆինանսական միջնորդության նկատմամբ պահանջարկն աճել է։ Կշռով երկրորդ տեղում «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ուղղությունն է, և ամենից շատ հենց սա է աճել։
– «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ուղղությունն ամենից շատ աճել էր խաղատների և բուքմեքերական, ընկերությունների գործունեության հաշվին։ Արդյոք սա դրակա՞ն երևույթ է։ Աճ ապահովում է, բայց կարելի՞ է ոգևորվել խաղամոլության շնորհիվ գրանցված աճով։
– Պետք է ուսումնասիրենք և հասկանանք՝ ովքեր են հիմնականում օգտվել այդ ծառայություններից։ Եթե օգտվողները հիմնականում զբոսաշրջիկներ են կամ այլ երկրների քաղաքացիներ, ուրեմն՝ կարելի է այդ աճն օգտակար համարել։ Շարունակելով՝ ասեմ, որ զգալի աճ է գրանցել նաև կացության վայրերի և հանրային սննդի ծառայությունների ուղղությունը, որն անմիջապես զբոսաշրջության աճի հետևանք է։ Աճ է գրանցվել տրանսպորտի, ՏՏ ոլորտներում։
Կցանկանայի ուշադրություն հրավիրել հատկապես զբոսաշրջության վրա. 2017թ. ունեցել են՝ ինչպես ներգնա զբոսաշրջության աճ՝ 18.7%, այնպես էլ՝ ներքին զբոսաշրջության աճ՝ 10.9%: Ներգնա զբոսաշրջության մեջ զգալիորեն աճել է հատկապես բուժման նպատակով Հայաստան այցելողների թիվը, ինչը պայմանավորված է առաջին հերթին մեր ատամնաբուժական կլինիկաների ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկով։ Մենք 2017թ. զգալի աշխատանքներ ենք կատարել՝ ինչպես ներգնա, այնպես էլ՝ ներքին զբոսաշրջությունը խթանելու համար՝ վիզային ռեժիմի դյուրացումից սկսած՝ մինչև ուղիղ ավիաչվերթերի գործարկում։ Բացի այդ, բազմաթիվ միջազգային հարթակներում հանդես եկանք, մարքետինգային լուրջ միջոցառումներ իրականացրեցինք՝ երկրի ճանաչելիությունը բարձրացրինք։
Այդ աշխատանքների էֆեկտն ավելի շատ այս տարի է զգացվելո,ւ և 2018-ին ակնկալում ենք, որ զբոսաշրջությունն ավելի արագ կաճի։ Այս ցուցանիշները վկայում են այն մասին, որ 2014-2015 թվականների ճգնաժամից հետո տնտեսությունը վերականգնվում է, և մենք գնում ենք այն ուղղությամբ, որն ամրագրել ենք՝ ունենալ արտահանելի տնտեսություն։
– Արդյունաբերության ոլորտո՞ւմ ինչ պատկեր է։ Օրինակ՝ նախորդ տարիներին արդյունաբերության ոլորտի աճն ապահովվում էր հիմնականում հանքարդյունաբերության հաշվին, հիմա այդպես չէ։
– Այո, արդյունաբերության աճը 2017թ. կազմել է 12.6%, և այդ 12.6-ից աճից 9.7 տոկոսային կետն ապահովվել է մշակող արդյունաբերությունը: Այսինքն, ամենամեծ դերը խաղացել է հենց մշակող արդյունաբերությունը։ Նաև մշակող արդյունաբերության կառուցվածքն է դիվերսիֆիկացվել։
Այո, ծխախոտը, խմիչքները և հիմնային մետաղները դեռ մեծ կշիռ ունեն՝ սրանց բաժին է ընկնում մշակող արդյունաբերության կեսը։ Բայց մնացած 50%-ն ապահովվել է մյուս ճյուղերի հաշվին՝ հագուստ, դեղագործություն, և այլն։ Մեր խնդիրը հենց դա է՝ դիվերսիֆիկացնել թե՛ արտահանման ապրանքային կառուցվածքը, թե՛ շուկաները։ Մենք ունեցել ենք 25,2% արտահանման աճ։ Աճել է թե՛ դեպի Եվրամիություն, թե՛ դեպի ԵԱՏՄ արտահանումը։
– Սակայն դեպի ԵԱՏՄ արտահանումն աճել է հիմնականում ալկոհոլային խմիչքների՝ կոնյակի հաշվին…
– Ոչ միայն կոնյակի։ Կան բազմաթիվ արտադրատեսակներ, որոնց արտադրության և արտահանման գծով կտրուկ աճ ունենք, սակայն ծավալները դեռ այնքան մեծ չեն, որ ներառվեն առավել խոշոր խմբերում։ Օրինակ, էլեկտրական սարքավորանքի արտադրությունը, որտեղ միայն անցյալ տարի 5 նոր ընկերություն է հիմնադրվել, արտադրության և արտահանման ծավալները բազմապատկվել են։ Նաև մեկ այլ հանգամանք էլ պետք է հաշվի առնել. դեպի ԵԱՏՄ արտահման մեջ 99%-ը պատրաստի արտադրանքն է, իսկ ԵՄ արտահանման մեջ՝ 42%-ը, հիմնականում հանքահումքային արտադրանք են արտահանում եվրոպական երկրներ։
Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ մենք մեր համագործակցությունը Եվրամիության հետ զարգացնում ենք և փորձում ենք դուրս գալ նաև այլ՝ երրորդ երկրների շուկաներ։
– Պրն Կարայան, 2016թ. ընդամենը 0.2% տնտեսական աճ էր գրանցվե,լ և այդ ցածր աճի ֆոնին, բարձր աճ ապահովելը համեմատաբար ավելի հեշտ էր։ Հիմա ձեր գործը չի՞ բարդացել՝ 7.5%-անոց աճից հետո դժվար չի՞ լինելու 4-5% աճ ապահովել։
– Մենք ձգտելու ենք, որպեսզի 2018-ի տնտեսական ցուցանիշները չզիջեն 2017 թվականին։ Բնականաբար, բյուջեի հիմքում դրված 4.5%-ը կապահովվի, սակայն մենք ձգտելու ենք ավելի բարձր, և, որ շատ կարևոր է՝ ներառական աճ ապահովել, որպեսզի բնակչությունը զգա այդ աճի արդյունքները։
– Այս օրերին ամենաշատը հենց այդ հարցն է քննարկվում՝ ինչո՞ւ 2017 թվականի 7.5% տնտեսական աճը հասարակությունը չզգաց, և երբվանից է սկսելու զգալ աճի դրական էֆեկտը։
– Այդ աճը բնակչյության լայն խավերի վրա միանգամից զգալի չէր լինի։ Մյուս կողմից՝ համաձայն չեմ այն մտքի հետ, որ ասում են՝ աճի ազդեցությունն ընդհանրապես չի զգացվում։ Այն խավը, որը ներառված է եղել այդ աճի մեջ, պարտադիր զգացել է։ Որպեսզի տնտեսական աճն էական ազդեցություն ունենա հասարակության լայն խավերի վրա, պետք է գոնե 2-3 տարի շարունակ այդ աճի տեմպերը պահպանել։
– Այսինքն՝ 2019-2020 թվականներին նո՞ր միայն մարդիկ կզգան այդ աճի էֆեկտը։
– Ոչ, արդեն այս տարվանից սկսած՝ դա կզգացվի, ու այդ ազդեցությունը տարեցտարի կավելանա։ Այստեղ ցանկանում եմ մի փոքր պարզաբանել, որպեսզի առավել հասկանալի լինի տնտեսական աճի ու ազդեցության պահը։ Տեսեք, ստեղծվել են նոր աշխատատեղեր, ներդրվել են նոր հզորություններ, կազմակերպությունները ստացել են լրացուցիչ շահույթ, և այլն։
Բայց մյուս կողմից՝ կային ընկերություններ, որոնք աշխատում էին իրենց հզորությունների 20-30 տոկոսով՝ ամբողջությամբ չէին օգտագործում իրենց ռեսուրսները։ 2017 թվականին ոմանք սկսեցին աշխատել հզորությունների 70-80%-ով։ Այսինքն՝ աճել են, բայց ստիպված չեն եղել նոր աշխատողներ ներգրավել կամ նոր ռեսուրսներ ներգրավել, այլ եղած ռեսուրսներով ավելի շատ են արտադրել՝ արտադրողականությունն են բարձրացրել։ Այո, սա աշխատատեղեր ու աշխատավարձ չի ավելացրել, սակայն դրական էֆեկտ է ունեցել կազմակերպությունների վրա, որը վաղը կզգացվի նաև աշխատողների և շղթայաբար՝ բնակչության այլ խավերի վրա։
– Պրն Կարայան, տեսակետներ կան, որ այդ տեմպը պահպանելու համար անհրաժեշտ է չնվազեցնել ՓՄՁ շրջանառության շեմը, վերացնել շահաաբաժինների հարկումը, վերանայել եկամտային հարկի և այլ հարկերի դրույքաչափերը, ինչպես նաև՝ բանակցել ԵԱՏՄ-ի հետ՝ արտոնությունները (բացառությունները) պահպանելու համար։
– Ես միանգամայն համաձայն եմ, որ եկամտային և այլ հարկերի դրույքաչափերը պետք է վերանայվեն։ Որովհետև, եթե մենք ցանկանում ենք ներգրավել օտարերկրյա ներդրումներ և կառուցում ենք արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսություն, պետք է բարեփոխումներ իրականացնենք՝ թեթևացնելով այն հարկատեսակների բեռը, որոնք ուղղակի ազդեցություն ունեն ներդրողների որոշման վրա և բացասական ազդեցություն ունեն արտահանման վրա։ Եվ հակառակը՝ այդ բացը պետք է լրացնենք այն հարկատեսակների հաշվին, որոնք չեզոք ազդեցություն ունեն արտահանման վրա։
Այժմ կառավարությունում քննարկվում են տարբեր մոտեցումներ, և 2020-2030 զարգացման ծրագրում մեր միջնաժամկետ ու երկարժամկետ որոշումներն արդեն արտացոլված կլինեն։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի գծով արտոնություններին, դրանք պետք է բաժանել 2 մասի։ Կան արտոնություններ վերջնական սպառման համար նախատեսված ապրանքների գծով (մենք այստեղ ավելի հակված ենք, որ դրանք արտադրվեն Հայաստանում) և երկրորդ խումբը՝ արտոնություններ հումքի, կապիտալ և միջանկյալ սպառման ապրանքների գծով։ Իհարկե, այդ ուղղությամբ մենք փորձելու ենք բանակցել, սակայն պետք է նկատի ունենալ, որ կան ընդունված «խաղի կանոններ»։ Փոխարենը՝ կան այլ մեխանիզմներ, որ մենք այսօր կիրառում ենք։
Բոլոր այն հումքային կամ հիմնական միջոց հանդիսացող ապրանքատեսակների մասով, որ ԵԱՏՄ-ում չեն արտադրվում, մենք տալիս ենք արտոնություններ։ Այսինքն՝ մենք մեր արտադրողների համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն չենք ստեղծելու՝ դա հստակ է։
– Որոշ տնտեսագետներ պնդում են, որ տնտեսական աճի մեր պոտենցիալը այսօր 4%-ի սահմաններում է։ Հիմա մենք պոտենցիալից արագ ենք աճում։ Սա չի՞ նշանակում տնտեսության «գերտաքացում»: Այդ նույն փորձագետները, օրինակ, ասում են, որ 2000-ականների երկնիշ աճն իրականում հենց գերտաքացում էր՝ պոտենցիալից բարձր աճ, որի պատճառով էլ 2009-ի անկումն այդքան ցավոտ եղավ։
– Անկեղծ ասած, չգիտեմ՝ ո՞վ է այդպես գնահատում և ինչո՞ւ է այդպես գնահատում: Եթե գնահատում ենք, թե եղած ներդրումները որքան տնտեսական աճ կարող են ապահովել, մենք պետք է անպայման հաշվի առնենք, թե մեր հզորությունների որ մասն ենք օգտագործել։ Արդյո՞ք առկա կարողություններն ամբողջությամբ օգտագործված են, թե՞ ոչ։ Սա հենց այն է, ինչի մասին քիչ առաջ նշեցի. մենք 2017-ի համար ականատես եղանք և համոզվեցինք, որ դեռ մեր արտադրողական կարողությունների 100%-ը կամ 90%-ը չենք օգտագործում: Ու երբ բացվեցին նոր շուկաներ, գործարկվեց ֆինանսական օժանդակության գործիքակազմ, նույն գործարանները սկսեցին ավելի շատ արտադրել։
Այսինքն, մենք կարող ենք աճ ունենալ՝ ինչպես եղած հզորությունների ցածր օգտագործման ցածր մակարդակը բարձրացնելու, այնպես էլ՝ նոր հզորությունների ստեղծման միջոցով։ Մեզ մոտ 2017 թվականին այդ երկու ուղղությամբ էլ աճ է եղել՝ և՛ առկա հզորություններն են սկսել օգտագործվել, և՛ նոր հզորություններ են ստեղծվել և ստեղծվում։
– Պրն Կարայան, ի սկզբանե կանխատեսվում էր 3.2% տնտեսական աճ, հետո վերանայվեց 4.3%, հետո արդեն տարեվերջին՝ ավելի բարձր։ Բայց միջազգային կառույցները մինչև վերջ էլ լավատես չգտնվեցին և անգամ տարվա վերջին առավելագույնը 3.7-3.8 տոկոս աճ էին կանխատեսում։ Ինչո՞ւ այդքան սխալվեցին իրենց կանխատեսումների մեջ։
– Ճիշտն ասած, դժվարանում եմ ասել՝ պատճառը որն է։ Մենք բազմաթիվ քննարկումներ ունեցել ենք մեր միջազգային գործընկերների հետ և միշտ վստահեցրել ենք, որ տեսնում ենք ավելի բարձր աճի հնարավորություն, քան կանխատեսվում է։ Ու սա ասել ենք՝ հստակ հաշվարկների ու գնահատականների հիման վրա։ Այս առումով մի կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել. տնտեսական աճն ապահովվել է այն ոլորտների հաշվին, որոնք Ազգային վիճակագրական ծառայության կողմից հստակ հաշվարկվում են։ Այսինքն՝ աճը չի եղել գյուղատնտեսության և շինարարության հաշվին, որոնք հաշվառման տեսանկյունից այդքան մեծ հստակություն չեն ապահովում, ինչքան արդյունաբերությունն ու ծառայությունները։
– Կառավարությունը որդեգրել է կապիտալ ծախսերն ավելացնելու քաղաքականությունը. աճն այդ կերպ է խթանում։ Հակառակ կարծիքներ կան, որ ավելի ճիշտ էր սպառումը խթանել՝ սոցիալական ծախսերն ավելացնել։ Որովհետև նախ հստակ չէ՝ կապիտալ ծախսերն ինչ էֆեկտ կունենան, և բացի այդ՝ այդտեղ (խոշոր նախագծերի դեպքում) կոռուպցիոն ռիսկերն են մեծ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
– Այստեղ մի կարևոր պահ կա։ Կառավարությունը շեշտում է՝ արտաքին պարտքի հաշվին հիմնականում կապիտալ ծախսեր ենք կատարելու։ Այսինքն՝ ներդրումներ ենք անելու, որոնք տարիներ հետո իրենց արդյունքը կտան և հնարավորություն կտան պարտքը վերադարձնել։ Մենք չենք ասում, որ ընթացիկ ծախսերը չենք ավելացնելու։ Ավելացնելու ենք, սակայն՝ մեր սեփական ներքի ռեսուրսների հաշվին։
– Կառավարությունը խոստացել էր 5 տարվա ընթացքում իրականացնել 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, որից 830-840 մլն դոլարը՝ 2017 թվականին։ Կառավարությունն օրերս հայտարարեց, որ փաստացի իրականացվել են 856 մլն դոլարի ներդրումներ։ Իսկ այս տարվա՝ 2018թ. համար որքա՞ն է ակնկալվում։
– Այդ թիվը մոտ ժամանակներս կհնչեցնենք։ Այս տարի ևս մենք իրականացնում ենք ներդրումային մոնիտորինգ, արդեն սկսել ենք աշխատանքները՝ հստակեցնելու ծրագրերի արդյունքում ստեղծվելիք աշխատատեղերը, ոլորտները, ներդրումների չափը, ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև՝ պետության օժանդակության գործիքակազմից անհրաժեշտ աջակցությունը։ Այդ աշխատանքներն ավերտելուց հետո կներկայացնենք արդյունքները։ 2017-ին իրականացված ներդրումային ծրագրերի ընդհանուր ծավալը այս 856,5 մլն դոլարով չի սահմանափակվում։ Ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել՝ այս 856,5 մլն դոլարը ստանդարտ վիճակագրական ցուցանիշ չէ։
Մենք տարվա սկզբից իրականացվող ներդրումային ծրագրերը վերցրել ենք մոնիտորինգի տակ և ստացել այս թիվը։ Ու այս թիվն արտացոլում է միայն մեր մոնիտորինգի տակ գտնված ծրագրերը, բայց եղել են շատ ներդրումային ծրագրեր, որոնց մասին ես անձամբ տեղյակ եմ, սակայն մոնիտորինգի տակ չեն։