«Այսօր ես երջանիկ մարդ եմ…»
Ավելի քան 3 հազար մարդ է այցելել Ալեքսեյ Գերման-Կրտսերի «Դովլաթով» ռուսական ֆիլմի պրեմիերային: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Կինոնկարի ցուցադրումը տեղի է ունեցել Բելգրադի խոշորագույն համերգային հարթակում՝ Սավա-կենտրոնում Բելգրադի FEST 46-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Պրեմիերային ցուցադրության հատուկ հյուրն է դարձել սերբ դերասան Միլան Մարիչը, որը մարմնավորել է Սերգեյ Դովլաթովին:
«Այսօր ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ հենց դուք՝ հենց սերբական հանրությունը դարձաք այդ ֆիլմի առաջին հանդիսատեսները Բեռլինում նրա համաշխարհային պրեմիերայից հետո»,-հայտարարել է Մարիչը:
«Դովլաթով» ֆիլմը Ալեքսեյ Գերման Կրտսերը նկարահանել է Սերբիայի եւ Լեհաստանի կինեմատոգրաֆիստների հետ համագործակցությամբ: Այն պատմում է գրողի կյանքի 1971 թվականի չորս լենինգրադյան օրերի մասին: «Դովլաթովը» ներառված է FEST-ի գլխավոր մրցութային ծրագրում, որը բաղկացած է 16 ֆիլմից:
Ընդամենը բելգրադյան փառատոնին կմասնակցի 126 կինոժապավեն, որոնցից 116-ն առաջին անգամ է ներկայացվելու հանրությանը: Ֆիլմերի անընդմեջ ցուցադրությունը կշարունակվի տասն օր՝ ինը հարթակներում: Բելգրադյան կինոփառատոնը այդօրինակ խոշորագույն միջոցառումն է Բալկաններում եւ ամեն տարի անցկացվում է 1971 թվականից:
FEST-ի գրեթե կեսդարյա պատմության ընթացքում նրա միագումար լսարանը կազմել է ավելի քան 4 մլն մարդ, որոնք դիտել են 4 հազարից ավելի կինոնկարներ ամբողջ աշխարհից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: