«Հայաստանը ցանկանում է վերադարձնել ՀՀ-ԵՄ հարաբերությունների այն արագությունը, որն ուներ Ասոցացման համաձայնագրի տապալումից առաջ»
Փետրվարի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Էդվարդ Նալբանդյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ ստորագրեց «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթուղթը։
Հայաստանի հետ ստորագրված ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունների փաստաթուղթն իր տեսակի մեջ առաջինն է, որում ներառված են գործակցության չորս հիմնական ոլորտները. դրանք են՝ ինստիտուտների հզորացում և արդյունավետ կառավարում, տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ, էներգաարդյունավետություն, շրջակա միջավայր և կլիմա, ինչպես նաև՝ համախմբում ու մարդկանց միջև շփումներ: Նախատեսվում է նաև, որ ԵՄ-ն մինչև 2020թ. Հայաստանին կհատկացնի մոտ 160 մլն եվրո, իսկ առաջնահերթություններն առանցքային նշանակություն կունենան մինչև 2020թ. Հայաստանին տրամադրվելիք ԵՄ այս աջակցությունն առաջնորդելու հարցում:
«Մեր նոր Համաձայնագրի հետ զուգորդված, որը ստորագրել ենք միայն երեք ամիս առաջ Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում, մենք վերահաստատում ենք դրական արդյունքների ձեռքբերմանն ուղղված մեր համատեղ հանձնառությունն այն ոլորտներում՝ որոնք իրոք կարող են դեպի դրական փոխել մարդկանց կյանքը թե՛ ԵՄ-ում և, թե՛ Հայաստանում»,- նշել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: «Մենք շարունակում ենք ներգրավվածությունն ու գործունեությունը և աշխատում ենք այդ հանձնառություններն իրականություն դարձնելու ուղղությամբ»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:
«Ողջունում եմ Գործընկերության առաջնահերթությունների ընդունումը Եվրոպական միության և Հայաստանի միջև: Այն հանդիսանում է մեր երկկողմ հարաբերությունների տարբերակման անմիջական արդյունքը, որը կառուցում ենք փոխադարձ շահերի հիման վրա: Այն ուղի կհարթի մեր փոխհարաբերությունների համար, որոնք նպատակ ունեն շոշափելի օգուտներ բերել Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքում»,- ասել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այս փաստաթղթի ստորագրման կապակցությամբ հանդես եկավ տեսաուղերձով, որտեղ ներկայացրեց փաստաթղթի կարևորությունը՝ նշելով դրա ձևաչափի մասին: Նա պարզաբանեց, որ այս փաստաթուղթը փոխարինում է ԱլԳ շրջանակում անդամ-երկրների հետ ստորագրվող Գործողությունների ծրագրի (Action plan) փաստաթղթերին, որոնք անցյալում ստորագրվում էին:
«Փաստորեն, մենք խոսում ենք նոր ձևաչափի մասին: Հայաստանը մեր գործընկերներից առաջինն է, որը բանակցել ու ավարտին է հասցրել այս համաձայնագիրը: Համաձայնագիրը կառուցված է չորս հիմնասյուների վրա, որոնք հանդիսանում ենք ԱլԳ հիմնական ուղղությունները»,- ասել է Սվիտալսկին` շարունակելով ներկայացնել չորս ուղղությունները մանրամասնորեն:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թեննոքը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ այս փաստաթուղթը, Գործողությունների ծրագրի նման, պետք է ժամանակ առ ժամանակ վերաբանակցվի և վերանայվի, քանի որ ժամանակի ընթացքում իրականացվում են կողմերի առջև դրված նպատակներն ու, հետևաբար՝ փոխվում նաև առաջնահերթությունները: Նրա կարծիքով՝ առանձնահատուկ ոչինչ այս փաստաթղթում չկա:
«Ամրագրված են կողմերի առաջնահերթությունները, անելիքները, որոնք սահմանվում են ՀՀ-ԵՄ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրով ծավալուն կերպով, իսկ այս փաստաթղթում` թիրախային ու համառոտ: Սա լավ գործիք է վերահսկելու և ամրագրելու արված աշխատանքը՝ ԵՄ ֆինանսավորումները փոխանցելու և ճիշտ ուղղորդելու համար:
Ըստ իս` կարևոր հանգամանքն այստեղ այն է, որ Հայաստանն առաջինն է, որ Գործողությունների ծրագրի փոփոխված ձևաչափով նման համաձայնագիր է ստորագրում, ինչը խոսում է այն փոխըմբռնման մասին, որն ունեն Երևանն ու Բրյուսելը, սակայն, միևնույն ժամանակ, դա ապացույց չէ, որ Հայաստանն անպայմանորեն իրականացնելու է իր առջև դրված խնդիրները: ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ժամանակ ևս Հայաստանը Արևելյան գործընկերություն ծրագրի առաջամարտիկն էր, և այդ բանակցություններն ամենաարդյունավետն էին՝ արագության տեսանկյունից, սակայն համաձայնագիրը ստորագրել չհաջողվեց:
Ակնկալում ենք, որ այս ծրագրով ամրագրված ուղղություններով առաջընթաց կարձանագրվի Երևանում, քանի որ 160 մլն-ը քիչ չէ բարեփոխումների համար, ուստի կարող է որոշ ոլորտներում էական որակ փոխվել, հուսանք, որ դա իսկապես տեղի կունենա: Ուրախալի հանգամանք էր, որ Առաջնահերթությունների փաստաթուղթն իսկապես արտացոլում էր այն առաջնահերթությունները, որոնք դրված են կողմերի առջև, և այն խնդիրները, որոնք ունի Հայաստանը և պետք է վերացնի ԵՄ-ի աջակցությամբ»,- ասաց Չարլզ Թեննոքը:
Նրա կարծիքով՝ ԵՄ-ն անում է հնարավորը, որպեսզի հասարակությունն այս հարաբերությունների և իրականացվող աշխատանքի մասը դառնա: Նրա խոսքով՝ գործընթացը բավականին թափանցիկ է, ամեն առիթ օգտագործվում է հասարակության հետ կապը ստեղծելու, հասարակությանը ձեռքբերումները ներկայացնելու համար, ինչը մեծ բացթողում էր մինչև 2013 թվականը:
«Հայ հասարակությունը, ամենայն հավանականությամբ, բանակցությունների մասին տեղեկություններ քաղում էր միայն պաշտոնական հազվադեպ հաղորդագրություններից, իսկ այսօր, բացի պաշտոնական հաղորդագրությունները, դեսպանատան աշխատանքը, փորձագիտական համայնքի ուշադրությունը ևս չափազանց մեծ է այս հարցի վրա»,- նկատեց Չարլզ Թեննոքը:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ընթացքում Ասոցացման համաձայնագրի տապալման վերաբերյալ դիտարկումներին` Չարլզ Թեննոքն ասաց, որ Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիր, սակայն ստորագրեց մեկ այլ փաստաթուղթ, որը շատ քիչ է զիջում նախկինում բանակցված փաստաթղթին:
«Բնականաբար, տեղի ունեցածի մեջ միայն ԵՄ-ին մեղադրելը սխալ եմ համարում, քանի որ բոլոր կողմերն էլ մեղավորության իրենց չափաբաժինն ունեին: ԵՄ-ն պատրաստ չէր իրադարձությունների նման ընթացքի, հենց այդ պատճառով չէր կարող Հայաստանի հետ ստորագրել միայն Ասոցացման համաձայնագիր, որը, ըստ ՀՀ նախագահի՝ ստորագրեց Ուկրաինան, ԵՄ-ն չգիտեր, թե ինչ է իրենից ներկայացնելու Եվրասիական տնտեսական միությունը, ԵՄ-ն չէր պատկերացնում նաև, թե ինչ է նշանակում Հայաստանի այդ որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի ԵՄ-ն ստանար իր հարցերի պատասխանները և կարողանար վերաիմաստավորել Արևելյան գործընկերություն ծրագիրը նոր իրողություններ պայմաններում:
Կարծում եմ` դա ճիշտ որոշում էր ԵՄ-ի կողմից, քանի որ ԵՄ-ն կարողացավ գնահատել իրավիճակը, որի հիման վրա Վերանայված Հարևանության քաղաքականություն ձևավորեց և Հայաստանի հետ նոր համաձայնագիր»,- ասաց Չարլզ Թեննոքը:
Նրա համոզմամբ՝ այդ ժամանակը նաև Հայաստանին էր անհրաժեշտ՝ հասկանալու համար, թե որոնք են այն սահմանափակումները և հնարավորությունները, որոնք ԵԱՏՄ է տալիս Հայաստանին:
«Ներկայումս ամիսներ առաջ ստորագրված համաձայնագիրը և օրերս ՀՀ-ԵՄ փաստաթուղթը ցույց են տալիս, որ կողմերը, անկախ ՀՀ ԵԱՏՄ անդամակցության, ունեն փոխըմբռնման բավարար մակարդակ և հաստատուն քայլերով առաջ են գնում: Տպավորություն ունեմ, որ Հայաստանը նույնիսկ ցանկանում է վերադարձնել ՀՀ-ԵՄ հարաբերությունների այն արագությունը, որն ուներ Ասոցացման համաձայնագրի տապալումից առաջ: Դա մենք միայն ողջունում ենք և առաջընթաց ակնկալում: Հուսով ենք նաև, որ հայկական կողմի պատկերացումը կիրականանա, և Հայաստանը կկարողանա որոշակի դերակատարություն ունենալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, իհարկե, դա դեռ աղոտ գաղափար է, բայց շատ իրատեսական»,- նկատեց խորհրդարանականը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը խոսելով 2013 թվականին Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի չստորագրման և Մաքսային միությանը միանալու որոշման դրդապատճառներից՝ ասել էր, որ Հայաստանը որևէ երկրի հետ գաղտնի բանակցություններ չի վարել, որևէ մեկի ճնշման տակ որոշում չի կայացրել:
«Ինչպես ասացի, մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններից փորձել ժամանակավոր օգուտներ քաղել՝ բերում է մեծ ողբերգությունների: Մենք այդպիսի ողբերգության միջով անցել ենք և չէինք ուզենա, որ այդ ողբերգությունները կրկնվեին»,- ասել էր Սարգսյանը:
Նա նաև պատմել էր, որ եվրոպական կողմին առաջարկել էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը և մերժում էր ստացել, այնինչ որոշ ժամանակ անց նույնպիսի համաձայնագիր ԵՄ-ն Ուկրաինայի հետ էր ստորագրել: