Բաժիններ՝

«Դատախազությունը զբաղվում է խախտումներ թույլ տված շինարարական կազմակերպություններով». Արմեն Ամիրյան

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև 2014-2016 թվականներին Ֆինանսների նախարարության կողմից հուշարձանների վերականգնման ընթացքում թվով 6 շինարարական կազմակերպությունների մասով արձանագրված խախտումների դեպքերին:

Խախտումների ընդհանուր գումարը, ըստ նրա՝ կազմում է 65 մլն դրամ. «Մենք սկսել ենք բանակցել այդ կազմակերպությունների հետ, սակայն որևէ վերջնական արդյունքի դեռևս չենք հասել: Գործն արդեն ուղարկված է Դատախազություն, և իրավապահ մարմինները հիմա զբաղվում են խախտումների դեպքերով: Կարծում եմ՝ այդ կազմակերպությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նրանք կհայտնվեն մեզ համար ոչ ցանկալիների ցուցակում, և չեմ կարծում, թե դրանից հետո նրանք այլևս տեղ կունենան մեր հայտարարած մրցույթների ցանկերում»:

Նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ խախտումներ կատարած շինարարական ընկերություններն են՝ «ԷՆ ՍԻ Ի ՍԻ» ՍՊԸ՝ մոտ 30 մլն դրամի խախտումով, «Աումասքար» ՍՊԸ՝ 4.7 մլն դրամի խախտումով, «Բուրգ 999»՝ 5.6 մլն դրամի խախտումով, «Հիդրո իզոլ»՝ 2.3 մլն դրամի խախտումով, «Կոտայք նախագիծ» ՍՊԸ՝ 4.8 մլն դրամի խախտումով, «Լևբուկ» ՓԲԸ՝ 17.3 մլն դրամի խախտումով:

Դեռևս անցյալ տարի տարեվերջյան ամփոփիչ թռուցկաժողովի ընթացքում Արմեն Ամիրյանը հայտարարել էր՝ 2017 թվականին կատարված ծրագրերից իրեն չի գոհացրել հատկապես հուշարձանների վերականգնման ոլորտում իրականացված աշխատանքները, որի հիմնական մեղավորությունը նախարարը վերագրել էր շինարարական կազմակերպությունների ոչ բարեխիղճ աշխատանքին: Պատճառներից նշվեց նաև այն, որ ընթացակարգը, հայտարարված մրցույթի մասնակից կազմակերպություններից մեկի բողոքի պատճառով՝ շինարարության մեկնարկի ժամկետը ձգձգվեց մինչև սեպտեմբեր, իսկ շինարարները 6 ամսվա ընթացքում չեն կարող իրականացնել նախատեսված ամբողջ ծավալը:

Ինչպես պարզ դարձավ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում՝ նախորդ տարի բացթողում են գրանցել թվով 7 հուշարձանների վերանորոգման ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս