Բաժիններ՝

2018 թ. պատմամշակութային հուշարձանների վերականգնման ոլորտում կիրականացվի 3 պեղում, 5 նախագիծ և 10 շինարարական աշխատանք

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին պետական բյուջեի միջոցներով 2018թ. հուշարձանների ուսումնասիրման (այդ թվում՝ պեղումների) նախագծման և վերականգնողական աշխատանքի մրցույթների և դրանում ընդգրկված 15 հուշարձանի վերականգնողական աշխատանքների մասին:

Դեռևս անցյալ տարի տարեվերջյան ամփոփիչ թռուցկաժողովի ընթացքում նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել էր՝ 2017 թվականին իրականացված ծրագրերից իրեն չի գոհացրել հատկապես հուշարձանների վերականգնման ոլորտում իրականացված աշխատանքները, որի հիմնական մեղավորությունը նախարարը վերագրել էր շինարարական կազմակերպությունների ոչ բարեխիղճ աշխատանքին և հստակ պահանջ սահմանել՝ շինարարական ընկերությունների մրցույթի հայտարարությունը հրապարակել հունվարի 15-ին, առանց մեկ օր զիջելու:

Արդեն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նախարար Ամիրյանը հայտարարում է՝ անցյալ տարի թերացած շինարարական կազմակերպություններին հնարավորություն է տրվել այս տարի լրացնելու և շտկելու անցյալ տարվա թերացումները, բայց նաև խիստ ժամկետ է սահմանվել՝ մինչ մայիս ամիսը, որից հետո արդեն կշարունակեն 2018 թվականի համար նախատեսված աշխատանքի ծավալը: Նախարարը տեղեկացրեց, որ Մշակույթի նախարարության կայք-էջի միջոցով հնարավորություն է ընձեռվելու 24 ժամ շարունակ հետևել պատմամշակութային հուշարձանների վերականգնման ընթացքին: Նախարարի հավաստմամբ, տարվա ընթացքում ստուգայցեր և շրջայցեր նույնպես կլինեն:

2018 թվականի շինարարական մրցույթին ներկայացված հուշարձանների ցանկը ներկայացրեց Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը: Նրա փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա ընթացքում կիրականանա թվով երեք պեղում, հինգ նախագիծ և տասը շինարարական աշխատանքներ: Պեղումների նպատակով մրցույթը  հայտարարված երեք հուշարձանների համար՝ Ամբերդ ամրոցը, Լոռի բերդը (միջնադարյան բաղնիքը) և Նուռնուսի եկեղեցին:

Նախագծային աշխատանքների մեջ ընդգրկված են Արտաշատ պատմական մայրաքաղաքը, որտեղ դեռևս 2011 թվականին բացվել էր արտառոց պատմագիտական նշանակություն ունեցող խճանկար, Ոսկեվազ գյուղում գտնվող Սբ. Հովհաննես եկեղեցին, Քոբայրավանքը, Սանահինի վանական համալիրը, Սոլակ մայրավանքը, Հոռոմի Սբ. Հռիփսիմե եկեղեցին, Սյունքի մարզի Սբ. Գևորգ եկեղեցին, Գոշավանքը, Դվինի հնավայրը, որի պեղումների հետ կապված նախատեսվում է հեռուստատեսություններից մեկի հետ սերիալ նկարահանել, որ կպատմի հենց պեղումների ընթացքում արշավախմբի աշխատանքի ընթացքի մասին, որը նաև հանրահռչակման առումով լավագույն միջոցառումը կլինի:

Մշակույթի փոխնախարարը նկատեց՝ ինչպես անցյալ տարի խոստացել էր նախարարը՝ ամեն տարի ունենալու ենք ավարտական աշխատանքներ, հանձնվելու են արդեն պատրաստ, վերականգնված հուշարձաններ:

Շինարարական բոլոր մրցույթներն արդեն հայտարարված են: Արդյունքների մասին լրագրողներին հայտնում է ասուլիսի բանախոս, Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը. «Նախատեսված 10 հուշարձանների աշխատանքներ համար 8 փաթեթներն արդեն իսկ բաշխված են: Առաջիկայում հայտնի կլինեն նաև մյուս երկուսի անունները: Վերականգնման առումով նույնպես շարունակվող աշխատանքներ կան դեռևս 2017 թվականից: Նշանակալի տվյալների առումով կարող եմ տեղեկացնել, որ այս տարի առաջին փաթեթի բացման պարագայում 6 հուշարձանի համար 13 դիմող է եղել, և երկրորդ փաթեթին` 2 հուշարձանների պարագայում՝ 9 դիմողներ: Նման ակտիվություն մինչ օրս չի եղել, որը կապված է թափանցիկության և վստահության աստիճանի բարձրացման հետ, բացի այդ, պարզեցվել և հստակեցվել են նաև պահանջները՝ ըստ յուրաքանչյուր հւշարձանի»:

Արմեն Աբրոյանը տեղեկացնում է՝ դեռևս 2017 թվականին 14 հուշարձանի վերականգնողական աշխատանքներ էին նախատեսվել, խնայված միջոցներից՝ ևս 3-ը, իսկ ուսումնասիրման և դիտանախագծային փաստաթղթերից՝ 4-ը: Պետական բյուջեով նախատեսված 250 մլն դրամից անցյալ տարի վերականգնողական աշխատանքների համար ծախսվել է 199 մլն 457 հազար դրամ, նախագծման և ուսումնասիրման աշխատանքների համար՝ 11 մլն 275 հազար դրամ, որից մնացորդ 17 մլն 200 դրամ՝ որպես խնայողություն՝ վերադարձվել է պետական բյուջե:

Արև Սամուելյանը տեղեկացնում է նաև՝ մոտ 10 մլն դրամի չափով գումար նախատեսված է պատմամշակութային հուշարձանների վերականգնման հրատապ միջամտությունների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս