Լույս է տեսել երաժշտագետ Արամ Աբրահամյանի «Գերմանական կվինտետ» գիրքը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր կայացավ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, երաժշտագետ Արամ Աբրահամյանի «Գերմանական կվինտետ» գրքի շնորհանդեսը: Գրքում երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արամ Աբրահամյանն անդրադառնում է 19-րդ դարի գերմանական մշակույթը ներկայացնող 5 մեծանուն կոմպոզիտորների՝ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի և Բրուքների կյանքին ու ստեղծագործությանը:
Արամ Աբրահամյանը պատմում է՝ գրքի վրա սկսել է աշխատել 2013 թվականից. այն իրենից պահանջեց շուրջ երեք տարվի:
«Թվում էր, թե համաշխարհային դասականների ստեղծագործություններն ու մեծագույն կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգությունը, նրանց կյանքն ու կենսագրությունն այնքան ուսումնասիրված ու հետազոտված է մեզանում, որ այլևս նոր ասելիք, այս առումով, կարծես թե, չկա, բայց պարզվում է՝ այդպես չէ, և ահա ծնվում է այս փոքրիկ գրքույկը, որի հեղինակն իմ մտերիմ բարեկամ, հիանալի երաժշտագետ Արամ Աբրահամյանն է,- շնորհանդեսի բացման իր խոսքում նկատում է «Գերմանական կվինտետ» գրքի խմբագիր, երաժշտագետ Սեդա Շեյրանյանը՝ հավելելով,- Երբ Արամն ինձ զանգահարեց ու առաջարկեց ծանոթանալ գրքում տեղ գտած պատումների հետ, ես շատ երջանիկ էի: Առաջին իսկ տողերը, որ ընկան աչքիս, վկայեցին այն մասին, որ գիրքը բառացիորեն լինելու է արտառոց մի բան: Այն գրված է էսսեի ժանրում, շատ հասկանալի և բացառիկ պարզ լեզվով, բայց ոչ պարզունակ՝ հասկանալի և՛ մասնագետներին, և՛ հասարակության լայն շերտերի համար: Գիրքն ընդգրկում է 18-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի վերջերը, մինչև Բրամս, Բրուքներ, դառնալով մի ողջ դարաշրջանի պատմություն»:
Շնորհանդեսին ներկա գեղանկարիչ, Հայաստանի Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանն իր խոսքում հիշում է. «Տարիներ առաջ, երբ ես Ազգային պատկերասրահի տնօրեն էի, Արամ Աբրահամյանի մասնակցությամբ Ազգային պատկերասրահում նկարահանվում էր՝ երաժշտագիտական մի հրաշալի հաղորդում, որին շատ հաճախ ես ինքս հետևում էի հենց նկարահանման ընթացքում կողքի դահլիճից ուղղակի լսելով, հետևելով նրա խոսքին: Գիտե՞ք, դա ոչ թե դասախոսություն էր, այլ մի մեծ պատմություն՝ մշակութային այնպիսի հաղորդումներ, որոնց ես հիմա էլ կարոտում եմ»:
«Գերմանական կվինտետ» գրքին անդրադառնալով՝ շնորհանդեսին ներկա դիրիժոր Ռուբեն Ասատրյանն էլ, իր հերթին նկատում է՝ սա ոչ միայն գեղարվեստական պատումների՝ էսսեների մի հավաքածու է, այլ նույնիսկ մասնագիտական շատ նեղ շրջանակների համար նախատեսված ձեռնարկ, որից յուրաքանչյուր երաժիշտ կարող է իր համար խիստ կարևոր և օգտակար երաժշտագիտական տեղեկություններ և գիտելիքներ քաղել:
Տեղեկացնենք, որ աշխատության հեղինակը «Գերմանական կվինտետ» գիրքը նվիրել է դիրիժոր Դավիթ Խանջյանի հիշատակին: