«Իսկ ինչո՞ւ գիրքը պետք է էժան լինի». Արմեն Մարտիրոսյան
«Այն, որ ընթերցողական ճգնաժամը Հայաստանում տեղի է տալիս, ակնհայտ իրականություն է, որը նաև նախորդ տարիների համեմատ շատ լավ ցուցանիշ է»,- այսօր՝ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան տոնին, Հայաստանում գիրք նվիրելու օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսին ասում է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ նկատում է՝ գրքի տոնին գրքերի աճող վաճառքը դեռ չի նշանակում, որ դրան հաջորդող օրերին պատկերը նույնն է.
«Տոները խնդիր ունեն, ու այս տոնն էլ բացառություն չէ: Գիրք նվիրելու օրը իրար գրքեր են նվիրում, իսկ մյուս օրերին այլևս գիրք չեն նվիրի, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում մարտի 8-ին և ապրիլի 7-ին են կանանց հիշում: Ես կուզենայի՝ տարվա ընթացքում 367 օր իրար գիրք նվիրեն և կարդան դրանք: Գիրքը պետք է կարդան դեռ չծնված երեխայի համար: Գիրքը պետք է երեխայի ծննդյան առաջին օրերից նրան ուղեկցի, և այդպես՝ ողջ կյանքի ընթացքում: Մենք այդ մշակույթը չունենք: Մաքսիմում՝ ծնողը երեխային քնելուց առաջ հեքիաթ կարդա, այն էլ՝ շատ քիչ ընտանիքներում: Ե՞րբ է մեր երեխան շփվում գրադարանավարի հետ, կամ արդյո՞ք գրադարանավարը Հայաստանում, այսպես ասած՝ «ավտարիտետ» է, և ինչո՞ւ այդպես չէ, երբ, օրինակ, Շվեդիայում, Գերմանիայում, Լեհաստանում պատկերը բացարձակ այլ է: Ես խոսում եմ հասրարակության մոտեցման և ընկալումների մասին: Մինչև այս հարցերը չլուծվեն, այլ հարցերին անդրադարձն ուղղակի անիմաստ է: Սրանք առաջին հայացքից՝ ոչ այնքան կարևոր, բայց իրականում՝ շատ խորքային մշակութային խնդիրներ են»:
Ինչպիսի՞ն է արդի հայ գրողի և ընթերցողի կապը, ի՞նչ գրքեր են այսօր վաճառվում Հայաստանում, և ի՞նչ է կարդում այսօր հայաստանցին: Այս հարցերին ի պատասխան՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Հայաստանցին աշխարհի քաղաքացի է: Կարդալու համար նա ընտրում է այն, ինչ ընտրում է աշխարհը՝ վեպ, հանրամատչելի գրականություն, գիտական գրականություն, պոեզիա և դոկումենտալ ժանրի տարբեր գրքեր՝ հիմնականում կենսագրականներ, և այլն: Ի՞նչ ենք առաջարկում մենք մեր ընթերցողին, հավանաբար վերջին տարիներին՝ մեծամասամբ գեղարվեստական գրականություն: Առաջիկա տարիների համար նախատեսում ենք թափ հաղորդել նաև մասնագիտական գրականությանը՝ տնտեսագիտության, հոգեբանության լավ ձեռնարկներ, և այլն»:
Հղում կատարելով թվերին՝ Արմեն Մարտիրոսյանն ընդգծում է՝ մի անուն գրքից միջին հաշվարկով 2015 թվականին վաճառվել է 40 կտոր, 2016 թվականին՝ 48 կտոր, և 2017 թվականին՝ 74 կտոր գիրք: Երեք տարվա ընթացքում վաճառվող գրքերի քանակը՝ մեկ անուն գրքի միջին հաշվարկով, կրկնապատկվել է: Այնուամենայնիվ, առկա ցուցանիշները բացարձակ թվերով չեն բավարարում Արմեն Մարտիրոսյանի սպասելիքները:
«Արդյո՞ք գիրքը թանկ ապրանք չէ Հայաստանում» հարցին Արմեն Մարտիրոսյանը պատասխանում է. «Իսկ ոսկին թանկ չէ՞: Գիրքը ոսկուց թանկ է: Իսկ ինչո՞ւ գիրքը պետք է էժան լինի: Իսկ ինչի՞ց է թանկ գիրքը՝ խաղալիքի՞ց, սրճարանի՞ց, ծխախոտի՞ց, հագուստի՞ց, կոշիկի՞ց՝ իհարկե ո՛չ: Գիրքը ոչ մի բանից թանկ չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում