Բաժիններ՝

«ԱՄՆ-ի դիրքորոշումը չի չեղարկում միջուկային գործարքը». Իրանի ԱԳ նախարար

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) միակողմանի կարգով դուրս գալու ԱՄՆ-ի ձգտումը չի չեղարկում բուն գործարքը: Այդ մասին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է փետրվարի 18-ին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Դոնալդ Թրամփն իր նախագահության առաջին օրվանից փորձում էր զերծ մնալ այդ համաձայնագրի կատարումից եւ հնարավոր ամեն ինչ անում էր, որպեսզի Իրանին թույլ չտա ճաշակել այդ համաձայնագրի պտուղները: Ուստի մենք գտնում ենք, որ ԱՄՆ-ն արդեն խախտել է ԳՀՀԾ-ի դրույթները»,-նշել է Զարիֆը:

Նա ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ հենց ԱՄՆ-ի նախագահի վարչակազմն Է, այլ ոչ թե առանձին անձինք կամ ամերիկյան կազմակերպույթուններ խախտում Թեհրանի հետ միջուկային գործարքի դրույթները: «Դա նշանակում է, որ ապագայում ոչ ոք չի հավատա ԱՄՆ-ի կառավարությանը եւ ոչ մի պայմանագիր չի կնքի նրա հետ»,-իր միտքը պարզաբանել է ԱԳ նախարարը: Միեւնույն ժամանակ նա չի շտապում լուծարված համարել ԳՀՀԾ-ն: «Ո՛չ, ԱՄՆ-ը խախտում է գործարքը, բայց դա չի նշանակում, որն այն չեղարկված է: Մնացած ողջ միջազգային հանրակցությունը, չնայած ԱՄՆ-ի գործողություններին, ջանում է կատարել իր պարտավորությունները համաձայնագրին համապատասխան»,-հայտարարել է Զարիֆը:

Նրա գնահատմամբ՝ Վաշինգտոնին «որոշակիորեն չի հաջողվի ամբողջ աշխարհին տրամադրել» Իրանի դեմ եւ մեկուսացնել նրան: «Հնարավոր է՝ օրերից մի օր ԱՄՆ-ն այդ կերպ ինքն իրեն մեկուսացնի եւ էլ ավելի վտանգավոր բան ստեղծի. ոչ մի պետություն չի վստահի միջազգային պայմանագրերի տակ ԱՄՆ-ի ստորագրությանը»,-ասել է Զարիֆը:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս