Բաժիններ՝

«Եթե Հայաստանը գնա այդ ծրագրի զարգացմանը, ապա մնացած բոլոր խաղացողները պատրաստ են»

«Անկախ այդ գնից, ցանկացած երկիր միշտ մտածում է այլընտրանքային ճանապարհների մասին։ Սա է դրված էներգետիկ անվտանգության հիմքում՝ դիվերսիֆիկացիան, և գինն այստեղ երկրորդական է։ Հայաստան գազամատակարարման հարցում ռուսական «Գազպրոմ» կազմակերպությունը մենաշնորհ ունի, և դա արդեն վատ է։ Երկրորդ, իհարկե, արդեն այստեղ գալիս է գինը, բայց նույնիսկ այն, որ Ռուսաստանը հայտարարում է, որ Հայաստանն ունի ավելի ցածր գին, դա, ճիշտն ասած, բնակչությանն այդքան էլ չի հուզում, որովհետև Հայաստանի բնակչությունն ունի տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաբարձր սակագինը, օրինակ՝ Ուկրաինան, որ դժվարության մեջ է, կամ Վրաստանը, որտեղ բնակչությունը շատ ավելի ցածր գին է վճարում։

Դա էլ գալիս է մենաշնորհից։ Իրանից գազ ստանալու դեպքում կարելի է այդ հարցն էլ լուծել»,- ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին։

Ըստ նրա՝ Իրանի կողմից ցանկացած գնի դեպքում Հայաստանում գազը կունենա ավելի ցածր սակագին։

Սակայն, Հ.Իգիթյանի կարծիքով, կա նաև հարցի քաղաքական կողմը, որ ՀՀ կառավարությունը զգուշանում է Իրանի հետ ինտենսիվ բանակցել այդ հարցում, որովհետև այս կառավարությունը եկել է հենց մենաշնորհային «Գազպրոմից» և երբեք չի վնասի իր մայր կազմակերպության շահերը։

Անդրադառնալով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հայտարարությանը, թե Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան ռուսականն է, իսկ Իրանի հետ մշտական քննարկումները շարունակվում են, Հ. Իգիթյանը կոչ արեց նրան պատասխանել մյուս հարցին՝ ինչո՞ւ Հայաստանում գազը գրեթե 2 անգամ թանկ է Վրաստանից, նաև ավելի թանկ է Ուկրաինայից.

«Գիտեք, այն, ինչ կատարվում է սահմանին, իրականում բնակչությանը չի հետաքրքրում, որովհետև սահմանին մի ռուսական կազմակերպությունը գազը գնում է մեկ այլ ռուսական կազմակերպությունից, և ինչքան նրանք ավելի թանկ են վաճառում բնակչությանը, այնքան նրանց ավելի օգուտ է, ինչքան ավելի ցածր է գազի գինը սահմանին, այնքան բիզնեսի տեսակետից իրենց օգուտ է։

Կրկնեմ՝ կառավարությունն այստեղ նայում է այդ կազմակերպության շահերին։ Սա դեմագոգիա է, որ կրկնում է թե՛ Կարեն Կարապետյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, բոլորն այդ հարցն են դնում՝ որպես ԵԱՏՄ բարիքներ, որ Ռուսաստանը մեզ ցածր գին է տալիս, իսկ Ռուսաստանն էլ հայտարարում էր, թե ի վնաս իրեն է այդ ցածր գինը տալիս։ Բայց իրականում ի՞նչ տարբերություն՝ «Ռուսգազա՞րդ», թե՞ «Գազպրոմ», վերջում կա հայ բնակչությունը, որ այսօր ստիպված է բարձր գին վճարել գազի համար»։

Հ.Իգիթյանը նշեց, որ իրանական գազը Հայաստանի և Վրաստանի տարածքով Եվրոպա տարհանելու ծրագիրը դեռ 90-ականներին էր քննարկվում, որ Իրանից դեպի Հայաստան-Վրաստան-Սև ծով և Եվրոպա պետք է գազամուղ անցներ.

«Այդ հարցը եղել է ակտուալ և հիմա էլ ակտուալ է, որովհետև գազի տարանցիկության հարցը միշտ է բավականին ակտուալ։ Ինչպես այն ժամանակ Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման ներքո այդ հարցը սառեցվեց, հիմա էլ նույն խնդիրը կարող է լինել։ Բայց բոլոր դեպքերում խնդիրն այսօր Հայաստանում է գտնվում։

Այսինքն՝ եթե Հայաստանը գնա այդ ծրագրի զարգացմանը, ապա մնացած բոլոր խաղացողները պատրաստ են՝ Իրանն է հայտարարում, Վրաստանը, Եվրոպան, որ միշտ էլ ֆինանսավորման աղբյուրներ կգտնեն։ Իհարկե, այդ ուղղությամբ պետք է աշխատի Հայաստանը, և դա բխում է ՀՀ շահերից և ուղիղ կապված է ՀՀ էներգետիկ անվտանգության դոկտրինի հետ, որ պարտավոր է կառավարությունն իրականացնել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս