Ռանչպարների կանչը՝ գյուղտեխնիկայի մասին
Տաք ձմեռը գյուղատնտեսական առաջանցիկ տարի է խոստանում: Բոլորը քննարկում են ծառերի վաղաժամկետ բողբոջակալելու վտանգները: Գյուղացիներն Արարատյան դաշտում նույնիսկ հողային աշխատանքներ են սկսել: Նույնիսկ Ազգային վիճակագրական ծառայությունը չի ուշացնում գյուղատնտեսության ոլորտի իր հրապարակումները:
Արդեն շրջանառության մեջ է «Գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին 2018թ. հունվարի 1-ի դրությամբ» հրապարակումը: Վերնագրից իսկ հասկանալի է, որ գյուղտեխնիկայի նկատմամբ մեր վիճակագիրներն առանձնահատուկ վերաբերմունք ունեն: Նրանք միայն քանակ չէ, որ արձանագրում են: Քանակն արձանագրելն ինքնին անիմաստ է:
Առաջին հերթին՝ այն պատճառով, որ մեր գյուղտեխնիկայի հիմնական մասը «նախաջրհեղեղյան» խորհրդային շրջանից է: Վիճակագրությունը, որ վարում է ՀՀ Գյուղնախարարության վարչական ռեգիստրը, արձանագրում է 11 անուն գյուղտեխնիկայի քանակ և սարքինություն: Օրինակ, կարելի է նկատել, որ վերջին տարիներին տարեկան 100-200 հատով ավելանում է տրակտորների քանակը: Բայց միաժամանակ ներկայացվում է տրակտորների սարքինության մակարդակը:
Վերջին անգամ 2006թ. է հրապարակվել, որ երկրում առկա տրակտորների մոտ 82 տոկոսը սարքին է: Հետագա տարիներին սարքինության ցուցանիշը նվազում է նինչև 78 տոկոս: Այսինքն` չնայած այն փաստին, որ ամեն տարի մինչև 200 տրակտոր է ներմուծվում, միևնույն է, սարքին մնում է դրանց 78 տոկոսը: Այսինքն՝ ամեն տարի 100-200 տրակտոր դուրս է գալիս շարքից:
Բայց միևնույնն է, հարազատ Գյուղնախարարությունը հոգատարությամբ շարունակում է դրանք հաշվառել՝ որպես տրակտոր: Բացարձակ թվերով 2010թ. Հայաստանում կար 14 հազար 777 տրակտոր: 2015-ի հունվարի 1-ի դրությամբ դրանց քանակը մոտ 15 հազար է: 2016-ին` 15 հազար 49, 2017-ին՝ 15 հազար 239:
Այս տարվա սկզբին հայտարարվում է, որ երկրում առկա է 15 հազար 414 տրակտոր: Բայց տարօրինակ զուգադիպությամբ՝ սարքին է այդ թվերի միայն 78 տոկոսը: Իհարկե, կարելի է ուրախանալ, որ բացարձակ թվերի աճի հետ ավելանում է նաև սարքին տրակտորների քանակը: Բայց գյուղատնտեսությունը գերակա ոլորտ, սահմանամերձ գոտիները իշխանությունների հոգածության կենտրոն հայտարարելու մասին ծրագրերը գյուղտեխնիկայի քանակի ու որակի ցուցանիշներով որևէ հիմնավորում չունի:
Նույն տրակտորների մասին նշվում է, որ Տավուշի մարզում սարքին է դրանց 68,6 տոկոսը: Ընդհանրապես գյուղտեխնիկայի քանակն ու սարքինության ցուցանիշը բավական «համահունչ» է աղքատության ուսումնասիրության տվյալների հետ: Որքան աղքատ է մարզը՝ այնքան անսարք են այդ տարածքի գյուղմեքենաները:
Օրինակ հայտարարվում է, որ սարքին են Շիրակի մարզի կոմբայնների 48,7 տոկոսը: Փաստորեն, մարզի երկու կոմբայններից մեկն անսարք է: Երբ 90-ականների կեսերին փորձեցի պարզել մեր երկրում առկա բեռնատարների միջին տարիքը, հայրենի վիճակագիրները բացատրեցին, որ մեր երկիրը պատերազմող է, և բեռնատարների մասին տեղեկատվությունը սահմանափակված է: Հիմա կարծես խորհրդային ամեն ինչ գաղտնիության քողով շղարշելու «գայթակղությունը» հաղթահարված է: Գյուղատնտեսության մեջ օգտագործվող բեռնատարների քանակն ու սարքինության վիճակը գաղտնազերծված է:
Գյուղատնտեսության ոլորտում առկա է մոտ 15 հազար բեռնատար: Բայց պաշտոնապես նշվում է, որ դրանցից միայն 11,5 հազարն է սարքին: Այսինքն՝ օգտագործվող բեռնատարներն ավելի մաշված են, քան տրակտորները: Բեռնատարների 76,4 տոկոսն է օգտագործվում: Մաշված են նաև կոմբայնները: Հացահատիկահավաք կոմբայնների 77,4 տոկոսն է սարքին, իսկ կերահավաք կոմբայնների` 73,4 տոկոսը:
Փաստորեն, պաշտոնական վիճակագրությունը, որն ամբողջովին հենվում է Գյուղնախարարության համապատասխան ծառայության տվյալների վրա, արձանագրում է, որ երկրում առկա գյուղտեխնիկան հնամաշ է:
Տարիներ շարունակվող (ու անխոնջ թմբկահարվող) լիզինգային ծրագրերը, կոոպերացիայի միջոցով իրացվող ծրագրերն այս խնդիրը չեն լուծել: Անկեղծության համար հարկավոր է նշել, որ հաշվառվող մյուս գյուղտեխնիկայի սարքավորումները պիտանելիության ավելի բարձր գործակից ունեն: Բայց միևնույն է, խոտհնձիչների, կուլտիվատորների, կցասայլակների, մամլիչների և մյուս տեխնիկայի մասին, բացի սարքինության փաստից, այլ տվյալներ չեն հրապարակվում:
Հետևաբար՝ հստակ պատկեր չկա` դրանք տեխնոլոգիական առումով նո՞ր սարքավորումներ են, թե՞ խորհրդային տարիներից մնացած՝ ֆիզիկապես մաշվածության եզրին գտնվող, իսկ բարոյապես լիովին մաշված են: Ահա այսպիսի տվյալներ՝ գյուղատնտեսական ակտիվ տարվա շեմին: