«Ցանկացած ծնող փորձում է երեխայի համար անել լավագույնը, տանել արտերկիր, բայց կարող այստեղ բուժումը նույն ծրագրերով է իրականացվում»

Հայաստանում պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տարածաշրջանում առաջատար դիրք է զբաղեցնում: Կենտրոնն ունի այն բոլոր պայմանները, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱՆ Գլխավոր մանկական արյունաբան, ԵՊԲՀ արյունաբանության և փոխներարկաբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Զաքարյանը:

«Արյան չարորակ հիվանդությունների ախտորոշման և իրականացվող բուժման արդյունավետության գնահատման համար Արյունաբանական կենտրոնում ներդրվել է ժամանակակից մեթոդ` հոսքային ցիտոմետրիա, ինչի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ճշգրտել հիվանդության տեսակը և, հետևաբար, ընտրել ամենաարդյունավետ բուժման տարբերակը:

Բազմաթիվ դեպքերում հիվանդների արյան փորձանմուշները կրկնակի հետազոտվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի առաջատար կենտրոններում, և ստացված արդյունքները համընկել են մեր տվյալների հետ: Հիվանդությունների ախտորոշման համար ներդրվել է նաև ցիտոգենետիկական FISH մեթոդը, որը թույլ է տալիս հայտնաբերել արյան հիվանդություններին բնորոշ գենետիկական խախտումները»,-ասաց Անահիտ Զաքարյանը:

Կենտրոնի բժիշկ, արյունաբան Լուսինե Քրմոյանի խոսքով, քաղցկեղը մահվան դատավճիռ չէ, երեխաների մոտ՝ առավել ևս, որովհետև բուժման նոր մեթոդները, նոր սարքավորումները հնարավորություն են տալիս արդյունավետ բուժում իրականացնել:

«Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան բուժում է իրականացվում, և ունենք բավական լուրջ հաջողություններ: Սուր լիմֆոբլաստային լեյկոզով հիվանդության դեպքում մենք ունենում են մինչև 80 տոկոս լավացում: Մնացած 20 տոկոսն այն դեպքերն են, որոնք ծայրահեղ ծանր տարբերակում են դիմում բժշկին: Լինում են դեպքեր, երբ հիվանդությունը կրկնվում է: Իհարկե, ցանկացած ծնող փորձում է երեխայի համար անել լավագույնը, տանել արտերկիր: Բայց կարող եմ ասել, որ այստեղ բուժումը նույն ծրագրերով է իրականացվում` միջազգային ստանդարտներին համապատասխան»,-ասաց Լուսինե Քրմոյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում տարեկան ախտորոշվում է մանկական քաղցկեղի ավելի քան 200 հազար նոր դեպք: Մանկական քաղցկեղի շրջանում սուր լեյկոզն առավել հաճախ հանդիպող չարորակ հիվանդությունն է` կազմելով մանկական բոլոր տեսակի քաղցկեղների 40 տոկոսը:

Հայաստանի Արյունաբանական կենտրոնում տարեկան ախտորոշվում է մանկական սուր լեյկոզի 35-40 առաջնակի դեպք: Անահիտ Զաքարյանը նշեց, որ նախորդ տարիների դինամիկան հաշվի առնելով, այս ցուցանիշում ակնառու աճ չկա: Ներկայում Արյունաբանական կենտրոնում մշտապես հսկողության տակ գտնվում է 1435 երեխա:

Հիվանդների դեղորայքային ապահովումն իրականացվում է ՀՀ ԱՆ կողմից կենտրոնացված եղանակով գնված, հումանիտար օգնությամբ ստացված, Արյունաբանական կենտրոնի միջոցներով ձեռք բերված դեղորայքների միջոցով, ինչպես նաև հիվանդների կողմից ձեռք բերված դեղորայքով:

«Երեխաների բուժման գործընթացում անգնահատելի է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանի մասնակցությունը: Հիմնադրամը մշտապես աջակցում է հիվանդ երեխաների բուժման հետ կապված խնդիրների լուծմանը, ձեռք է բերվում թանկարժեք դեղորայք, արտերկրում բուժման անհրաժեշտության դեպքում օժանդակում է նրանց բուժումը կազմակերպել արտերկրի կլինիկաներում»,-ասաց Անահիտ Զաքարյանը:

Լուսինե Քրմոյանը կարևոր ձեռքբերում համարեց ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ստեղծումը: Արդեն 4 հիվանդի աուտոփոխպատվաստում է իրականացվել, երբ հիվանդից բուժման ընթացքում վերցվում են ցողունային բջիջները և հետո ներարկում նույն հիվանդին: Այժմ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ ալոգեն փոխպատվաստում կատարելու համար: Դա այն դեպքն է, երբ բջիջները վերցվում են դոնորից և ներարկվում են հիվանդին: Լուսինե Քրմոյանը տեղեկացրեց, որ ներկայում հիվանդներն ընտրվում են, համապատասխան ծրագրերը մշակվում են ալոգեն փոխպատվաստում իրականացնելու համար:

Մասնագետները հպարտությամբ են նշում, որ Արյունաբանական կենտրոնն ունի շուրջ 800 առողջացած հիվանդ: Նրանք համապատասխան բուժումն ավարտելուց հետո վերադարձել են լիարժեք ապրելակերպին:

Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով 2002 թվականի փետրվարի 15-ից ամեն տարի նշվում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը:

Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին:

Տեսանյութեր

Լրահոս