
«Լոնդոնը Brexit-ից հետո ԵՄ-ի կարևոր գործընկերը կմնա պատժամիջոցների քաղաքականության մեջ». Ջոնսոն

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների քաղաքականության հարցերում Եվրամիության կարեւոր գործընկերը կմնա նաեւ այն բանից հետո, երբ երկիրը դուրս կգա ԵՄ-ի կազմից: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարության ղեկավար Բորիս Ջոնսոնը՝ ելույթ ունենալով Brexit-ին նվիրված ծրագրային ճառով:
«Մեզ համար իմաստ ունի շարունակել ամենասերտ կերպով ներգրավված մնալ ԵՄ-ի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության հարցերում, եւ տրամաբանական չէր լինի այնպիսի հարցեր միասին չքննարկելը, ինչպիսիք են պատժամիջոցները, հիշելով այն մասին, որ Մեծ Բրիտանիայի փորձագիտական գնահատականն ընկած է ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակների ավելի քան կեսի հիմքում»,-ասել է նա:
«Եվրոպան պաշտպանելու մեր հանձնառությունը անվերապահ է ու անփոփոխ»,-նաեւ հավաստիացրել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: