«Ալիևի ելույթները գնալով սաստկանում և անմարդկային են դառնում». Գուրգեն Եղիազարյան
«Ալիևը նոր չի հայտարարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը գրավելու մասին արած հայտարարության մասին:
Գ. Եղիազարյանի դիտարկմամբ՝ արդեն մի քանի տարի Ալիևը նույն հայտարարությունները հնչեցնում է. «Մի քիչ առաջ են գնացել: Երբ մեր համապատասխան նախարարությունները, ողջ իշխանությունը՝ երկրի նախագահի գլխավորությամբ, իրենց ֆունկցիոնալ պարտականությունները չեն կատարում, մենք ընկնում ենք մի ողբալի վիճակի մեջ: Սկզբից սրանք սկսեցին բարբարջել, որ իրենք 6-7 հազար տարվա մշակույթ ունեն, մենք, մեր պետությունը, պետականությունը չընդվզեց, հակահարված չտվեց այդ կեղծիքին: Դա խոսում է մի երկրի ղեկավար, որի պետությունը ստեղծվել է 1918 թվականին: Բոլշևիկների ջանքերով ստեղծվեց Ադրբեջան կոչվածը»:
Բանախոսի խոսքով՝ Ալիևն արդեն 4 անգամ նույն հայտարարությունն է արել, բայց հայկական կողմից «ծպտուն» չկա. «Մենք մնում ենք ցանկացած գործընթացից դուրս: Էս մարդիկ զբաղված են՝ այստեղ ի՞նչ սարքեն-ծախեն, ի՞նչ սեփականաշնորհեն, և այլն: Ալիևը հայտարարում է, որ Երևանն իրենցն է, որ կմտնի, մեզ կբնաջնջի: Միաժամանակ, մեր արտգործնախարարն ընդամենը Սերժ Սարգսյանի ասածն է բարձրաձայնել, երբ սփյուռքահայերի հետ հավաքի ժամանակ ասաց՝ մենք պետք է 3 շրջան նվիրենք Ադրբեջանին: Երբ մեր հակառակորդն իմացավ այդ երեք շրջանի մասին, նրա հռետորաբանությունը գնալով սաստկացավ, արդեն նա երեքին չի համաձայնում: Թե այդ հայտարարությունն ինչպես անդրադարձավ Արցախի բնակչության վրա, միայն կարելի է ենթադրել՝ ինչ կատարվեց. ինչպե՞ս կարող է մարդը գլուխը դնի բարձին, երեխաներին քնացնի ու մտածի, որ ոսոխը հիմա ներս է մտնելու, եթե այդ շրջանը չհանձնեն»:
Գ. Եղիազարյանի կարծիքով՝ Ալիևը հիմա Հայաստանին ասում է՝ «3 շրջան չես տալու, ամբողջն ես տալու». «Ալիևի ելույթները գնալով սաստկանում և անմարդկային են դառնում, խոսում է արդեն բնաջնջման մասին 21-րդ դարում: Սա շատ լուրջ բան է: Ինչո՞ւ չենք պատասխանում»: