
Գեղարքունիքի մարզի 18 համայնքում նշանակվել են տնտեսական զարգացման պատասխանատուներ

Գեղարքունիքի մարզի 4 եւ 5 հազարից ավելի բնակչություն ունեցող խոշորացված 14 համայնքներում արդեն աշխատանքի են հրամանագրվել տնտեսական զարգացման պատասխանատուներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ ներդրումների բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, տնտեսական զարգացման պատասխանատուներն ընտրվել են հայտարարված մրցույթների արդյունքում: Տնտեսական զարգացման պատասխանատուներն աշխատանքի են հրամանագրվել Գավառ, Սեւան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Կարմիրգյուղ, Նորատուս, Սարուխան, Երանոս, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Լիճք, Վարդենիկ, Զոլաքար, Ծովինար, Ներքին Գետաշեն, Գեղամասար, Շողակաթ համայնքներում:
«Տնտեսական զարգացման պատասխանատուն դառնալու է տվյալ համայնքի տնտեսական ծրագրերի պատասխանատուն եւ բոլոր գերատեսչություններն ու տեղական եւ միջազգային դոնոր կազմակերպություններն իրար կապող օղակը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ մենք պետք է նպաստենք ընտրված մասնագետների կարողությունների զարգացմանը, աշխատանքներում նրանց ակտիվ ներգրավմանը վերապատրաստումների կամ դասընթացների կազմակերպման միջոցով»,-նշեց բաժնի վարիչը:
Խոսրով Խլղաթյան