Բաժիններ՝

Հայաստան-Վրաստան-Սև ծով ուղին՝ Իրանի ռազմավարական խնդիր

Իրանական գազի մատակարարման հարցը կրկին հայաստանյան օրակարգում է հայտնվել Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարության շնորհիվ։

Հիշեցնենք, որ Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին։ «Այս հարցը նաև քննարկվում է, ես հուսով եմ, որ առաջընթաց կունենանք։ Եթե էներգետիկ ոլորտում Հայաստանը մի փոքր աշխուժանա, ես կարծում եմ, որ շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, և դա կնպաստի, որպեսզի ՀՀ-ում աշխատատեղեր ստեղծվեն»,- ասել էր դեսպանը:

Սակայն իրանցի դիվանագետի հայտարարությանը հակադարձել էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ պնդելով, թե Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան ռուսականն է: «Մշտական քննարկումները շարունակվում են, դրանք երբեք չեն դադարել: Իրանական կողմն է ասել, որ իրենք ավելի մրցունակ գին այս պահին չեն կարող առաջարկել: Մենք չունենք գազի ավելի մրցունակ գին, քան Ռուսաստանից տրվող գինն է: Ներկայում այդպես է իրավիճակը, երբ ինչ-որ բան փոխվի, դուք կիմանաք»,- ասել է Հ.Հարությունյանը:

Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ ազգերի կազմակերպության ազգային փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանն իրանական գազի մատակարարումը Հայաստան առաջնային չի համարում։ 168.am-ի հետ զրույցում նա հայտարարեց, որ այս ուղղությամբ ջանքերն ակտիվացնել առավել անհրաժեշտ է հենց Իրանին։

«Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը ոչինչ չի նշանակում, այդ իրադրությանը մենք ծանոթ ենք առնվազն 10 տարի։ Մոտ 8 տարի առաջ նախազգուշացնում էինք, որ էյֆորիկ տրամադրությունները, որ ձևավորվում են Իրանում՝ կապված սանկցիաների հանման և ապաշրջափակման հետ, սին են, և մոտակա տասնամյակներում Իրանն ավելի հուսալի տրանզիտային ճանապարհ չի ունենա, քան Հայաստանի և Վրաստանի վրայով՝ դեպի Սև ծով։ Ցավոք սրտի, Իրանում այդ ռազմավարական գիտակցումը դեռ հասունացած չէ։

Ես կհորդորեի իրանցի մեր գործընկերներին՝ հասկանալ այս ռազմավարական իրողությունը, հասկանալ, որ ճանապարհը դեպի հյուսիս-արևմուտք՝ իր կարևորությամբ երկրորդ ռազմավարական ճանապարհն է Իրանի համար։ Առաջինը, բնականաբար, Հնդկաստան-Չինաստան գազի և նավթ արտահանման ուղիներն են, բայց երկրորդն իր կարևորությամբ՝ Հայաստան-Վրաստան-Սև ծովն է»,- ասաց Ա.Մարջանյանը։

Ըստ նրա՝ այդ գիտակցությունը հստակ ձևավորված չէ իրանական վերնախավում։

Ա. Մարջանյանը պնդեց, որ Հայաստանը որևէ խնդիր չունի գազամատակարարման հետ և գազի էներգետիկայում, ստեղծված իրավիճակը լիովին բավարար է Հայաստանի առաջիկա 5-10 տարիների բոլոր կարիքները հոգալու համար.

«Այստեղ եթե ռազմավարական առումով իրավիճակ և իրադրություն պետք է փոխվի, ապա բոլորովին էլ Հայաստանի գործը չէ դա սկսելը, բայց Հայաստանի գործն է դրանից ճիշտ օգտվել և օժանդակել այդ գործընթացներին։ Երկրորդ՝ այդ նարատիվը, որ արդեն  10 տարուց ավելի կարելի է հանդիպել մեր մամուլում, որ Հայաստանը պետք է սա անի, Հայաստանը պետք է նա անի…

Հայաստանն այս առումով ոչ մի բան էլ պետք չի, որ անի։ Հայաստանը կարող է օգնել միայն, եթե Իրանը ռազմավարական որոշում կայացնի։ Ահա այդ դեպքում Հայաստանը՝ իր ողջ ինտելեկտուալ, տեխնիկական, կազմակերպչական և այլ բոլոր ռեսուրսներով, իհարկե, պետք է օժանդակի»։

Փորձագետի կարծիքով՝ մտածելու խնդիր ունեն Վրաստանն ու Իրանը. «Վրաստանն ընկել է չափազանց լուրջ կախման մեջ Ադրբեջանից և հիմա գտնվում է թուրք-ադրբեջանական աքցանների մեջ, թող նրանք մտածեն, ավելի նախաձեռնող լինեն։ Հայաստանը միայն կարող է օգնել այդ ճանապարհը բացելուն, բայց նախաձեռնողը Հայաստանը պետք է չլինի»։

Ա.Մարջանյանը նկատեց, որ ռուսական գազի գինը շահավետ է Հայաստանին, սակայն շահավետ չէ մեր ներքին գազասպառման իրավիճակը. «Ռուսաստանը Հայաստանին բավականին շահավետ գնով է գազը վաճառում»։

Փորձագետը չբացառեց, որ միգուցե դեսպանի այս խոսքն անմիջապես Հայաստանին չէր ուղղված. «Գուցե դա ավելի շատ տարածաշրջանային ազդակ է՝ սթափեցնել մեր վրացի և ռուս գործընկերներին և ուղենշել ռազմավարական հեռանկարները։ Հուսանք, որ դա այդպես է, և հուսանք, որ հենց այդ ուղղությամբ կշարժվեն զարգացումները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս