Բաժիններ՝

«Ռեկտորն ինձ չի այցելել». Շիրակի պետական համալսարանի ամբիոնի վարիչի պաշտոնակատարը հացադուլ է հայտարարել

Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) իրավիճակը չի հանդարտվում: Հացադուլ է հայտարարել բուհի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը:

Մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ իր որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ բուհի ռեկտոր Սահակ Մինասյանն ընդհանրապես արհամարհում է բուհի կանոնադրությունը, և, որ ինքը հացադուլը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը չի արձագանքի բուհում տեղի ունեցող խախտումներին:

«Եթե անարձագանք են թողնում, ես անժամկետ եմ շարունակում, ինչքան կարողանում եմ: Առողջական խնդիրներ չունեմ: Ռեկտորն ինձ չի այցելել: Այնպիսի մեկնաբանություններ է տալիս լրագրողներին, որ զարմանալ կարելի է. ստերով, դե չասեմ, թե ում հետ գործ ունեմ: Ինձ հետ անմիջական հանդիպել է բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, բուհի գիտական քարտուղար Կարինե Պետրոսյանը: Իրենք իմ քայլին, որպես այդպիսին, հավանություն չեն տալիս»,- ասում է Հ.Խորիկյանը:

168.am-ի հարցին՝ եթե համարում եք, որ ՇՊՀ ռեկտոր Ս.Մինասյանն անօրինական գործունեություն է ծավալում, ապա ինչո՞ւ նրա հրաժարականը չեք պահանջում, Հ.Խորիկյանը նշեց, որ այդ հարցը պետք է որոշի հոգաբարձուների խորհուրդը և նախարարը, և, որ իրենք նման պահանջ չեն կարող առաջադրել:

Բուհում հացադուլ հայտարարած Հովհաննես Խորիկյանին էին այցելել նաև ոստիկանները, ովքեր նշեցին, որ իրենց այցելության նպատակը հացադուլ անողին լսելն է և բողոքներին համապատասխան ընթացք տալը:

Հացադուլ հայտարարած Հ.Խորիկյանն իր այս որոշման մասին ավելի մանրամասնորեն անդրադարձել էր իր ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված 2017 թվականի սեպտեմբերի 25-ի մեր բաց նամակից հետո ռեկտոր Սահակ Մինասյանը շարունակում է իր ինքնագործունեությունը` բուհը հասցնելով կատարյալ աղետի:

Որոշ չինովնիկների և օրենսդիրների մինասյանապաշտպան գործունեությունը ցույց տվեց, որ Հանրապետության նախագահին հասցվող տեղեկատվությունը մեզ թվում է` միակողմանիորեն ուղղված է Մինասյանի շահերի պաշտպանությանը, այսինքն` նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվում է, մեղմ ասած, ոչ լիարժեք տեղեկատվություն, ինչը նախագահին թույլ չի տալիս ըստ էության ամբողջական գնահատել այն արհավիրքները, որոնք կատարեց Մինասյանը համալսարանում:
Փետրվարի 5-ին «Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ»-ի խորհրդում ես և Գագիկ Համբարյանը, ՇՊՀ կանոնադրությունը ձեռքերիս, ցույց տվեցինք, որ դեկանների և վարիչների ընտրությունները պետք է կատարվեն ֆակուլտետների խորհուրդներում, սակայն իրեն օրենքից վեր համարող ռեկտորն առաջնորդվում է սեփական կապրիզներով և անձնական մղումներով` նշված ընտրությունները կամայականորեն տեղափոխելով գիտական խորհուրդ:
Ի պատասխան ռեկտոր Մինասյանի` համալսարանի կանոնադրությունն արհամարհելու ակնհայտ որոշման` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` հայտարարում եմ անժամկետ հացադուլ:

Կոչ-պահանջս ուղղում եմ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Պարոն նախարար, կասեցրե´ք փետրվարի 12-ին համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունը, ինչը հակասում է համալսարանի կանոնադրության պահանջներին, այդ ընտրությունները պետք է իրականացնեն ֆակուլտետների խորհուրդները: Ռեկտորին շահավետ, ցանկալի տարբերակով ընտրություններ իրականացնելը միանշանակ անօրինական է»:

ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն նախապես հայտնի չի եղել, որ իր գործընկերը նման քայլի պետք է դիմեր:

«Այսօր առավոտ եմ իմացել, բայց ես հարգում եմ իմ գործընկերոջ որոշումը այդպիսի մեթոդներով պայքարելու, քանի որ որքան հասկացանք՝ պարոն Մինասյանն իրոք շատ մեծ հովանավորներ ունի, քանի որ իր բեսպրեդելությունն ու անօրինականությունները չափ ու սահման չունեն»,- ասաց ՇՊՀ դասախոսը:

Ինչ վերաբերում է բուհում ֆակուլտետների դեկանների, ինչպես նաև ամբիոնների վարիչների ընտրության կարգին, ապա Գ.Համբարյանը նշեց, որ ՇՊՀ ռեկտորն ամբողջությամբ փոխել է դեկանների և ամբիոնների վարիչների ընտրության սահմանված կարգը, մինչդեռ նման փոփոխությունները պետք է քննարկվեն բուհի հոգաբարձուների խորհրդում, ապա դրանք պետք է քննարկվեն ՀՀ ԿԳՆ-ում, որոնք պետք է հաստատվեն կառավարության կողմից:

Ըստ Գ.Համբարյանի, դեկանների, ինչպես նաև ամբիոնների վարիչների ընտրությունները պետք է տեղի ունենան ֆակուլտետի խորհրդում, այլ ոչ թե գիտխորհրդում:

«13 կետ փոփոխել է, ո՞վ է թույլ տվել նրան: Վերջն այս ամենին պետք է վերջ տրվի, չէ՞: Նա անպատիժ է մնում: Բուհի կանոնադրության թիվ 98 կետի, 3-րդ ենթակետի համաձայն, ֆակուլտետի խորհուրդն իրականացնում է ֆակուլտետի դեկանի ընտրություն: 102-րդ կետի համաձայն, դեկանն ընտրվում է գիտական խորհրդում փակ գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով»,- նշեց Գ.Համբարյանը:

Ինչ վերաբերում է բուհի ռեկտորին, Ս.Մինասյանը կարծում է, որ հացադուլով ինչ-որ հարց չեն կարգավորում, և, եթե կանոնադրություն է խախտվում, ապա կարող են դատարան դիմել, այդ կառույցն էլ կասի իրեն հուզող խնդիրը, քանի որ մենք իրավական երկրում ենք ապրում:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս