«ՀՀԿ-ն շատ ավելի ճիշտ կաներ՝ Արմեն Սարգսյանին առաջարկեր գործող վարչապետի պաշտոնը». Արամ Սարգսյան
«Ներդրումներ ներգրավելը նոր Սահմանադրության գործառույթներում նախագահին չվերաբերող խնդիր է, և նման դեպքերում ԽՍՀՄ-ում ասում էին՝ դա էնտուզիազմի, հայրենասիրության շրջանակներում է: Սա էլ որոշակի ներքին ցանկություն, մղում, ակնկալիք է, մեր հանրությունն այդպիսի բաներ ունի, որ՝ այս մարդը եկավ, մեծահարուստ է, Լոնդոնում իրեն այսինչ տեղն են ընդունել, Վաչե Մանուկյանն իր ընկերն է, այսինչ տեղում այսինչ կապերն ունի, դրանք կօգտագործի, և երկրում ներդրումներ կգան: Դա քաղաքական հարթության մեջ մշտապես օգտագործվել է, դա օգտագործել է թե՛ Կարեն Կարապետյանը վերջին ընտրություններում, թե՛ Գագիկ Ծառուկյանը՝ արաբական շեյխի հետ կապված, նաև, որ կարող է մինչև 15 մլրդ ներդրումներ բերել, եթե որոշակի քաղաքական լծակներ ու հնարավորություններ տան»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը` մեկնաբանելով իշխանության ակնկալիքները, թե ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն իր անձնական կապերի շնորհիվ ներդրումներ կբերի Հայաստան: Ի դեպ, այս մասին հայտարարել է նաև Արմեն Սարգսյանը:
Ա.Սարգսյանի գնահատմամբ՝ Արմեն Սարգսյանը նման ունակություններ ու կապեր ունի. «Ես այն ժամանակ, երբ արդյունաբերությամբ էի զբաղվում, խնդիրներ ունեի գերմանական «Սիմենս» ընկերության հետ, խնդիրներ են եղել ցեմենտի արտադրության հետ կապված՝ իտալական «Կոլաչիա» ընկերության հետ, որն այդ երկրում իր հարստությամբ 3-4-րդ ընտանիքն է, և Արմեն Սարգսյանը շատ արագ, մի զանգով լուծեց դրանք: Այսինքն` նա մեծ կապեր ունի ոչ միայն Լոնդոնում, այլև եվրոպական երկրներում, Մոսկվայում, և շատ ավելի լուրջ, քան Սերժ Սարգսյանը:
Այդ կապերը, հնարավորությունները չօգտագործելը, եթե Արմեն Սարգսյանին բերում են՝ կոպիտ սխալ կլինի: Բայց սա նաև PR ակցիա է, որ արեցին Կարեն Կարապետյանի ժամանակ, բայց չստացվեց, և այժմ խնդիրը տեղափոխում են այլ հարթություն, նոր ակնկալիք ձևավորելու առումով, վերարտադրությունը մեղմելու առումով: Ամեն հնի մեջ «ծյունինգ» են անում»:
Թե ինչպե՞ս կարձագանքի արտաքին ներդրողն այս ամենին, Արամ Սարգսյանը նշեց, որ ՀՀ-ում ներդրումներ անելու համար բազմաթիվ խոչընդոտներ կան, և այստեղ խնդիրը միայն իշխանության հարթության մեջ չէ:
Նախկին վարչապետի կարծիքով` արտաքին ներդրողի համար թիվ 1 խնդիրն այս տարածքում 2 փակ սահման ունենալն է: Նա նշեց, որ Ֆորբսի 2017 թ. վերլուծության մեջ Հայաստանն 88-րդ տեղում է, Ադրբեջանը` 70-րդ, և դրա հիմնական պատճառը փակ սահմաններն են: Սակայն, ինչպես նկատեց Ա.Սարգսյանը, բացի փակ սահմաններից՝ բազմաթիվ պարամետրեր կան, այդ թվում` կոռուպցիան, տնտեսության մոնոպոլ լինելը, որն այս իշխանության վերարտադրության պայմաններում չի կարող հաղթահարել նման սահմանադրական լիազորություններով ցանկացած նախագահ, անգամ չի կարող մտնել այդ դաշտ.
«Եվ նաև սա է հիմնական պատճառներից մեկը, որ մենք 88-րդ տեղում ենք, և դա կախված է ՀՀ իշխանություններից: Իհարկե, անհատի դերը պատմության մեջ բավականին լուրջ և կարևոր հանգամանք է: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն շատ ավելի ճիշտ կաներ՝ Արմեն Սարգսյանին առաջարկեր գործող վարչապետի պաշտոնը՝ որպես իր թիմակցի, և բոլոր ներդրողների մասնակցությունը շատ ավելի հավանական կլիներ, քան գործող նախագահի պայմաններում, որը չունի այդ ազդեցությունը»: