Բաժիններ՝

«Զրո արձագանք, թքած են ունեցել Հանրային խորհրդի այդ առաջարկի վրա». Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է, որ խորհուրդը բաղկացած կլինի 45 անդամից, խորհրդի անդամ կարող է լինել 25 տարեկան, պետությանը ծառայություններ մատուցած, հեղինակություն վայելող անձը Նա նաև նշեց, որ Հանրային խորհրդի նիստերը պետք է անցկացվեն 2 ամիսը մեկ անգամ. նիստերը լինելու են դռնբաց:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այսօրվա Հանրային խորհուրդն առանձնապես զբաղված չէ նրանով, ինչ առաքելությամբ ստեղծվել է. «Այն փաստացի դիտորդական առաքելություն է իրականացնում բոլոր այն դեպքերում, որ պետք է հանրության կարծիքը ներկայացնի: Կարո՞ղ եք նշել մի իրավադրույթ, որը մեզ հույս կտա կարծելու, որ Հանրային խորհուրդն այլևս չի լինելու պարապների խորհուրդ և դիտորդի աչքերով չի դիտելու հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը»:

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Չեմ պատրաստվում պաշտպանել Հանրային խորհրդին: Չգիտեմ՝ ինչու է ձեզ մոտ այդ տպավորությունը, բայց, օրինակ, ինձ Հանրային խորհուրդը հանգիստ չի թողնում, պարապ չի թողնում: Մենք այս վերջերս ակտիվ քննարկում ենք համատիրությունների հարցը: Այսինքն՝ Հանրային խորհուրդն աշխատում է: Այս նախագծով այդ մեխանիզմը ձևակերպված է օրենքի նախագծի 3-րդ հոդվածով, որտեղ ասվում է, թե ինչեր պետք է անի Հանրային խորհուրդը»:

Կարդացեք նաև

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ, եթե խնդիրը «թոշակառուների ակումբ» ստեղծելն է, մարդկանց աշխատանքի տեղավորելն է, պետք է այդպես էլ ասեն:

Նա նշեց, որ Հանրային խորհուրդը մի շարք առաջարկներ է ներկայացրել, սակայն դրանք մնացել են անարձագանք. «Եթերը մաքրել անորակ, անճաշակ հաղորդումներից, սերիալներից՝ 0 արձագանք, թքած են ունեցել Հանրային խորհրդի այդ առաջարկի վրա: Հանրային խորհուրդը լրջորեն քննարկեց սուպերմարկետների աշխատանքը սահմանափակելու խնդիրը, որպեսզի փոքր խանութները ևս կարողանան աշխատել: Կարո՞ղ եք ասել՝ այսօր ի՞նչ պատկեր ունենք, մենք ունենք սուպերմարկետների ցանցի առավել ընդլայնում, նորից չասեմ՝ ինչ են արել Հանրային խորհրդի առաջարկի հետ»:

Ի պատասխան՝ Ա. Հովհաննիսյանը նշեց, որ Ն. Զոհրաբյանն էլ փաստեց, որ Հանրային խորհուրդը պարապ չի մնացել.

«Ես բոլոր ոլորտներից տեղյակ չեմ, որ արձագանքեմ, բայց եթերը մաքրելու հետ կապված՝ ասեմ, որ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի նախագիծ է մշակվում, և այդ նախագիծը մշակելիս՝ մենք տարբեր կարծիքներ ենք հաշվի առնելու ու նաև հաշվի ենք առնելու Հանրային խորհրդի կարծիքը: Հանրային խորհուրդը խորհրդակցական մարմին է, նա չունի լիազորություն՝ որոշումներն անխտիր կատարել տալու»:

«Փաստորեն, կա՛մ այդ խորհուրդներն են եղել անորակ, որից կարող ենք ենթադրել, որ դա պորտաբույծ և կույր աղիք մարմին է, որը ներկայացնում է անորակ խորհուրդներ, կա՛մ այդ խորհուրդներին ականջալուր լինող չկա: Ո՞րն է եղել իրական պատճառը՝ անորա՞կ են եղել խորհուրդները, թե՞ այդ խորհուրդները ոչ մեկին պետք չեն, որովհետև խորհուրդների կարիք նախագահը, կամ հիմա արդեն՝ վարչապետը չունեն»,- արձագանքեց Ն. Զոհրաբյանը:

Փոխնախարարն ասաց, որ ինքը միայն իր ոլորտի համար կարող է ասել, որ շատ արդյունավետ համագործակցում են Հանրային խորհրդի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս