«Մարտի 1-ից հետո տղաների մեծ մասն ազատ կարձակվեր, եթե խնդրագիր գրեր, բայց որևէ մեկը պատրաստ չէր որևէ խնդրագիր գրելու». Արարատ Զուրաբյան

«Ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ եք դուք փորձում այս օրենքը ներկայացնել՝ որպես իրավական համակարգի ռեֆորմ, երբ ակնհայտորեն սա քաղաքական  համակարգաստեղծ այն օրենքներից է, որով Հայաստանը դուք տանում եք  սուպերվարչապետական, փակ մի համակարգի, որտեղ վարչապետն ունենալու է շատ ավելի լայն լիազորություններ, քան՝ նախորդ Սահմանադրությամբ ուներ նույնիսկ նախագահը»,- այսօր Ազգային ժողովում «Ներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ ըստ օրենքի նախագծի՝ ՀՀ վարչապետը դատապարտյալին ներում շնորհելու առաջարկությամբ պետք է դիմի ՀՀ նախագահին: Նախագահը կարող է առարկություն ներկայացնել, բայց վարչապետն էլ իրավունք ունի շրջանցել նախագահի առարկությունը: Փոխնախարարի խոսքով՝ այդ դեպքում գործը գնում է Սահմանադրական դատարան:

Ի պատասխան Ա. Միրզոյանի հարցին՝ նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց.

«Եթե մենք խոսում ենք վարչապետի լիազորությունների մասին, ձեր քաղաքական հարցադրմանը պատասխանեմ իրավական լուծումներով. Սահմանադրությունից բխող այլ տարբերակ չունենք: Որոշումը եղել է, թե ո՞ր մարմինը պետք է առաջարկություն տա:  Առաջարկության քննարկման մեխանիզմներն արդեն Սահմանադրությունը կանխորոշել է: Սահմանադրության կամքը մենք արտացոլել ենք օրենքով»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե կարո՞ղ է պնդել, որ գրեթե ֆորմալ բնույթ է կրում նախագահի ներում շնորհելը, որովհետև առաջարկ տվողը վարչապետն է:

«Ես չեմ կարծում, որ ֆորմալ է: Ինչպես Սահմանադրությունն ամրագրել է, այդպես շարունակում ենք օրենքում ֆիքսել: Նախագահի հայեցողական լիազորությունը կա, հետ վերադարձնելու մեխանիզմը կա, որը կարող է վարչապետը շրջանցել, բայց ունենք Սահմանադրական դատարանի մեխանիզմը»:

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Արարատ Զուրաբյանը, բարձրացրեց այն հարցը, որ նախագծով՝ պարտադիր կերպով դատապարտյալն ինքը պետք է խնդրագիր ներկայացնի: Նրա խոսքով՝ հնարավոր է՝ մարդը «նստած» է, ինքը չի ուզում դուրս գալ, բայց հասարակությունն է ուզում, որ ինքը դուրս գա. «Մարտի 1-ից հետո տղաների մեծ մասն ազատ կարձակվեր, եթե խնդրագիր գրեր, բայց որևէ մեկը պատրաստ չէր որևէ խնդրագիր գրելու»:

«Պատրաստ չէ խնդրագիր ներկայացնել կամ չի ներկայացնում՝ այս պարագայում ինստիտուտը չի գործում, այլ ինստիտուտներ են գործում: Այդ իրավունքի իրականացման համար պետք է լինի անձի կամարտահայտությունը»,- ի պատասխան՝ ասաց փոխնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս