Բաժիններ՝

«Արձանի առաջին տարբերակում Արամ Մանուկյանը «շալակած» տանում էր դրոշը, որը կատակների տեղիք տվեց, թե նա կարծես պարաշյուտիստ լինի». Անուշ Տեր-Մանասյան

Ճարտարապետների թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մանասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով, թե ինչ ձևով է հաստատվել և հանրությանը ներկայացվել Արամ Մանուկյանի վիճահարույց արձանի նախագիծը՝ նկատում է.

«Դավիթ Մինասյանին, ով Արամ Մանուկյանի վիճահարույց արձանի էսքիզի հեղինակն է, շատ լավ եմ վերաբերվում և կարծում եմ, որ նա հաջողված աշխատանքների հեղինակ է: Նա, անկասկած, ունի իր ուրույն ձեռագիրը, բայց այստեղ ես ցանկանում եմ խոսել նրա ստեղծագործական ամպլուայի մասին: Նրա աշխատանքների մեծ մասում որոշակիորեն արտահայտված հեգնանք կա, եթե կարելի է այդպես ասել: Նա, անկասկած, շատ սրամիտ մարդ է, գուցե դրանով էլ արտահայտվում է նրա աշխատանքներում հեգնանքի առկայությունը, բայցևայնպես, սա Արամ Մանուկյանի՝ Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի հուշարձանն է, և այն որևէ կերպ չէր կարող լինել հեգնանք պարունակող որևէ տրամադրությունների մեջ, որը նաև անտեղի հեգնանք էր՝ կարծում եմ»:

Բանախոսը վստահ չէ՝ լոբբի՞նգ արվեց, թե՞ ոչ, բայց, ըստ նրա՝ ակնհայտ է այն, որ երկրորդ փուլում բացահայտ անցկացվեց Արամ Մանուկյանի արձանի՝ Դավիթ Մինասյանի տարբերակը, որը բոլորվին այլ կերպ էր ներկայացված.

«Մրցույթի առաջին փուլն անցավ երեք աշխատանք, որոնց մեջ չկար այս տարբերակը: Երկրորդ փուլում հայտնի դարձավ, որ նոր մասնակիցներ են ընդգրկելու, ես ասացի, որ երկրորդ փուլում չի կարելի նոր մարդիկ հրավիրել, անհրաժեշտ է գոնե նոր մրցույթ հայտարարել:

Ընդ որում՝ հանձնաժողովի անդամներից գրեթե բոլորն ընդունեցին, որ սխալ բաներ կան, սակայն հեղինակը խոստացավ, որ կփոխի դրանք: Չգիտես՝ ինչու, բոլորը հանկարծ միաբերան հայտարարեցին, որ Դավիթ Մինասյանի աշխատանքն առանձնանում է իր նորարարությամբ, բայց իրականում սա ինձ հիշեցրեց Անդերսենի «Մերկ արքայի» պատմությունը, երբ բոլորը տեսնում են, որ արքան մերկ է, բայց որևէ մեկը համարձակություն չի ունենում այդ մասին բարձրաձայնելու»:

Անդրադառնալով Դավիթ Մինասյանի ներկայացրած փաթեթի մանրամասներին՝ Անուշ Տեր-Մանասյանը նշում է. «Դավիթ Մինասյանի ներկայացրած փաթեթն ի սկզբանե չէր համապատասխանում պահանջվող չափանիշերին, այն չուներ դիմաքանդակ, բացակայում էին պահանջվող շատ այլ չափանիշեր: Սկզբնական տարբերակում էլ Արամ Մանուկյանի արձանի տարբերակը ոչ թե փաթաթված դրոշով էր, այլ նա «շալակած» տանում էր դրոշը, որը նաև կատակների տեղիք տվեց, թե Արամ Մանուկյանը կարծես պարաշյուտիստ լինի»:

Անդրադառնալով իր կողմից հավանության արժանացած նախագծին, լինելով հանձնաժողովի անդամ՝ բանախոսը նույնիսկ բացահայտեց սեփական ընտրության արդյունքները, որ միանշանակ քանդակագործ Սամվել Ղազարյանի և ճարտարապետ Կոնստանտին Սեյլանովի ներկայացրած աշխատանքի օգտին է եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս